Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ինչ-որ բան փոխելու համար պետք է քայլ անել»

Մայիս 30,2014 13:45

UWC Հոնկոնգի մասնաճյուղում
սովորող Ժաննա Տեր-Զաքարյանի զուգահեռները

Դիլիջանում սեպտեմբերին կբացվի աշխարհում հայտնի քոլեջի (United World Colleges, Միացյալ աշխարհի քոլեջներ) մասնաճյուղը՝ UWC Dilijan College անվանմամբ: «Մայր» քոլեջը հիմնադրվել է 1962 թվականին, ունի 14 մասնաճյուղ՝ այդ թվում Կանադայում, Հնդկաստանում, Միացյալ Թագավորությունում, Գերմանիայում, Հոնկոնգում:

Քանի որ UWC քոլեջների ցանցը մեծ ուշադրություն է դարձնում բնապահպանական խնդիրներին, հնարավորության դեպքում օգտագործելու են վերականգնվող էներգիայի աղբյուրներ, այդ թվում, այսպես կոչված, «գորշ» ջուրն ու երկրաջերմային ջեռուցումը: Ուսուցումը կատարվելու է IBDP ծրագրով: Զրուցեցինք UWC Հոնկոնգի մասնաճյուղում սովորող Ժաննա Տեր-Զաքարյանի հետ, որը պատմեց քոլեջի կրթական ծրագրի, ապագա պլանների մասին: «Սովորում եմ 6 առարկա, որից 3-ը (անգլերեն, տեսողական արվեստներ եւ էկոնոմիկա) անցնում եմ ամենաբարձր մակարդակով:

IB ծրագիրը ավարտելուց հետո հնարավորություն կունենամ դիմել արտերկրյա համալսարաններ: Կարծում եմ՝ երբ սեպտեմբերին մեր քոլեջի դիլիջանյան մասնաճյուղը հյուրընկալի իր առաջին ուսանողներին, Հայաստանի կրթության մակարդակում մեծ փոփոխություն կնկատվի: Անչափ ուրախ եմ, որ Հայաստանն էլ դարձավ UWC շարժման անդամ: Առհասարակ գոհ եմ մեր քոլեջի կրթությունից: Հոնկոնգի քոլեջում հիմնականում ասիացիներ են սովորում, ու ասիացիների՝ աշխատասեր լինելու մասին լեգենդները միանշանակ արդարացված են: Բոլորն այնքան են աշխատում իրենց վրա, որ նրանց կողքին ուղղակի անհարմար ես զգում չսովորել: Այս տարի սենյակս, որտեղ ապրում եմ, կիսել եմ երկու չինուհու եւ մեկ ճապոնուհու հետ: Մթնոլորտը տարբերվում է Հայաստանում արմատավորվածից, մարդիկ անում են ամեն բան՝ նոր գիտելիք ձեռք բերելու համար: Չեմ ուզում ասել, որ հայաստանյան կրթությունն ավելի վատն է, դրա փոխարեն կասեմ, որ UWC Dilijan College -ի օգնությամբ Հայաստանի կրթությունը հավանաբար մեծ զարգացում կապրի: Երկրորդ տարբերությունը, որ տեսնում եմ, այն է, որ արտասահմանյան կրթությունը հստակ կրթական գրաֆիկ ունի:

Ամբողջ տարվա ընթացքում դու գիտես՝ երբ ու ինչ պետք է անես, ինչ թեմաներ կլինեն քննաշրջանում եւ այլն: Ուսումնական տարին սկսելուց առաջ քոլեջն իր կանոնադրությունն ու օրենքներն է սահմանում: Հաճախ Հայաստանում զգում էի, որ չգիտեմ՝ ինչ պետք է սովորեմ ու որտեղ եմ լինելու մի քանի ամիս անց: Համեմատած Հոնկոնգի ուսման հետ, Հայաստանում ամեն ինչ ցրված է ու ոչ հստակ: Բացի կրթությունից, UWC-ն ինձ շատ բաներ սովորեցրեց. հիմա ուրիշ ձեւով եմ ընկալում աշխարհը: UWC-ն միայն լավ կրթությունը չէ, որը հետո կօգնի ընդունվել լավ համալսարան: Այստեղ սկսեցի diving-ով (սուզվել) զբաղվել ու այժմ աշխատում եմ WWF կազմակերպության հետ, ում համար կորալների ու Հոնկոնգի ձկների մասին տեղեկություններ եմ հավաքում: UWC-ն սովորեցրեց ինձ վերամշակել եւ ճիշտ օգտագործել ռեսուրսները: Այստեղ նաեւ սովորեցի հոգ տանել ուրիշների մասին. մեկ շաբաթով գնացել էի Չինաստանի աղքատ գյուղերից մեկում անգլերեն դասավանդելու: Քոլեջն օգնեց ինձ հասկանալ՝ ինչ եմ կյանքից ուզում, սովորեցրեց որոշել, թե ինչով եմ ուզում զբաղվել ապագայում:

Քոլեջն ինձ կրթում է որպես մարդ՝ փոխելով դեպի լավը»,- նշեց մեր զրուցակիցը: Ժաննան, ի տարբերություն արտասահմանում ուսում ստացող այլ ուսանողների, իր ապագան Հայաստանում տեսնում է: Իր խոսքով՝ Հոնկոնգն այդպես էլ հարազատ չդարձավ, բայց սովորեցրեց գնահատել այն ամենն, ինչ ունի ու թողել է հայրենիքում: Շատ է կարոտում ընտանիքն ու ընկերներին: «Շատ են ասում, որ Հայաստանում աշխատանք չկա, ապագա չկա… Չեմ հավատում դրան, որովհետեւ կարծում եմ, որ եթե մարդիկ ուզում են ինչ-որ բան փոխել, պետք է, ի վերջո, քայլ անեն: Փոփոխությունները մեկ մարդուց են սկսվում ու մեկ քայլից: Իմիջիայլոց, Հոնկոնգում սովորելն ինձ ավելի հայրենասեր է դարձրել. չեմ ցանկանա աշխատել ուրիշ երկրի բարօրության համար՝ եթե կարող եմ իմ երկրին գոնե մի փոքր օգուտ տալ: Կյանքին, թերեւս, վարդագույն ակնոցով եմ նայում, միգուցե ամեն ինչ այդքան հեշտ չէ, բայց ես հույսս չեմ կորցնում»,- ասում է ուսանողուհին:

ՍՅՈՒՆԵ ՍԵՎԱԴԱ

Լուսանկարում. Ժաննան՝ չինական գյուղում:

«Առավոտ» օրաթերթ
29.05.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031