Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԵՆԻՆ, ՊԱՐՏԻԱ, ԳՈՐԲԱՉՈՎ

Մայիս 30,2014 10:53

Արմեն ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆՅՈԹԵՐՈՐԴ

Գլուխ առաջին

ԼԵՆԻՆ, ՊԱՐՏԻԱ, ԳՈՐԲԱՉՈՎ

Այսօր 2012 թվականի ապրիլի 1-ն է, եւ խաբելու օրվան միանգամայն ներդաշնակ են ԱԺ պատգամավոր դառնալ տենչացողների նախընտրական երդումներն ու խոստումները, եւ չնայած իշխանությունները մի գլուխ ազատ ու արդար ընտրություններ են խոստանում, եւ չնայած ընդդիմությունը վճռականորեն խոստանում է, որ էս անգամ ոչ մի դեպքում ընտրախախտումներ չեն հանդուրժելու, մենք՝ անկախ դիտորդներս ու ազատ ունկնդիրներս երկու կողմերի ասածներին էլ առանձնապես չենք հավատում, մանավանդ որ՝ արդեն իսկ տեսնում ենք, որ երկու կողմերն էլ բավական լուրջ, բավական տեսանելի ու լսելի ընտրախախտում են կատարում, այն է՝ պաշտոնական ընտրարշավի մեկնարկին դեռ մի ամբողջ շաբաթ կա, բայց արդեն մի ամբողջ շաբաթ է՝ երկու կողմերն էլ ամբողջ թափով ու բոլոր հեռուստաալիքներով իրենց քարոզարշավն սկսել են, եւ սա մեզ՝ ընտրողներիս ու չընտրողներիս իրավունք է տալիս երկու կողմերի ասածներին էլ չհավատալ, եւ առաջին հերթին չհավատալ իշխանական կուսակցության «Հավատանք, որ փոխենք» կարգախոսին, մանավանդ որ՝ էդ կարգախոսը չի պատասխանում երկու կարեւորագույն հարցերին՝ ո՞ւմ պիտի հավատանք եւ ի՞նչը պիտի փոխենք, եւ եթե նույնիսկ որոշ միամիտ ընտրողների ուղեղներն էս պահին լեցուն են ենթադրությամբ, թե՝ իշխանություններին պիտի հավատանք, չեմ կարծում թե՝ իշխանություններն ու իշխանության անունից ընտրվողներն էլ են միամտաբար կարծում թե՝ իրենց պիտի հավատանք, եւ ինքս էլ՝ որպես արդեն բազմափորձ ու ստաժավոր ընտրող, ամենեւին էն կարծիքին չեմ, որ իշխանական էդ կարգախոսից ենթադրվում է թե՝ իշխանություններին պիտի հավատանք, այլ, ընդհակառակը, ես էն կարծիքին եմ, որ իշխանությունների նախընտրական էդ կարգախոսի կոնտեքստում ու ենթատեքստում ոչ թե հավատալու հանգամանքն է շեշտվում, այլ՝ փոխելու հանգամանքը, եւ եթե էս նրբությունն ընկալենք ու հասկանանք, փոխելու հանգամանքին արդեն կասկածով ու քամահրանքով չենք վերաբերվի, եւ եթե փոխել ասելով՝ մեր կյանքն ու մեր կենցաղը փոխելը նկատի ունենք, առավել եւս չպիտի էդ կարգախոսը կասկածի տակ առնենք, եւ էս ասածս մեր վերջին տարիների փորձն է հուշում, ինչպես նաեւ՝ վերջին մի քանի ընտրությունների մեր փորձը, որովհետեւ վերջին մի քանի ընտրությունների փորձը ցույց է տվել, որ ընտրություններից անմիջապես հետո մեր կյանքն ու մեր կենցաղը էապես փոխվում են, ընդ որում՝ միանշանակ դեպի վատն են փոխվում. այնպես որ, եթե էս ընտրություններից հետո որեւէ բան չփոխվի, ես շատ գոհ կլինեմ, որովհետեւ ես էս գլխից գիտեմ, որ եթե ընտրություններից հետո որեւէ բան փոխվի, հաստատ դեպի վատն է փոխվելու, եւ եթե որեւէ բան չփոխվի, էդ արդեն շատ լավ կլինի, ու էս կարծիքս ավելի քան հաստատուն է, որովհետեւ իմ ու ձեր էս վերջին տարիների կյանքի փորձով է հաստատված, եւ իմ ու ձեր էս վերջին տարիների կյանքի փորձը հստակորեն հուշում է, որ Գորբաչովի պերեստրոյկայից սկսած՝ որեւէ կտրուկ փոփոխություն իմ ու իմնմանների կյանքի ու կենցաղի վրա դրականորեն չի ազդել, ավելի ճիշտ՝ բացասաբար է ազդել, եւ եթե դուք հակաճառելով ասեք, որ Գորբաչովից ու Սովետի փլուզումից հետո շատերը շահեցին, ես համաձայնվելով կասեմ, որ իմ ասածը ոչ թե առանձին մարդկանց կյանքին ու բարեկեցությանն է վերաբերում, այլ՝ մեր համընդհանուր կյանքին ու մեր համընդհանուր բարեկեցությանը, իսկ ինչ վերաբերում է անձամբ իմ կյանքին ու բարեկեցությանը, ապա իմ կողմից պարզապես անշնորհքություն կլինի չխոստովանել, որ իմ կյանքի ամենահիշարժան ու ամենաբարեկեցիկ տարիները թարսի պես հենց բրեժնեւյան ամենախորը լճացման տարիներն էին՝ ոչ միայն էն պատճառով, որ էդ տարիներին անհամեմատ առողջ ու անհամեմատ ջահել եմ եղել, այլեւ էն պարզ ու հասկանալի պատճառով, որ էդ տարիներին անհամեմատ առողջ ու անհամեմատ ջահել լինելով՝ բացառապես սրտիս ու հոգուս հարազատ գործով եմ զբաղվել, եւ էդ գործը, եթե դա կարելի է գործ համարել, բանաստեղծություն գրելն էր, եւ բանաստեղծություն գրելը գործ եմ անվանում միայն ու միայն էն պատճառով, որ բանաստեղծություն գրելու դիմաց էդ խորը լճացման տարիներին շատ լավ էին վճարում, որովհետեւ Սովետի օրոք գրականությունը չափազանց կարեւոր գաղափարական ֆրոնտ էր հանդիսանում, եւ գաղափարական էդ չափազանց կարեւոր ֆրոնտում պոեզիայի ժանրն էլ էր մյուս ժանրերին հավասար կարեւորվում. դեռ մի բան էլ ավելի, որովհետեւ սովետական կարգերի ու հատկապես սովետական առաջնորդների գովերգությունն ամենից ավելի բանաստեղծությամբ էր հնարավոր ու ցանկալի, եւ ժամանակին հատկապես Ստալինն էր գրականության ու հատկապես պոեզիայի կարեւորությունը լավագույնս զգացել ու հասկացել, եւ չնայած լճացման տարիներին ոչ միայն Ստալինին, այլեւ Լենինին, Բրեժնեւին եւ նույնիսկ Կոմկուսին ոտանավորներ ձոնելը պարտադիր չէր, որոշ բանաստեղծներ հիմնականում էդ գործով էին զբաղված, եւ չնայած նրանց որեւէ մեկը չէր ստիպում էդ անել, էդ որոշ բացառիկները համառորեն շարունակում էին իրենց չափազանց կաղլիկ հանգերով գովերգել Լենինին եւ հիմնականում կոմունիստական կուսակցությանը, եւ էդ բացառիկները մյուսներիս մեջ խղճահարություն էին առաջացնում, որովհետեւ վաղուց սրանցից էդ տեսակ թեմաներով ներբողներ պահանջող չկար, բայց սրանք հին իներցիայով շարունակում էին, եւ չնայած սրանց խղճալով արհամարհում էին, տպագրվելու ու հրատարակելու իմաստով սրանց դեմ խաղ չկար, եւ որեւէ մեկը չէր համարձակվի դեմներն առնել՝ ներառյալ հրատարակչության խմբագիրներն ու գլավլիտը, որովհետեւ եթե սրանց էդ ներբողները մերժեիր, կնշանակեր՝ Լինինին ու կոմկուսին էիր մերժում, եւ չնայած հրատարակչության խմբագիրներն ու գլավլիտի պատասխանատուներն էլ էին էդ բացառիկներին խղճում ու արհամարհում, իրենք էդ բացառիկներից լավ էլ զգուշանում էին, որովհետեւ եթե դրանց գործերը մերժեին ու չտպագրեին, անմիջապես Մոսկվա բողոքներ կգրեին, բայց եթե էդ բացառիկներին չմերժեին, տպագրեին ու ավելորդ հույզեր չպատճառեին, էդ բացառիկներն էլ որեւէ մեկին որեւէ վնաս չէին պատճառի՝ ոչ ֆիզիկապես եւ ոչ էլ գաղափարապես:

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել