Հատուկ քննչական ծառայությունում այսօր անցկացվել է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի լրագրող Անի Գևորգյանի և 2014 թվականի փետրվարի 12-ին Երևանի Մաշտոցի պողոտայում լրագրողի գործունեությունը խոչընդոտած ոստիկանության երեք ծառայողների առերեսումը։ Epress.am-ի հետ զրուցում լրագրողն ասել է, որ մոտ չորս ժամ տևած առերեսման ընթացքում երեք ոստիկաններն էլ ծիծաղելի ցուցմունքներ են տվել։
«Մեկը Սոնա Մելիքյանն էր, ով փետրվարի 12-ին իմ անձնական խուզարկության ժամանակ սենյակից հանել էր տեսախցիկս, ապա վերադարձրել էր այն՝ առանց հիշողության քարտի, մյուս երկու ոստիկաններն այդ օրը նշված մի շարք այլ ապօրինությունների ականատես և մասնակից էին: Նրանց ներկայությամբ էր Կենտրոնի ոստիկանապետը հարվածել ինձ և խլել հեռախոսս», – ասել է Գևորգյանը։
Նրա խոսքով՝ նշված երեք ոստիկաններն էլ առերեսման ժամանակ միաձայն պնդել են, որ ոստիկանության Կենտրոնի բաժնի պետ Արտակ Պողոսյանն այդ օրը ընդհանրապես չի մտել բաժնի այն սենյակ, որտեղ ինքն է եղել։
«Ծիծաղելի է, քանի որ սուտ ցուցմունք տալն էլ պետք է սահման ունենա և գոնե ինչ-որ տրամաբանություն՝ ասում են իբրև հեռախոսս ինքնակամ եմ հանձնել», – ասել է լրագրողը։
Կարդացեք նաև
Վերջինս նշել է, որ Արտակ Պողոսյանի հետ իր առերեսումը պետք է տեղի ունենա շաբաթ օրը` մայիսի 31-ին, ժամը 11-ին։
Մանրամասները կարող եք կարդալ` epress.am-ի կայքում