Եկեք լավատես լինենք ու մտածենք, որ Սերժ Ազատովիչն ու Վլադիմիր Վլադիմիրովիչն այս աշխարհի ամենաճշմարտախոս մարդիկ են։ Միայն թե հարց է առաջանում՝ մեր ճշմարտախոսներն այդ ի՞նչ տարբերակ են գտել Հայաստանի անդամակցության, որ Նուրսուլթան Աբիշեւիչը՝ Իլհամ Հեյդարովիչի հալալ հորեղբայրը, «ընդհանուր առմամբ» համաձայնել է։
Եթե չենք սխալվում, նա վկայակոչել է Հայաստանի՝ առանց Ղարաբաղի Առեւտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելու փաստը եւ առաջարկել, որ Հայաստանը նույն ոգով, այսինքն՝ առանց Ղարաբաղի անդամակցի նաեւ Եվրասիական տնտեսական միությանը՝ ԵԱՏՄ-ին։
Եթե այս պայմանին են ընդհանուր առմամբ համաձայնել, ապա դա նշանակում է, որ այդ ԵԱՏՄ կոչվածում «ասողը» Նուրսուլթան Նազարբաեւն է եւ ոչ թե Վլադիմիր Պուտինը կամ, առավել եւս՝ Սերժ Սարգսյանը։ Եվ ուրեմն ինչո՞ւ ենք այսպես քշած գնում մի կազմակերպություն, որտեղ հարց լուծողները մենք կամ մեր «քիփը» չի լինելու։
Համաձայնեք՝ առնվազն տարօրինակ է, որ համ ընդհանուր առմամբ համաձայնում ես, համ էլ արագացված ժամկետ ես նշում քեզ համար ոչ ձեռնտու գործարքի համար։ Արդեն ընդհանուր առմամբ համաձայնե՞լ են, որ Հայաստանի ու Ղարաբաղի միջեւ մաքսակետեր չեն լինելու, եւ Ղարաբաղն ավտոմատ դառնալու է նույն տնտեսական տարածքի մաս։ Մասնագետները վստահեցնում են, որ հակառակ պարագայում Ղարաբաղը չի դիմանա, տնտեսապես նրա գոյությունը կնվազի մինչեւ անթույլատրելի մինիմումի:
Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում