Այսօր Ազգային ժողովում ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ներկայացրեց 2013թ. պետական բյուջեի կատարողականը՝ իր ղեկավարած ոլորտի մասով:
Նա ներկայացնում էր ոչ թե ֆինանսական տվյալներ, այլ ծրագրեր, թե ինչեր են արվել նախորդ տարում: Այդ թվում՝ ավարտվել է շախմատի ներդրումը հանրակրթական դպրոցներում՝ որպես պարտադիր ծրագիր, ինչը, ըստ ԿԳ նախարարի՝ ունիկալ երեւույթ է, ներդրվել է դպրոցների վարկանիշավորման պիլոտային ծրագիրը, բացվել է 73 նոր նախակրթարան, ինչի շնորհիվ եւս 1800 երեխա նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորություն է ստացել եւ այլն:
Ամենատպավորիչ թիվը, թերեւս, սա էր՝ նախորդ տարի Հայաստանի դպրոցականները միջազգային օլիմպիադաներից բերել են 15 մեդալ, ինչն ավելի շատ է, քան մեր հարեւանների՝ Վրաստանի եւ Ադրբեջանի բերած մեդալները միասին:
ԱԺ պատգամավորների հարցերը՝ ուղղված ԿԳ նախարարին, ավելի շատ վերաբերում էին դասագրքերին: Նախարարն ընդունեց, որ կան դասագրքեր, որ այնքան խրթին են, որ կարծես կոնսպեկտներ լինեն, չափից դուրս հագեցած են: Ըստ Աշոտյանի՝ դա ոչ միայն դասագրքեր գրողների մեղքն է, այլեւ իրենց, քանի որ «հավակնոտ ազգ» լինելով, բարձր նշաձող են դրել, եւ չափից դուրս հագեցած ծրագիր են դրել դասագիրք գրողների առջեւ, «նյութի ծավալն ավելին է, քան աշակերտների ընկալունակությունը»:
Իր հերթին Աշոտյանը դժգոհեց դպրոցների տնօրեններից եւ մանկավարժներից, որոնց նախապես ուղարկվում են դասագրքերը՝ կարծիք հայտնելու համար՝ մինչեւ տպագրությունը. «Որովհետեւ հետո, երբ արդեն 37 հազար տպաքանակով դասագիրքը տպագրվում է, ուզենք թե չուզենք, հինգ տարի պետք է մնան»: Այնինչ, այն մանկավարժներն ու մասնագետները, ում նախապես ուղարկվում են դասագրքերը, կամ չեն պատասխանում կամ միայն ֆորմալ պատասխաններ են ուղարկում, նկատառումներ, դիտողություններ չեն լինում, որոնց հիման վրա դասագիրքը կարելի է շտկել:
Պատգամավոր Ռուզան Մուրադյանը նկատեց, որ դասագրքերը մինչեւ դպրոց չմտնեն, աշակերտների եւ ուսուցիչների ձեռքով չանցնեն՝ դժվար է ճիշտ նկարագիր տալ դրանց: Ի պատասխան՝ ԿԳ նախարարը նկատեց, թե մենք չունենք այն հնարավորությունը, որ ինչպես ՍՍՀՄ ժամանակ էր, դասագրքերը գրվեն գիտահետազոտական ինստիտուտներում, մի քանի տարի փորձարարական դպրոցներում փորձարկվեն, նոր մեծամասշտաբ տպագրության գնան: Այդուհանդերձ, նա ասաց, որ այսօր ՀՀ դպրոցներում շրջանառվող 230 անուն դասագրքերից միայն 30-ն են վիճահարույց եղել:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ