«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա» Վանաձորի գրասենյակ իրավապաշտպան կազմակերպությունն օրեր առաջ ներկայացրել է «Մարդու իրավունքների վիճակը 2013թ. ՀՀ զինված ուժերում» զեկույցը:
Զեկույցում կան տեղեկություններ, որոնց մասին որեւէ անդրադարձ մինչ օրս չի եղել: Խոսքը մահվան, խոշտանգումների, քրեական հետապնդման ենթարկվելու դեպքերի մասին է:
2013 թվականի ընթացքում զինծառայությանն առնչվող հարցերով իրավապաշտպան կազմակերպությանն է դիմել 55 անձ, որից՝ 33 զորակոչիկ, 9 ժամկետային շարքային կազմի զինծառայող, 9 սպա, 3 զորացրված զինծառայող եւ 1 նախկին սպա:
Կազմակերպություն դիմած անձանցից 18-ին տրամադրվել է (13 զորակոչիկ, 2 ժամկետային շարքային կազմի զինծառայող եւ 1 զորացրված անձ) բանավոր խորհրդատվություն, մյուսների դեպքերով պատրաստվել են պաշտոնական տեղեկատվություն ստանալու հարցումներ, դիմումներ զորակոչի որոշման օրինականությունը վերանայելու, կրկնակի բուժզննության ենթարկելու, բուժումը կազմակերպելու նպատակով տարկետում տրամադրելու հետ կապված հարցերի վերաբերյալ:
Իրավապաշտպան կազմակերպության տեղեկացմամբ, բժիշկ-փորձագետի կողմից իրականացվել է զորակոչիկների եւ զինծառայողների առողջական վիճակի հետազոտման ակտերի եւ ախտորոշումների ուսումնասիրություն եւ վերլուծություն:
33 զորակոչիկից 29-ը դիմել է առողջական վիճակի զննության հետ կապված հարցերով, 2-ը՝ կրթական հիմքերով զինծառայությունից տարկետում ստանալու հարցի իրավական կարգավորման վերաբերյալ պարզաբանման համար, 1-ը՝ հանրապետական բժշկական զննություն անցնելու նպատակով իր բնակավայրից մայրաքաղաք մեկնելու համար ՊՆ-ի կողմից տրամադրված տրանսպորտային ծախսի հետ կապված հարցով:
Կարդացեք նաև
9 ժամկետային շարքային կազմի զինծառայողից 8-ը դիմել է առողջական խնդրի հիմքով զինծառայությանը պիտանիության հարցով, 1-ը՝ բնակության վայրին մոտ գտնվող զորամասում ծառայելու վերաբերյալ իրավական կարգավորումներին ծանոթանալու նպատակով:
Զորացրվածներից մեկն էլ բարձրացրել էր պաշտպանության նախարարության կողմից բուժում ստանալու աջակցության տրամադրման եւ ծառայության ընթացքում ոչ պատշաճ բժշկական աջակցության հետեւանքով առողջությանը վնաս հասցնելու վերաբերյալ հարցը:
Ինչ վերաբերում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից զինված ուժերում մահացության դեպքերի ուսումնասիրությանը, պարզվում է՝ տեղեկատվության աղբյուր են հանդիսացել լրատվամիջոցներով տարածված նյութերը եւ մահացած զինծառայողների հարազատների կողմից տրամադրված տեղեկատվությունը:
2013 թվականին ՀՀ զինված ուժերում գրանցվել է 30 միջադեպ, որի հետեւանքով մահացել է 31 զինծառայող: Մահացության 2 դեպք էլ արձանագրվել էր նաեւ ՀՀ ՌԴ զորամասում: Միջադեպերից միայն 14-ի դեպքում է ՀՀ պաշտպանության նախարարությունը եւ ԼՂՀ պաշտպանության բանակը հանդիսացել տեղեկատվության տարածման առաջնային աղբյուր: Կազմակերպությունն արձանագրել էր, որ մահվան 31 դեպքից 24-ի վերաբերյալ տարածվել է պաշտոնական հաղորդագրություն:
Նախորդ տարիների համեմատ՝ մահացության դեպքերը 2013 թվականին նվազել են, սակայն մահվան ելքերով միջադեպերի թիվը մնացել է գրեթե նույնը:
Որպեսզի թյուր կարծիք չլինի մահացության դեպքերի մասին, իրավապաշտպան կազմակերպությունն արձանագրել էր, որ 2013թ. գրանցված մահացության 31 դեպքից 5-ը հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով է եղել, 8-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու, 7-ը՝ դժբախտ պատահարի, 4-ը՝ առողջական խնդիրների եւ ոչ պատշաճ բժշկական ծառայության տրամադրման պատճառով, 4-ը՝ սպանության, որոնցից 1-ը՝ դիտավորյալ, 1-ը` մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման եւ 2-ը` կանոնադրային հարաբերությունների խախտման հետեւանքով, 3 դեպք զենքի հետ վարվելու կանոնների խախտման հետեւանք են: Մեր դիտարկմամբ, սակայն, կանոնադրական հարաբերությունների խախտման դեպքերը փոքր-ինչ մեղմ են ներկայացված:
Պաշտոնական տեղեկատվության համաձայն, դեպքերից 28-ի առնչությամբ հարուցվել է քրեական գործ: 1 քրեական գործ ենթակայության կարգով ուղարկվել է այլ մարմին, իսկ 3 դեպքով քրեական գործի հարուցումը մերժվել է: Հարուցված քրեական գործերից 4-ի վարույթը հետագայում կարճվել է, 2-ի վարույթը կասեցվել է, 2 գործ ուղարկվել է դատարան, 4 քրեական գործ գտնվում է դատաքննության փուլում, 1 գործ ենթակայության կարգով ուղարկվել է այլ մարմին:
Քրեական գործերից 8-ը հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասով, այսինքն՝ սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելու համար: 2 դեպքով հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով՝ սպանություն՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելու համար:
Սեփ. լր.
«Առավոտ» օրաթերթ
29.05.2014