Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ միգրացիոն քաղաքականության շուրջ Հայաստանում ծագած անհանգստությունները ժամանակավոր են

Մայիս 30,2014 14:55

Նման եզրահանգման է եկել Հերմինե Նաղդալյանը
Կոնստանտին Ռոմոդանովսկու հետ հանդիպումից

34-ից ավելի հայազգի քաղաքացիների մուտքը արգելվել է Ռուսաստանի Դաշնություն՝ 3-5 տարով: Նրանցից շատերը, բնականաբար, Ռուսաստանում ունեն ընտանիք, անշարժ եւ շարժական գույք եւ երկրից դուրս գալու պահին տեղյակ չեն եղել, որ վերադառնալիս մուտք գործել չեն կարողանա: Պատճառը 2013 թվականի հուլիսից Ռուսաստանի Դաշնությունում կիրառվող ՌԴ «Վարչական իրավախախտումների մասին օրենսգիրքն» է, որով արգելվում է այն արտասահմանյան քաղաքացիների մուտքը ՌԴ, ովքեր խախտել են օրենսգրքի դրույթները: Վիճակագրության համաձայն՝ 2014 թվականի փետրվար ամսի դրությամբ շուրջ 537 արտասահմանցիների մուտքը ՌԴ արգելվել էր, որոնցից 524-ը ԱՊՀ երկրների քաղաքացիներ են: Ներկայումս այդ թիվը հասնում է շուրջ 800-ի:

Հայազգի միգրանտների ճակատագրին վերաբերող հարցերի փաթեթն օրերս քննարկվել է ՀՀ ԱԺ Հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբում՝ Ռուսաստանի միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկու գլխավորած պատվիրակության եւ Հայաստանի խորհրդարանի պատգամավորների միջեւ: «Մենք, որպես պետություն եւ պատգամավորներ, անհանգստացած ենք նաեւ հայազգի շուրջ 170 այն քաղաքացիների հարցով, ովքեր բնակվելով ՌԴ-ում, իշխանությունների տեղեկատվության համաձայն, այսպես կոչված՝ «ռիսկի» խմբում են: Բնականաբար, անձերին եւ ընտանիքներին վերաբերող այս իրավիճակը նաեւ տնտեսական հետեւանքներ ունի երկրի համար, քանի որ արդյունքում կպակասեն ՀՀ ուղարկվող տրանսֆերտները՝ 120-150 մլն դոլար: Մյուս կողմից՝ այդ աշխատանքային միգրանտները ընդունող երկրում մասնակցում են շուրջ 1 մլրդ դոլար արդյունքի ստեղծմանը, այսինքն՝ ընդունող երկրի համար վնասը նույնպես ակնհայտ է»,- «Առավոտի» հետ զրույցում հանդիպման մանրամասներից պատմեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը՝ հավելելով. «Մեր առաջարկն այն էր, որ ՌԴ պատկան մարմինները, կարեւորելով ստրատեգիական գործընկեր երկրի բնակչությանը վերաբերող հարցերը՝ որպես բացառություն չկիրառեն «մուտքի արգելում» սանկցիան ՀՀ քաղաքացիների համար եւ դիտարկեն նաեւ արգելքը հանելու հնարավորությունը»:

Քննարկման ժամանակ կողմերն անդրադարձել են եւս մեկ խնդրի. ՄՄ անդամ երկրների աշխատանքային միգրանտների համար սահմանված է բավական մեղմ ռեժիմ, օրինակ՝ մինչեւ 30 օր առանց գրանցման գտնվել ՄՄ անդամ երկրների տարածքում, աշխատել աշխատանքային պայմանագրի հիման վրա, այլ խոսքերով ասած՝ հնարավորություն ունենալ մտնել աշխատուժի շուկա: «Հայ միգրանտների համար եւս պայմանները էականորեն կբարելավվեն երկրի՝ Մաքսային միությանը անդամակցելուց հետո: Սակայն ՌԴ միգրացիոն ծառայության ղեկավարը համաձայնեց, որ մինչ այդ եւս անհրաժեշտ են շտապ քայլեր` հայ միգրանտների աշխատանքային գործունեությունը ՌԴ-ում ավելի դյուրացնելու եւ նրանց ազատությունների սահմանափակումների կրճատման ուղղությամբ:

Ի պատասխան մեր հարցադրումների` պարոն Կոնստանտին Ռոմոդանովսկին ոչ միայն խիստ կարեւորեց այս եւ նման հարցերում դյուրացումների անհրաժեշտությունը, այլեւ պատրաստակամություն հայտնեց իր եւ իր ծառայության աշխատակազմերի կողմից ակտիվորեն ապահովել այդ խնդիրների լուծումները առաջարկող համապատասխան համաձայնագրերի ընդունումը: Նա նշեց, որ արդեն հայ գործընկերներին են հանձնել երկկողմ համաձայնագրի մշակված փաթեթը` խնդրելով հայ պատգամավոր գործընկերներին իրենց կողմից արագացնել եւ որքան հնարավոր է շուտ հասնել նախատեսված արդյունքին, նույնիսկ նախատեսված ժամանակից առաջ` ի շահ մեր քաղաքացիների: Այստեղ պետք է ներառվեն համաձայնեցված լուծումները` քաղաքացիության, հաշվառման դյուրացումների եւ փոխգործակցության ընթացքում ծագող բազմաթիվ մյուս հարցերի շուրջ»,- ասաց Հերմինե Նաղդալյանը:
ՌԴ դաշնային միգրացիոն ծառայության ղեկավարի հետ հանդիպումը ՀՀ Ազգային ժողովում, ըստ մեր զրուցակցի, ցույց տվեց, որ Ռուսաստանի միգրացիոն քաղաքականության փոփոխությունների շուրջ Հայաստանում ծագած անհանգստությունները ժամանակավոր են, եւ երկու պետությունների կողմից ձեռնարկվող միջոցառումների արդյունքում հայ միգրանտների վիճակը կարող է էականորեն բարելավվել. «Այստեղ իր մեծ դերն ունի նաեւ միջխորհրդարանական համագործակցությունը` օրենսդրական բարեփոխումների ուղղությամբ:
Մենք այն համոզմունքին ենք, որ նաեւ այս ձեւաչափով հանդիպումները թույլ կտան գտնելու փոխշահավետ գաղափարներ եւ լուծումներ երկու երկրների համար ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող բազմաթիվ հարցերի լուծման գործում»:Ընդհանրապես, ՀՀ ԱԺ փոխխոսնակը գոհունակությամբ ընդգծեց, որ հայ-ռուսական խորհրդարանական բարեկամության ակումբը, որը հիմնադրվեց անցյալ տարի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան այցի շրջանակներում, արդեն մի շարք հետաքրքիր հանդիպումներ է իրականացրել: «Բավական կարեւոր էր ՌԴ միգրացիոն ծառայության ղեկավարի հետ, ով, ի դեպ, արդեն շուրջ 10 տարի է՝ գլխավորում է այդ ծառայությունը, ոլորտի ներկայի եւ զարգացումների հետ կապված խնդիրների քննարկումը:

ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության պետ Կոնստանտին Ռոմոդանովսկին մանրամասն ներկայացրեց իրավիճակը եւ մեր 2 երկրների միջեւ ստեղծված միգրացիոն խնդիրներում հեռանկարները: Նա գնահատեց միգրացիոն քաղաքականության նշանակությունը Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ, դրա կարեւորությունը եւ զարգացման ու կարգավորման հեռանկարները՝ Եվրասիական ինտեգրացման համատեքստում: Իրոք, այսօր ՌԴ-ում իրականացվում է միգրացիոն քաղաքականության հստակեցում եւ փոփոխություններ միգրացիոն օրենսդրության եւ իրավակիրառական պրակտիկայի մեջ, որոնք համընդգրկուն են, բայց միաժամանակ՝ հայազգի շատ քաղաքացիներ լրջորեն տուժում են դրանից»,- ամփոփեց տիկին Նաղդալյանը:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.05.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարիամ says:

    Չէր խանգարի նաև մեր միգրանտներին հորդորել, որպեսզի փորձեն հյուրընկալող երկրի օրենքները չխախտել, ոչ միայն ՌԴ-ում:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031