Լրահոս
Օրվա լրահոսը

Ուկրաինացիները ավելի շատ Սերգեյ Նիգոյանին են հիշում, քան ՄԱԿ-ում Հայաստանի քվեարկությունը

Մայիս 30,2014 14:30

«Ուկրաինայում նախագահական ընտրությունները եւ դրա հավանական ազդեցությունը ԱլԳ տարածաշրջանի, մասնավորապես՝ Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականության վրա» թեմայով կլոր սեղանի ժամանակ, որը երեկ կազմակերպել էին Երեւանի մամուլի ակումբն ու «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամը, բանախոսներ Իզաբելլա Սարգսյանի եւ Միքայել Զոլյանի ելույթներից հետո Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը տեսակապ հաստատեց Ուկրաինայի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ, Կիեւի բնակիչ Ալեքսանդր Սոլդատենկոյի եւ լրագրող, Լվովում բնակվող Սվետլանա Միրի հետ:

Այն հարցին, թե ինչպե՞ս ուկրաինական հասարակությունը ընդունեց ՄԱԿ-ում Հայաստանի քվեարկությունը, երբ մենք՝ ի թիվս չորս ոչ այնքան նախանձելի պետությունների, դեմ քվեարկեցինք Ռուսաստանի գործողությունները Ղրիմում անեքսիա համարելու բանաձեւին, եւ արդյոք որեւէ մեղմացում եղա՞վ այն բանից հետո, երբ երեկ, Բ. Նավասարդյանի ձեւակերպմամբ, «շատ անակնկալ կերպով» Հայաստանի նախագահը շնորհավորեց Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին՝ ընտրվելու կապակցությամբ:
Երկու ուկրաինացիների հետ կապը միաժամանակ չէր հաստատվել, սկզբում պարոն Սոլդատենկոն էր կապի մեջ, ապա տիկին Միրը, սակայն երկուսն էլ տվեցին նույն պատասխանը՝ Հայաստանի քվեարկությունը որեւէ ձեւով չի ազդել հայ-ուկրաինական հարաբերությունների, ուկրաինացի ժողովրդի՝ հայերի հանդեպ ունեցած վերաբերմունքի վրա, եւ երկուսն էլ ասացին՝ ուկրաինացիներից շատերը գուցե տեղյակ էլ չեն այդ քվեարկությունից, սակայն բոլորը շատ լավ գիտեն եւ միշտ հիշում են, որ Մայդանում Ուկրաինայի անկախության համար առաջին զոհը Հայաստանի քաղաքացի էր՝ Սերգեյ Նիգոյանը՝ «դա միշտ կհիշվի»:

Տիկին Միրը նաեւ հավելեց, որ Լվովը, որը բազմազգ քաղաք է, նաեւ հայերի ստեղծածն է, Լվովում հրաշալի հայկական եկեղեցի եւ հաջողակ հայ համայնք կա: Նա ասաց, որ երբ իմացան Հայաստանի քվեարկության մասին՝ ցավ զգացին, բայց մտածեցին, որ քվեարկության ժամանակ Հայաստանը ենթարկվել է ճնշումների եւ կանգնած էր երկընտրանքի առջեւ՝ իր ժողովո՞ւրդը, թե՞ խիղճը (совесть), եւ ընտրեց ժողովրդին:
Հարց եղավ նաեւ Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ հնարավոր վիզային ռեժիմի մասին: Պարոն Սոլդատենկոն ասաց, որ այս պահի դրությամբ ռուսական սահմանը Ուկրաինայի համար ռազմական սպառնալիք է, քանի որ այդ սահմանով զենք եւ զինյալներ են անխաթար կերպով մուտք գործում իր երկիր: Բացի այդ, կա մեկ այլ խնդիր՝ Ուկրաինան ուզում է Եվրամիության հետ անցնել վիզաների ազատականացման (առանց վիզայի) ռեժիմի, իսկ այդ պարագայում այլ երկրների հետ պաշտպանված եւ ապահով սահմանները կարեւորագույն պայման են: Ինչ վերաբերում է ԱՊՀ-ին, որից դուրս գալու վերաբերյալ որոշումը արդեն Ուկրաինայի Գերագույն Ռադայում է, այդ կառույցի մյուս երկրների հետ, ըստ Սոլդատենկոյի, Ուկրաինան մտադիր չէ անցնել վիզային ռեժիմի, «առավել եւս՝ Վրաստանի կամ Հայաստանի հետ»:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հ.Գ.- Երբ մեր ուկրաինացի գործընկերները խոսեցին հայ-ուկրաինական հարաբերությունների մասին եւ դա առաջին հերթին կապեցին Սերգեյ Նիգոյանի եւ ոչ թե ՄԱԿ-ում Հայաստանի քվեարկության հետ, ակամայից զուգահեռ անցկացրեցի օրերս կայացած մի սեմինարում Լեհաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների դիտարկումների հետ: Նրանք երկուսն էլ ընդհանրապես որեւէ բառով չհիշեցին Նիգոյանին, հայ-ուկրաինական որեւէ այլ կապեր, եւ միայն հայտարարեցին, որ Հայաստանը պետք է ամաչի, որ հայտնվել է նույն շարքի մեջ այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Աֆղանստանն ու Հյուսիսային Կորեան՝ պաշտպանելով ՌԴ անեքսիան:

«Առավոտ» օրաթերթ
29.05.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031