Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

8-ամյա Սվետան ամեն օր քայլելու փորձ է անում, բայց ուժասպառ ընկնում սայլակին

Մայիս 30,2014 14:13

Փոքրիկ Սվետան որոշել է՝ որ մեծանա՝ բժիշկ է դառնալու, որ իր պես խնդիրներ ունեցող բոլոր երեխաներին բուժի: Արդեն 8 տարի է՝ երեխան սայլակով է տեղաշարժվում, ինքնուրույն քայլելը, դպրոց գնալը, բակ դուրս գալն ու մանուկների հետ վազվզելը նրա համար երազանքների շարքից են: Մայրը՝ տիկին Լիանան, պատմում է, որ Սվետան գրեթե ամեն օր քայլելու փորձեր անում է՝ մտածելով, թե հիվանդությունը կհաղթահարի եւ կսկսի իր ոտքով քայլել, սակայն, ինչպես մայրն է պատմում, ոտքերի թաթերի վրա մի քանի քայլ անելուց հետո փոքրիկն ուժասպառ է լինում ու նորից օգտվում սայլակից:
Երեխայի ծնողները պատմում են, որ Սվետան առողջ է ծնվել, եւ նրա առողջական խնդիրները սկսվել են բժիշկների մեղքով:

«Վեց ամսականում Սվետայի մոտ նկատեցինք թուլություն, տարանք հիվանդանոց, եւ ամեն ինչ հենց այդտեղից էլ սկսվեց: Բժիշկներն ասացին, որ երեխայիցս պետք է հրաժարվեմ, քանի որ նա ոչ խոսելու է, ոչ քայլելու է, հնարավոր է՝ նաեւ կուրություն լինի, ու երեխան չտեսնի: Ախտորոշեցին մանկական ուղեղի կաթված»,- «Առավոտի» հետ զրույցում պատմեց տիկին Լիանան: Սակայն երբ Սվետայի ծնողները բժիշկներին հայտնել են, որ, անկախ նրա ունեցած հիվանդությունից, չեն պատրաստվում փոքրիկից հրաժարվել, Սվետային ուղեղի կաթվածի դեմ բուժում են նշանակել:

«Մեկ տարի բժիշկները Սվետային բուժում էին սխալ ախտորոշված հիվանդության դեմ, եւ պարզվում է, որ բուժումն աննպատակ է եղել, ու երեխայիս վիճակը գնալով վատթարանում էր: Տեղափոխեցինք ենք մեկ այլ կլինիկա, որտեղ Սվետան անցավ նոր հետազոտում, եւ պարզվեց, որ նրա մոտ մկանային ուժեղ թուլություն է»,- ասում է փոքրիկի մայրը: Բժիշկները Սվետային ֆիզիոթերապիայի կուրս են նշանակել, ինչից հետո երեխան սկսել է վերջույթները զգալ, շարժել, սակայն ընտանիքի ֆինանսական խնդիրների պատճառով ծնողները չեն կարողանում ֆիզիոթերապիայի կուրսը շարունակել, եւ Սվետայի մկանային համակարգը կրկին ամբողջությամբ թուլանում է եւ հետ զարգանում:
Սվետայի ընտանիքն ապրում է Արարատի մարզի Սուրենավան գյուղում: Աշխատանքի բացակայությունն ու մայրաքաղաքից հեռու լինելն էլ իրենց հերթին են դժվարացնում նրանց վիճակը: Ֆիզիոթերապիայի կուրսը Սվետան Երեւանում պետք է ստանա:
Տիկին Լիանայի խոսքերով՝ հնարավոր չէ ամեն անգամ երեխային տեղափոխել մայրաքաղաք՝ բուժումները ստանալու, հատկապես, որ ո՛չ ինքը, ո՛չ էլ ամուսինը՝ Արայիկ Խաչատրյանը, չեն աշխատում եւ գոյատեւում են Սվետայի՝ ամսական 19 հազար դրամ հաշմանդամության թոշակով:

«Աշխատելուց չեմ հրաժարվում, օր է եղել, որ 500 դրամով եմ աշխատել, հիմա գործազուրկ եմ, որտեղ դիմում եմ, ասում են՝ աշխատանք չկա, պետության տված 19 հազար դրամով էլ մի կերպ ծայրը ծայրին ենք հասցնում ու երեխայի սնունդը հոգում: Նրան մայրաքաղաք տեղափոխելու համար առանձին մեքենա է պետք, հասարակական տրանսպորտով չենք կարող տանել: Իսկ այդ ամենը ֆինանսների հետ կապված հարցեր են, որոնք ի վիճակի չենք մեր ուժերով լուծելու: Իսկ պետության համար էլ այսպիսի երեխաներն անտեսված են»,- մեզ հետ զրույցում ասաց Սվետայի հայրը:

Արայիկ Խաչատրյանը արցախյան պատերազմի մասնակից է: Նա վիրավորված է պետության անտարբերությունից ու գտնում է, որ մեր երկրի ղեկավարները իրենց երկրի քաղաքացուն գնահատել չգիտեն. «Գնաս՝ պետության համար կռիվ տաս, կյանքդ վտանգես, էսօր էլ, երբ քո երեխան օգնության կարիք ունենա, չունենաս ոչ մի աջակցություն»:

Խաչատրյանների ընտանիքն իր կարգավիճակով նպաստ ստանալու ենթակա է: Ապրում է հորական տան մի հատվածում եւ չունի գոնե մի կտոր հողատարածք, որպեսզի մշակի եւ դրանով ընտանիքի հոգսը թեթեւացնի: Երբ Արայիկ Խաչատրյանը դիմել է մարզի սոցիալական ծառայություն՝ նպաստառուների ցուցակում հաշվառվելու համար, պատասխանել են՝ կամ մաղարիչ պետք է անես, կամ էլ երկու ամսվա նպաստդ կտաս՝ կներառենք:

Սվետայի մոր՝ Լիանայի պատմելով՝ լավ է, որ գյուղի դպրոցի տնօրինությունն աջակցել է եւ ուսման հարցը կազմակերպել են տան պայմաններում: Չնայած Սվետան դժվարությամբ է խոսում, բայց ուսուցչի հետ շփվելու արդյունքում երեխայի խոսքը, ինչպես վստահեցրին ծնողները, ավելի է լավացել, զարգացել:
«Որ լավանամ, ավելի լավ եմ սովորելու՝ պետք է բժիշկ դառնամ, արդեն որոշել եմ»,- մեզ հետ զրույցում ասաց փոքրիկը:

ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.05.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031