Այսօր Ազգային ժողովում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ, երբ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը ներկայացրեց իր ղեկավարած ոլորտում 2013թ. կատարված ծրագրերը, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը հետաքրքրվեց, թե ինչ մեխանիզմ կարելի է ներդնել, որպեսզի Հայաստանից այլ երկրներ կրթության մեկնած ուսանողները անպայման վերադառնան Հայրենիք, քանի որ, իրենց մոնիտորինգի համաձայն, Հայաստանից գործուղված ուսանողների 60%-ը չի վերադառնում: Ըստ Ռ. Հակոբյանի՝ պետք է մեխանիզմ գտնել, որ նրանք, ովքեր չեն ծառայել, չկարողանան մեկնել դրսում սովորելու:
ԿԳ նախարարը նկատեց, որ դա մարդու իրավունքների հետ կապված խնդիր կառաջացնի, սակայն կարելի է որեւէ խելացի եւ նուրբ մոտեցում գտնել, որ մարդու իրավունքները չխախտելով, բանակից խուսափելը դժվարանա:
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն էլ խոսեց աշակերտների թվի նվազումից, որն, ըստ նրա, թիվ մեկ խնդիրն է. «15 տարի առաջ 600 հազար աշակերտ էր, հիմա 370 հազար», իսկ հարցը վերաբերում էր նրան, որ աշակերտների թվաքանակը երբեմն էլ ուռճացվում է, քանի որ դպրոցները ֆինանսավորվում են աշակերտների թվով, եւ դպրոցների տնօրենները՝ դպրոցը պահելու «ազնիվ մղումով» կեղծ տվյալներ են ներկայացնում:
Արմեն Աշոտյանը պատասխանեց, որ ժողովրդագրական խնդիրը, բնականաբար, չէր կարող շրջանցել կրթական համակարգը, ինչ վերաբերում է ուռճացված թվերին, ըստ նախարարի, ներդրվել է տեղեկատվական համակարգ, որը մինիմումի է հասցնում այդ զեղծարարությունները, բացի դա մի քանի տնօրեններ այդ խախտումների համար քրեական պատասխանատվության են ենթարկվել, ինչը, բնականաբար, զսպող ազդեցություն է ունեցել:
Կարդացեք նաև
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ