Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանի Հասարակական պալատն արձագանքել է ՀՀ Հանրային խորհրդի կոչին

Մայիս 30,2014 12:28

Ս.թ. ապրիլի 3-ին Հայաստանի Հանրային խորհուրդը Սիրիայի հայաբնակ Քեսաբ քաղաքում և հարակից գյուղերում տեղի ունեցած դեպքերի առթիվ դիմել էր ՀԽ միջազգային կառույցի (որի անդամ է նաև ՀՀ Հանրային խորհուրդը)՝ Տնտեսական և սոցիալական խորհուրդների և համանման ինստիտուտների միջազգային ասոցիացիայի կազմում ընդգրկված 67 երկրի 70 հանրային խորհուրդներին` կոչ անելով իր գործընկերներին օգտագործել իրենց ազդեցությունը հասարակությունում և իշխանական շրջանակներում՝ դադարեցնելու Սիրիայում հումանիտար աղետը, ներկայացնելու Քեսաբում տեղի ունեցած իրադարձություններն ու դատապարտելու դրանք՝ որպես հայ ժողովրդի խաղաղ գոյության դեմ Թուրքիայի կողմից կատարված հերթական ոտնձգություն:

Օրերս ՀՀ Հանրային խորհրդի կոչի հերթական արձագանքն է հնչել՝ այս անգամ Ռուսաստանի Դաշնության Հասարակական պալատի քարտուղար Եվգենի Վելիխովի կողմից:

Վերջինս հայտնել է, որ Ռուսաստանի Դաշնության Հասարակական պալատը կիսում է հայկական կողմի մտահոգությունը՝ կապված Սիրիայում հակակառավարական ուժերի կողմից խաղաղ բնակչության, կրոնական և ազգային փոքրամասնությունների դեմ ուղղված գործողությունների հետ:

Վելիխովը տեղեկացրել է, որ Ռուսաստանի Հասարակական պալատը պատրաստվում է հանրային քննարկումների շրջանակներում բարձրացնել Սիրիայում հումանիտար աղետի, ապստամբների գործողությունների և արտաքին ուժերի կողմից նրանց օժանդակելու հարցը՝ խնդրելով հայ գործընկերներին աջակցել այդ քննարկման անցկացմանը:

Ի դեպ, ՌԴ Հասարակական պալատը 2013 թվականից ղեկավարում է նաև Տնտեսական և սոցիալական խորհուրդների և համանման ինստիտուտների միջազգային ասոցիացիան, և Վելիխովը հանդիսանում է այդ ասոցիացիայի նախագահը:

Հիշեցնենք, որ ՀՀ Հանրային խորհրդի կոչին այս կամ այն ձևով արձագանքել էին տարբեր երկրների Հանրային խորհուրդները: Ուշագրավ հայտարարությամբ էր հանդես եկել հատկապես Բրազիլիայի Սոցիալական և տնտեսական զարգացման խորհուրդը, որտեղ մասնավորապես նշված էր. “Բրազիլիայի Սոցիալական և տնտեսական զարգացման խորհուրդը ճանաչում է այն ողբերգական իրադարձությունները, որոնք վտանգի մեջ են դնում Սիրիայում Քեսաբի հայ համայնքը՝ արտահայտելով խորին համերաշխություն ու համակրանք հայերի նկատմամբ: Բրազիլիայի հասարակությունն ապշած է տեղի ունեցած վայրագություններից, որոնցից տուժում է տեղի խաղաղ բնակչությունը, և խստորեն դատապարտում է ահաբեկչական գործունեությունն ու այլ հանցագործությունները՝ ուղղված խաղաղ բնակչության դեմ:

Սիրիայի բոլոր քաղաքացիները՝ այդ թվում նաև կրոնական փոքրամասնությունները, պետք է պաշտպանված լինեն, և միջազգային հանրությունը պետք է իր կարեկցանքն արտահայտի ու աջակցի՝ վերացնելու Սիրիայում մարդու իրավուքների դեմ ուղղված ցանկացած ոտնձգություն”:
ՀՀ Հանրային խորհրդի մամուլի պատասխանատու
Անի Գասպարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031