Հատված ՕԵԿ խմբակցության քարտուղար ՄՀԵՐ ՇԱՀԳԵԼԴՅԱՆԻ հետ հարցազրույցից:
-Սերժ Սարգսյանը ՀՀԿ 15-րդ համագումարում եւս մեկ անգամ ընդգծեց Հանրապետականի դոմինանտ դերը քաղաքական դաշտում, խոսեց քաղաքական համակարգի արդիականացման, կուսակցությունների խոշորացման մասին՝ կարծիք հայտնելով, թե առաջիկա տարիներին հաջողությունը կժպտա միայն մարզային ընդգրկուն կառույցներ ունեցող մեծ քաղաքական միավորներին։ Ինչպե՞ս է վերաբերվում ՕԵԿ-ն այդ տեսակետին։
-Մենք ունենք մեր մոտեցումը այդ հարցում, եւ այդ մոտեցումը շատ հստակ է. Հայաստանը չի կարող դառնալ միակուսակցական երկիր՝ այդ փուլը մենք անցել ենք սովետական տարիներին։ Մենք համարում ենք, որ բազմակուսակցական համակարգն այլընտրանք չունի՝ դա այն հիմքն է, որը կարող է եւ պետք է տանի Հայաստանը ժողովրդավարական զարգացման ճանապարհով։
Ինչ վերաբերում է երկբեւեռ քաղաքական համակարգի ձեւավորմանը, որին անդրադարձավ նախագահն իր ելույթում, կարծում եմ, Հայաստանում քաղաքական դաշտը շատ ավելի լայն է, եւ ընդհանրապես դասական առումով էլ քաղաքական դաշտը ավելի բազմազան է։
Կարդացեք նաև
Միակ բացառությունը թերեւս Միացյալ Նահանգներն է։ Նույնիսկ Մեծ Բրիտանիայում, որը բավական մոտ է երկկուսակցական համակարգին, լեյբորիստների, լիբերալների եւ պահպանողականների ալյանսները տարբեր ժամանակահատվածներում իրար փոխարինել են՝ դեռ Չերչիլի ժամանակներից։ Այս առումով մենք ավելի մոտ ենք մայրցամաքային Եվրոպայի երկրներին։
Միեւնույն ժամանակ մենք նորմալ ենք վերաբերվում կուսակցությունների միաձուլման, խոշորացման գործընթացին, եթե, իհարկե, դա տեղի է ունենում ինքնաբերաբար՝ իր բնականոն ընթացքով։ Քաղաքագիտական առումով սա բնական եւ տրամաբանական հասարակական զարգացում է։
-Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ՕԵԿ-ի դիրքորոշումը մնում է նո՞ւյնը՝ կարծում եք, որ դրա անհրաժեշտությունը դեռ չի՞ հասունացել։
-Այո, այս փուլում մենք դրա անհրաժեշտությունը չենք տեսնում։
-Չեք էլ մասնակցելո՞ւ Հիմնական օրենքի բարեփոխման շուրջ հանրային քննարկումներին։
-Հանրային քննարկումների մասին դեռ խոսք չկա, բայց եթե լինեն առաջարկություններ, իհարկե կմասնակցենք եւ կներկայացնենք մեր դիրքորոշումը։ Քննարկել կարելի է այն, ինչ գրված է թղթի վրա. երբ փաստաթուղթը ամբողջական տեսքի կբերվի եւ կդրվի շրջանառության մեջ, այն ժամանակ կխոսենք։
Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում