Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանը «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ իրենց թանգարանն այս տարի եւս անակնկալներ է պատրաստել հունիսի 1-ի՝ Երեխաների պաշտպանության օրվա առիթով: «Արդեն քանի տարի է՝ մեր թանգարանի գիտանձնակազմը գեղեցիկ ցուցահանդեսներ ու այլ միջոցառումներ է կազմակերպում: Այս տարին էլ բացառություն չէ: Նախատեսված է շատ գեղեցիկ ցուցահանդես, որը կրում է «Տիկնիկների աշխարհում» խորագիրը: Տիկնիկագործ Անահիտ Պողոսյանի եւ Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի ներկայացումների տիկնիկները «կողջունեն» երեխաներին: Փոքրիկները կարող են տեսնել բոլոր այն հերոսներին, որոնց ծանոթ են մուլտֆիլմերրից ու հեքիաթներից: Նաեւ հրաշալի համերգ ենք կազմակերպել՝ Մայր աթոռի եւ Նոր Նորք համայնքի հայորդաց տան երեխաների երգչախմբի հետ համատեղ: Երեխաները համերգ կունկնդրեն, նրանց այս տարի էլ պաղպաղակ ու բլիթներ կբաժանվի: Հրավիրված է դաշնակահար Լեւոն Հարությունյանը, որը կնվագի մուլտֆիլմերից երեխաներին հայտնի երաժշտություն: Մենք հաճույքով թանգարանը մի ողջ օր երեխաներին կտրամադրենք»,- հայտնեց թանգարանի տնօրենը:
Գ. Հ.
«Առավոտ» օրաթերթ
29.05.2014