Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գյումրու ավերակ փողոցների թեման` ՀՀԿ համագումարում

Մայիս 30,2014 14:20

Հանրապետական կուսակցության 15-րդ համագումարին, որքան էլ տարօրինակ թվա, հնչել է նաեւ Գյումրու ավերակ ու ցեխոտ փողոցների, այս քաղաքի բնակիչների արժանապատիվ ապրելու ցանկության թեման: Հետաքրքիրն այն է, որ չշեշտելով, թե ով է եղել ելույթ ունեցողը, գյումրեցիները շտապում են մեկը մյուսին փոխանցել, որ այն եղել է ամենատպավորիչ ու միակ պիտանի ելույթը, որին համակ ուշադրությամբ ունկնդրել ու նույնիսկ հավանության է արժանացրել երկրի նախագահը: «Առավոտ»-ը Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի ղեկավար Սահակ Մինասյանից հետաքրքրվեց, թե իրո՞ք այդպիսի սուր ելույթ է հնչել Շիրակի մարզից, եւ մի՞թե նախագահը չգիտեր այս խնդիրների մասին, որ պիտի ծանոթանար ելույթ ունեցողից: «Ասեմ, որ ելույթ ունեցողը եղել է երիտասարդ տնտեսագետ, եւ ես նույնպես հավանել եմ նրա խոսքը: Եվ կարեւորում եմ, որ կարողացել էր օրվա խնդիրների մեջ հստակ առանձնացնել ամենահրատապն ու ամենաէականը, որ վերաբերում է մարզկենտրոն Գյումրի քաղաքի նախկին գրավչությունը վերադարձնելուն:

Շատ հակիրճ ներկայացված էին խնդիրները` Գյումրին որպես հյուսիսային Հայաստանի հոգեւոր-մշակութային կենտրոն վերակազմավորելու հարցը, որը վերաբերում է եւ փողոցների շինարարությանը, եւ ընդհանուր քաղաքի կոմունիկացիոն խնդիրների լուծմանը եւ այլն: Ասեմ, որ ոչ միայն ես` որպես գյումրեցի, այլեւ բոլորն են այն կարծիքին, որ Գյումրին թանկ իրերի պահպանման գզրոցում պահված շատ թանկարժեք իր է, որը փոքր-ինչ փոշոտվել է, այսինքն՝ հարկ է, որ փոշին մաքրվի եւ ցուցադրվի ըստ արժանվույն` որպես երեւելի: Ինչ եմ ուզում օրինակով ասեմ՝ որ եթե մտածենք, ներդրումների այնպիսի խոշորածավալ խնդիր պետք է լուծվի, որպեսզի գրավչությունը մեծանա, եւ մենք պահանջ ունենք ավելիի, քան այսօր հնարավոր է բյուջեով իրականացնել, ոչ… Ես ասացի ընդամենը՝ պետք է արված ներդրումների վրա ավելացնել վերջին շտրիխները, կարգավորել հաղորդակցման կառույցները, փողոցները, լուսավորությունը: Ավելորդ չեմ համարում նշել, որ էսօր Գյումրին ունի պոտենցիալ, արդեն վերականգնված շենքային ծավալներով չի զիջում հանրապետության ոչ մի քաղաքի` թե կրթական, թե մշակութային, թե սպորտային… Եվ արդյունքում, բացի սոցիալական խնդիրների լուծման շարքից, կլուծվի մի շատ կարեւոր խնդիր՝ կզարգանա զբոսաշրջությունը, եւ ավելորդ չեմ համարում կրկնել՝ Գյումրին կվերագտնի իր` Հայաստանի Հանրապետության իրոք մշակութային կենտրոնի, քաղաքի կոչումը ու անվանահարիր ենթակառուցվածքները»,- ասաց ՀՀԿ կառույցի պատասխանատուն:

Սահակ Մինասյանի ասելով՝ այս ելույթը ոչ թե հիշեցում էր իշխանություններին, այլ կոչ` նախաձեռնած գործերը շարունակելու: Այնտեղ, ըստ մեր զրուցակցի, եղել են նաեւ դրվատանքի խոսքեր իշխանությունների հասցեին, մասնավորապես՝ շնորհակալ են եղել այն բանի համար, որ իշխանությունների նախաձեռնությամբ Գյումրին անցած տարի հռչակվել է ԱՊՀ մշակութային մայրաքաղաք, ուղղակի ակնարկել են այդ ամենը շարունակել նույն տեմպով: Մեր այն հարցին՝ ինչպե՞ս կարելի է դրվատել իշխող կուսակցությանը, երբ այդ նույն Գյումրիում սոցիալական խնդիրները մարդկանց խեղդում են. մի կողմից՝ կիսատ թողնված բնակարանաշինություն, մյուս կողմից՝ թշվառություն, արտագաղթ: Ըստ մեր զրուցակցի՝ որքան էլ նախարարական պորտֆելները այլ կուսակցությունների ներկայացուցիչներ զբաղեցնեին, միեւնույն է՝ քննադատության թիրախը մշտապես ուղղված է եղել ՀՀԿ-ին, մասնավորապես՝ վարչապետին, շատ դեպքերում նաեւ նախագահին:

Չնայած, ըստ ՀՀԿ կառույցի պատասխանատուի, այդ խնդիրները վերջին 5 կամ 10 տարում չեն ստեղծվել, այլ կուտակվել են անկախ Հայաստանի կազմավորման տասնամյակների սկզբից, եւ ազնիվ չէ բոլոր բացթողումները բարդել միայն այն կառավարության վրա, որը կառավարել է ընդամենը հաշված տարիներ: «Արտագաղթը համընդհանուր է ոչ միայն մեր մարզի, այլեւ ամբողջ երկրի համար, եւ արտագաղթի տեմպերի նվազեցման միտում արդեն իսկ նշմարվում է. պատճառներն էսօր չմեկնաբանենք՝ դա առանձին թեմա է: Իսկ ինչ վերաբերում է ՀՀԿ-ի ներուժին, որը նախագահը շեշտադրեց իր ելույթի մեջ, ես համամիտ եմ մի պարզ պատճառով` անկախ այն հանգամանքից, թե մենք մեր երկրում ունեցել ենք կոալիցիոն իշխանություն, թե ոչ կոալիցիոն, դուք էլ գիտեք, որ բոլոր դեպքերում պատասխանատվությունը չարվածի, չհասցրածի համար կրել է Հանրապետականը, արվածի դափնիները հիմք են ծառայել կոալիցիոն մյուս ուժերին հաջորդ ընտրություններին թմբկահարել, թե մենք այս կամ այն խնդիրը լուծել ենք: Սա փաստ եմ ասում` չմեկնաբանենք ու անուններ չտանք:

Եվ էսօր, երբ Հանրապետական կուսակցությունը միանձնյա կառավարություն է կազմել, չէի ասի՝ սա պարտավորեցնում է, որովհետեւ միշտ է պարտավորված եղել, միշտ առանցքում Հանրապետականն է եղել վերջին տարիներին, բայց սա հիմք է, որպեսզի առանձին լուծված խնդիրներ հետո ներկայացվեն որպես մեր կուսակցության լուծած խնդիրներ: Ես չեմ ուզում ամեն ինչ ներկել բաց երկնագույնով կամ մանուշակագույնով ու ասել, որ խնդիրներ չունենք. խնդիրներ շատ ունենք, նախագահի ասածի մեջ նաեւ կոչ կար՝ զգաստանալու, համախմբվելու եւ առավելագույնս այսօր գիտակցելու, որ մենք չունենք հնարավորություն ձախողումները կիսելու որեւէ մեկի հետ, իսկ, որպես կանոն, դափնիները ոչ մի անգամ ոչ ստացել ենք, ոչ էլ պատրաստվում ենք ստանալ»,- ասում է Ս. Մինասյանը: Մեր այն հարցին էլ, թե՝ ամենօրյա շփման մեջ եք գյումրեցիների հետ, ի՞նչ է ասում ժողովուրդը` գո՞հ է իշխող կուսակցությունից, մեր զրուցակիցը թեեւ խոստովանեց, որ շատ են դժգոհությունները, սակայն միաժամանակ շեշտեց, որ գյումրեցիների մոտ սկսել է մեղմվել նախկին հուսալքությունը, եւ պատճառն այն է, որ բնակիչները տեսել են կառավարության կողմից իրականացվող փողոցաշինությունը, անցած տարվա բնակարանամուտը: Ըստ ՀՀԿ-ականի՝ թեեւ այսօր էլ կա անօթեւանների խնդիր, բայց բնակիչները ավելի կառուցողական են մոտենում, քանի որ դրական տեղաշարժ են նկատում:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.05.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031