Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ահարոն Ադիբեկյանը 33 տարի օրը 3 տուփ ծխել է

Մայիս 30,2014 12:49

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը 33 տարի ծխել է՝ օրը երեք տուփ, սակայն արդեն քանի տարի է չի ծխում: Նա, իր փորձով գտնում է, որ ծխելուց պետք է ոչ թե կտրուկ, այլ` աստիճանաբար հրաժարվել:

«Հարեւանս միանգամից թողեց ծխախոտը երեք ամիս հետո նրա ատամները թափվեցին»,-ասաց պարոն Ադիբեկյանը:

Այսօր «Տեսակետ» ակումբում հրավիրված ասուլիսում սոցիոլոգի կարծիքը չկիսեց թոքաբան Անդրանիկ Ոսկանյանը. նրա համոզմամբ, ծխախոտից պետք է միանգամից հրաժարվել եւ այն պատճառաբանությունը, թե ծխախոտը կախվածություն է առաջացնում, ըստ թոքաբանի, «սուտ» է:

Ծխելու դեմ պայքարի միջազգային օրվան ընդառաջ, որն աշխարհը նշում է մայիսի 31-ին, Պարոն Ադիբեկյանն ու Անդրանիկ Ոսկանյանը կոչ արեցին դադարեցնել ծխելը, քանի որ հիվանդությունների հիմնական պատճառը հենց ծխախոտից է առաջանում:

Թոքաբանի տվյալներով, ամեն 10 վայրկյանը մեկ, ծխելու հետեւանքով, աշխարհում մարդ է մահանում: Եթե այս տեմպերով արտադրողները շարունակեն ծխախոտ արտադրել եւ գովազդել, ապա հաշվարկները ցույց են տվել, որ մի քանի անց, ծխախոտից մահացությունը կհասնի ամեն երեք վայրկյանը մեկ:

Բժիշկ Ոսկանյանի ներկայացմամբ, թոքերի ուռուցքից մահացողների 90 տոկոսը ծխող է: Բրոնխիալ ասթմայից մահացողների էլ` 85 տոկոսը:

Ընդհանրապես, ամեն տարի աշխարհում 6 միլիոն մարդ ծխախոտից մահանում է: 600 հազար մարդ էլ մահանում է, քանի որ պասիվ ծխող է, այսինքն` այդ մարդիկ ծխող չեն, բայց ապրում կամ աշխատում են այնպիսի միջավայրում, որտեղ ծխողներ կան:

Անդրանիկ Ոսկանյանն առաջարկում է մեկ օր հայտարարել առանց ծխախոտի օր` այդպիսով հրավիրելով իշխանությունների ուշադրությունը ծխախոտի դեմ համակարգված պայքար մղելու գործին: Թոքաբանը գտնում է, որ ծխելու դեմ իրականացվող ծրագրերն անարդյունավետ են եւ պետությունը պետք է ավելի լուրջ պայքար մղի ծխախոտի դեմ:

Ըստ նրա, ծխելուն նպաստում են ամենուրեք փակցված գովազդները, խանութների, կրպակների ցուցափեղկերին դրված ծխախոտները:

«Բոլոր խանութները ծխախոտով լցված են եւ դա գնալով զարգանում է, քիչ մնում տուն-տուն բերեն բաժանեն»,-նկատում է բժիշկ Ոսկանյանը:

Ահարոն Ադիբեկյանը մայրանալ պատրաստվող ծխող կանանց խորհուրդ է տալիս հղիանալուց երկու տարի առաջ դադարեցնել ծխելը, քանի որ ծխախոտը ոչ միայն վնասում է մոր եւ մանկան առողջությանն, այլեւ երեխայի մոտ էլ նիկոտինային կախվածություն է առաջացնելու:

Անդրանիկ Ոսկանյանը ծնողներին կոչ է անում ոչ մի դեպքում, երեխաների ներկայությամբ չծխել:

Ըստ պարոն Ադիբեկյանի, ծխախոտի որակից կախված են հիվանդությունները եւ մեր երկրում, հենց որակի հաշվին էլ ծխախոտի գինը ցածր է. «Նայած թե ինչից է պատրասվում ծխախոտը, էժան ծխախոտի բաղադրությանն այլ խոտեր են ավելացվում, որոնք գինն իջեցնում են: Մեր պետությունը չի վերահսկում հայտարարված բաղադրությունը: Քիչ է, որ ծխում են, ծխում են վատ սիգարետ: Այն գումարը, որը ծախսում եք ծխախոտի վրա, ավելի լավ է նվեր անեք կնոջը, երեխային, ծայրահեղ դեպքում զոքանչին»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031