Այսօր Ազգային ժողովում, պատասխանելով լրագրողների հարցին Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զինելու վերաբերյալ, ԿԳ նախարար, Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը խոստովանեց, որ իհարկե, սպառազինությունների մրցավազքը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ մտահոգիչ է, նաեւ՝ Ռուսաստանի կողմից զինվելու առումով, սակայն նշեց, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, եւ նաեւ Հայաստանին է զինում, ու այս կապակցությամբ հիշեց Բրազիլիայի հավաքականի կարգախոսը՝ «Դուք խփեք այնքան գոլեր, որքան ուզում եք, իսկ մենք կխփենք այնքան գոլեր, որքան պետք է»: Անդրադարձնելով այս կարգախոսը սպառազինությունների վրա, Աշոտյանը ձեւակերպեց, որ Ռուսաստանը Ադրբեջանին վաճառում է այնքան զենք, որքան Ադրբեջանն ուզում է, իսկ Հայաստանին՝ ՀԱՊԿ շրջանակներում տալիս է այնքան զենք, որքան մեզ պետք է:
Զուգահեռներ անցկացնելով՝ նա բերեց նաեւ հարեւանների հետ համակեցության օրինակը: Այս կապակցությամբ՝ լրագրողներից մեկը հետաքրքրվեց՝ եթե հարեւանդ քեզնից անընդհատ ինչ-որ բան է վերցնում, փոխարենը ոչինչ չտալով, ի՞նչ անել, ԿԳ նախարարը նկատեց, որ ի վերջո նման հարեւանի հետ շփումը պետք է սահմանափակել, բայց եթե քո տան էլեկտրական հոսանքի վահանակը, ջրի խողովակները եւ այլն, անցնում են այդ հարեւանիդ տան միջով, դա արդեն համապատասխան վերաբերմունքի է դրդում:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ