Լրահոս
Օրվա լրահոսը

Կգնահատվի ներկրվող սարքավորումների և դեղերի որակն ու պիտանիությունը

Մայիս 30,2014 13:08

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունեց Միացյալ հայկական հիմնադրամի նախագահ Հարութ Սասունյանին: Հանդիպման ընթացքում քննարկվեց առողջապահության ոլորտին վերաբերող, մասնավորապես Հայաստանին տրամադրվող բժշկական օգնության որակի ապահովման հարցը:

Նախարարը բարձր գնահատեց և շնորհակալություն հայտնեց բարերարին երկարամյա հայրենանպաստ գործունեության համար:

Անդրադառնալով Հայաստանի բնակչությանն անվճար դեղերով և բժշկական պարագաներով ապահովելու գործում Հարութ Սասունյանի մեծ ներդրմանը` Արմեն Մուրադյանը նշեց, որ ներկրվող սարքավորումների հարցում առաջին հերթին պետք է կարևորվի որակը և պիտանիության ժամկետը:

«Յուրաքանչյուր բժշկական կենտրոնի ղեկավար այս կամ այն բժշկական սարքավորման անհրաժեշտության մասին խոսելիս պետք է հիմնավորի, թե ի՞նչու է ցանկանում ձեռք բերել այն, զարգացման ի՞նչ հստակ ծրագրեր է ապահովում այդ սարքավորումը»,- ընդգծեց Մուրադյանը:

Նրա գնահատմամբ` սարքավորումներով բժշկական հաստատությունների համալրումը պետք է ինքնանպատակ չլինի, քանի որ այդ դեպքում արդյունավետ չեն օգտագործվում ծախսված ժամանակը, ֆինանսական միջոցները, ինչպես նաև մարդկանց վստահությունը:

Առողջապահության նախարարը կարևորեց նաև բնակչությանը տրամադրվող դեղերի սպառման մեխանիզմների և ժամկետների քննությունը, հաշվի առնելով, որ ոչ միայն Երևանի, այլև մարզային շատ բուժհաստատություններ ապահովված են նորագույն սարքավորումներով:

Հարութ Սասունյանը նշեց, որ շուրջ 25 տարի աշխատում է տարբեր պետական կառույցների հետ, սակայն ամենասերտ համագործակցությունն առողջապահության նախարարության հետ է:

«Կարևոր է, որ հայկական կողմն էլ որոշի, թե որ գործիքներն են պիտանի, որոնք ոչ, որպեսզի վատնված ճիգերը և միջոցները ծառայեն իրենց նպատակին: Ավելի լավ է 1000 սարքավորումից կամ դեղերից ընտրվեն 500-ը, 1-ը կամ առհասարակ չընտրվեն, քան ընտրվի որևէ բան, որը պիտանի չէ»,- ասաց Հարութ Սասունյանը:

Արմեն Մուրադյանն առաջարկեց Միացյալ հայկական հիմնադրամի նախագահին ստեղծել միասնական հանձնաժողով, որը կկարողանա իրականացնել ներկրվող սարքավորումների և դեղերի գնահատում ոչ միայն ֆինանսական, այլև պիտանիության ժամկետի, վերաբաշխման տեսանկյունից:
Առողջապահության նախարարի գործնական առաջարկը ողջունեց Հարութ Սասունյանը: Հանձնաժողովի կազմում կներգրավվեն նաև նրա կողմից առաջարկված ներկայացուցիչներ:

Նշենք, որ նախօրեին, ուշ երեկոյան Արմեն Մուրադյանը Հարութ Սասունյանի հետ այցելել էր հումանիտար բազա` ծանոթանալու արդեն մաքսազերծված սարքավորումներին:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին նաև երկկողմ համագործակցության հնարավորությունները իմունականխարգելման ծրագրերի իրականացման ուղղությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031