Լրահոս
Օրվա լրահոսը

«Դա համարում եմ ապտակ ոչ միայն Հայաստանին, այլ նաեւ ՌԴ-ին եւ Բելառուսին». Խաչատուր Քոքոբելյան

Մայիս 29,2014 19:38

«Կանխատեսելի էր, որ այդ նիստին նման բան կարող էր լինել, որովհետեւ այդ մասին անթաքույց թե՛ Ղազախստանի նախագահը, եւ թե՛ ադրբեջանական կողմը ջանքեր չէին խնայում եւ օրուգիշեր խոսում էին: Այստեղ ավելի կարեւոր խնդիր է ոչ թե ԵվրԱզԷս-ին Հայաստանի անդամակցությունը, որքան Հայաստանի Հանրապետության դերի նսեմացված լինելու խնդիրը: Այսինքն, փաստացի Նազարբաեւը ստեղծեց մի վիճակ, որ առանձնացրեց Ղարաբաղը Հայաստանից եւ հիմք դրեց ապագայում ձեւավորվող միության կողմից ԼՂ ճակատագրի վերաբերյալ որեւիցե պատասխանատվություն չկրելուն: Այդ փաստն ակնհայտ ապացույց էր, որ Մաքսային միություն կամ Եվրասիական միություն մտնելով՝ Հայաստանը անվտանգության խնդիր չի լուծում»,- մայիսի 29-ին Aravot.am-ի հետ զրույցում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն այսպես մեկնաբանեց Աստանայում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի առաջ քաշած պայմանը, որ Հայաստանը Եվրասիական միությանը պետք է միանա ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով, այսինքն՝ առանց Լեռնային Ղարաբաղի:

Նազարբաեւն այդ մասին հայտարարեց Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ՝ ընթերցելով Ալիեւի նամակը:

Ըստ պարոն Քոքոբելյանի՝ «այդտեղ ՀՀ նախագահի դիրքորոշումը պետք է լիներ շատ կոշտ եւ համարժեք այդ քայլին, որով, փաստացի, 3-րդ պետությունը, որը կապ չուներ իրենց հավաքվածների ստեղծելիք միության հետ գոնե դե ֆակտո, թե փաստաթղթային առումով, թե՛ նախնական բանակցությունների, բայց ինքը անմիջականորեն ունեցավ ազդեցություն Նազարբաեւի խոսքի միջոցով: Այսինքն, Նազարբաեւն այնտեղ հստակ ներկայացրեց Ադրբեջանի շահը եւ անթաքույց նաեւ հայտարարեց, որ իրավունք չունեն թարսվելու, ջղայնացնելու Ադրբեջանին: Դա համարում եմ ապտակ ոչ միայն ՀՀ-ին, այլ նաեւ մյուս պետություններին՝ ՌԴ-ին եւ Բելառուսին: Ցավով եմ նշում, բայց իմ տպավորությունն այնպիսին էր, որ ԼՂ թիկունքում ինչ-որ գործընթաց է տեղի ունենում՝ ի վնաս ԼՂ-ի եւ ՀՀ-ի՝ Ադրբեջանի եւ Ռուսաստանի թեթեւ ձեռքով կամ ծայրահեղ դեպքում՝ Ռուսաստանի հետ փոխհամաձայնեցմամբ»:

Պարոն Քոքոբելյանը հիշեցրեց, որ սեպտեմբերի 3-ից առաջ մեծ աղմուկ բարձրացավ՝ ՌԴ-ի կողմից Ադրբեջանին վաճառված սպառազինության մասին. «Աստանայից առաջ այդ նույն վայնասունը բարձրացավ, որը ես կհամարեի հոգեբանական տեռոր՝ Հայաստանի Հանրապետության նկատմամբ: Այստեղ պատահականություն չկա: Տեղի է ունենում համակարգված գործընթաց՝ Հայաստանի եւ ԼՂ-ի դեմ: Ռուսաստանի դեսպանն էլ երեկ փաստացիորեն հայտարարեց, որ պետք չէ զարմանալ, որ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին, դա ընդամենը բիզնես գործարք է: Այսինքն, ակնհայտորեն ռուսական կողմը խախտում է հայ-ռուսական բարեկամության պայմանագրի 3-րդ կետը, որտեղ հստակ գրված է, որ կողմերը իրենց հասանելի միջոցներով պարտավոր են օժանդակել խաղաղությունը եւ ոչ թե հակառակը: Փաստորեն Ռուսաստանը այս պայմանագրի 3-րդ կետի կոպտորեն խախտմամբ՝ Հայաստանին հակառակորդ պետությանը զինում է: Տրամաբանություն ունեցող ցանկացած մարդու համար հստակ է, որ այդ սպառազինությունը Հայաստանի դեմ է: Այսքանից հետո չունենալ կոշտ մոտեցում, այսքանից հետո հանդուրժել նման վերաբերմունք Հայաստանի նկատմամբ, իմ կարծիքով անթույլատրելի է բոլորիս համար»:

Երբ նիստի ժամանակ Նուրսուլթան Նազարբաեւը ներկայացրեց Ալիեւի նամակը, Սերժ Սարգսյանն անակնկալի եկավ: Մեր հարցին՝ դա անհարգալից վերաբերմունք չէ՞ր ՀՀ նախագահի նկատմամբ, որ հենց նիստի ժամանակ այդպես անակնկալ են  նրան հայտնում այդ նամակի մասին՝ Խաչատուր Քոքոբելյանը պատասխանեց. «Նախ` առաջինը ես կուզենայի, որ ՀՀ իշխանությունները անակնկալի չգային եւ նախապես ունենային այդ ինֆորմացիան, ես դա ասում եմ՝ որպես ՀՀ քաղաքացի: Եվ երկրորդը՝ այդ անակնկալից հետո պետք է լիներ կոշտ մոտեցում, բայց ոչ մի արձագանք չեղավ, որը վիրավորական է Հայաստանի համար»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031