Գեւորգ Կոստանյանը հավակնում է դառնալու մամուլի «ոխերիմ բարեկամը»
ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը դեռ զինվորական դատախազ աշխատելու ժամանակ է ապացուցել, որ հատուկ «սեր» է տածում մամուլի նկատմամբ: Անցյալ տարի Գորիսի աղմկահարույց գործի քննիչները այդ պարոնի հրահանգով ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայություն էին հրավիրել առցանց «Առավոտի» խմբագրին եւ նրանից տեղեկատվության աղբյուրի բացահայտում պահանջել: Այդ առիթով տողերիս հեղինակը ստիպված եղավ հանդես գալ «Քննիչը խորհրդապահական աղբյուրի բացահայտում պահանջելու իրավունք չունի» հրապարակմամբ (տե՛ս ): Բայց ինչպես երեւում է՝ Կոստանյանը եւ նրան ենթակա դատախազները մի քիչ դժվար են հասկանում աղբյուրի գաղտնիությունը չբացահայտելու լրագրողների եւ լրատվամիջոցների իրավունքը: Ապացո՞ւյց, խնդրեմ՝ ՀՀ դատախազությունը հանդես է եկել լրատվամիջոցներին ուղղված հաթաթայով… Դժվար բառ գրեցի, վայ թե չհասկանան, ավելի պարզ ասեմ՝ դատախազությունը հանդես է եկել սպառնալիքով (տե՛ս ), որում իրեն հատուկ ճապաղ (հիմա սույն հայտարարությունը կազմած մտքի գիգանտը ուղեղի գերագույն լարումով փորձելու է հասկանալ ճապաղ բառի իմաստը) ոճով ու բառերով սպառնում է, թե նախաքննական գաղտնիք հրապարակելու դեպքում պահանջելու է, որ լրատվամիջոցները բացահայտեն իրենց տեղեկատվության աղբյուրը:
Թե ինչն է առիթ հանդիսացել նման հայտարարության հենց այս պահին՝ մենք չգիտենք եւ առանձնապես չենք էլ հետաքրքրվում: Սակայն ինչն էլ պատճառ եղած լինի, սրանով, ըստ էության, դատախազությունն ուղղակիորեն ասում է, թե ինքը ցանկանում է ճնշել եւ լռեցնել մամուլին:
Ինֆորմացիայի ազատության կենտրոնն արդեն հանդես է եկել այս առթիվ հայտարարությամբ (տե՛ս ), որով միանգամայն փաստարկված պատասխանել է դատախազությանը. սակայն կարծում ենք, որ սույն հիմնարկը մեկ անգամ ասելով չի հասկանում եւ հարկ է բազմիցս կրկնել ու երրորդել:
Կարդացեք նաև
Եվ այսպես, դատախազության այս սպառնալիքը կազմած անձին (կամ անձանց) պետք է մի քանի բան ասեմ, ու թող դա անպայման ականջներին օղ անի (անեն):
Ականջին օղ արեք՝ առաջին. հարգելիներս, ցանկացած գաղտնիքի պահպանման պատասխանատուն գաղտնիքը կրողն է, եւ եթե գաղտնիքը կրողից այն անցել է լրատվամիջոցին կամ լրագրողին, ապա վերջինիս իրավունքն է ինքնուրույն որոշել՝ հրապարակել, թե ոչ: Լրատվամիջոցը չի կարող պատասխանատվություն կրել հրապարակման համար (տես ստորեւ՝ երրորդ ականջօղում): Ձեր գործն է՝ փնտրել, թե ումից է դուրս եկել գաղտնիքը ու պատժել նրան: Բայց դուք դա պիտի բացահայտեք ոչ երբեք լրագրողին հարցաքննելով: Հասկացա՞ք, թե՞ հարկ է էլի կրկնել: Այսինքն՝ գաղտնիքը տարածողին ձեր մեջ փնտրեք, մամուլին հանգիստ թողեք. նա էլ ի՛ր գործն է անում:
Ականջին օղ արեք՝ երկրորդ. հարգելիներս, երեւի ձեզ չեն տեղեկացրել, որ Հայաստանում 2003 թվականի դեկտեմբերին ընդունվել եւ 2004 թվականի հունվարից գործում է «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքը, որի 5-րդ հոդվածը սահմանում է աղբյուրի գաղտնիությունը պահպանելու լրագրողների եւ լրատվամիջոցների իրավունքը (խորհուրդ կտամ սա էլ մի 10-15 անգամ կարդալ, հնարավոր է՝ ի վերջո հասկանաք): Ըստ այդ հոդվածի 2-րդ մասի՝ աղբյուրի բացահայտում կարող է պահանջել ՄԻԱՅՆ ԴԱՏԱՐԱՆԸ (միտումնավոր գլխատառերով եմ գրել, որ գիրկապ անելով կարողանաք կարդալ սույն պարզագույն բանը), կրկնում եմ՝ ՄԻԱՅՆ ԴԱՏԱՐԱՆԸ, հատուկ «օժտված» դատախազների ու քննիչների համար երրորդում եմ՝ ՄԻԱՅՆ ԴԱՏԱՐԱՆԸ: Ընդ որում, դատարանն էլ հենց էնպես չի կարող պահանջել բացահայտելու աղբյուրը, այլ միայն ու միայն «...քրեական գործի առիթով՝ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության բացահայտման նպատակով, եթե հասարակության շահերի քրեաիրավական պաշտպանության անհրաժեշտությունն ավելի ծանրակշիռ է, քան տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու հասարակության շահագրգռվածությունը, եւ սպառված են հասարակական շահերի պաշտպանության մնացած բոլոր միջոցները»: Հասկացա՞ք, թե՞ սա էլ էր պետք գլխատառերով գրել կամ երեք անգամ կրկնել:
Ականջին օղ արեք՝ երրորդ. «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասը հստակ ասում է, որ օրենքով սահմանված կարգով գաղտնիք համարվող տեղեկությունների հրապարակման համար լրատվամիջոցը պատասխանատվություն չի կրում, եթե այն ձեռք չի բերել օրենքով արգելված եղանակով: Նույն հոդվածի այդ մասում էլի լավ բաներ կան գրված: Խորհուրդ կտամ ուշադիր կարդաք: Իսկ եթե չհասկանաք, կխնդրեք՝ կբացատրեմ հանրամատչելի լեզվով:
Ականջին օղ արեք՝ չորրորդ. եթե մինչ դատախազության այս հայտարարությունը տողերիս հեղինակը որեւէ գաղտնիք իմանալիս դեռ կարող էր երկմտել՝ հրապարակել, թե ոչ, ապա հիմա պաշտոնապես հայտարարում եւ հանդիսավոր խոսք եմ տալիս. եթե ինձ հայտնի դառնա նախաքննական գաղտնիք, ես այն ՀՐԱՊԱՐԱԿԵԼՈՒ ԵՄ ԱՆՊԱՅՄԱՆ: Ու թող Կոստանյանն ու նրա ենթակաները փորձեն ինձնից աղբյուրի բացահայտում պահանջել: Տեսնենք՝ ում խոփը քարին դեմ կառնի:
Եվ վերջինը. պարո՛ն Կոստանյան, ձեր եւ ձեր հիմնարկի ձախողումների մեղքը մի բարդեք մամուլի վրա: Պատճառները փնտրեք ձե՛ր մեջ՝ ձե՛ր հիմնարկում, որում դեռեւս պահպանվում ու, ինչպես ապացուցեցիք վերջին հայտարարությամբ, ծաղկում եւ բարգավաճում են սովետական դատախազության վիշինսկիական «փայլուն» ավանդույթները:
ՄԵՍՐՈՊ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
29.05.2014
Համարձակ հոդված է՝ ուղղված նշանակետին: Կեցցե՛ք, պրն. Հարությունյան: Հուսով եմ Ձեզ հետ մոտակա օրերս ՛դժբախտ պատահար՛ տեղի չի ունենա:
Առհասարակ, դատախազությունը շատ դժվար է մարսում յուրաքանչյուր քննադատություն: Հավանաբար, մասնագիտական ՛ելած-թափած՛ որակներից է բխում: