Ինչպես քիչ առաջ տեղեկացանք Գորիսի եւ Սիսիանի տարածաշրջաններն ընդգրկող Սյունիքի թիվ 37 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից` Գորիսի քաղաքապետի պաշտոնի համար պայքարող երկու թեկնածուից ոչ մեկն էլ ինքնաբացարկ չի հայտնել: Նշենք, որ թեկնածուների ինքնաբացարկ հայտնելու վերջնաժամկետը մայիսի 29-ն էր: Ընտրապայքարը կշարունակեն ՀՀԿ-ից առաջադրված Վաչագան Ադունցն ու ինքնաառաջադրված, անկուսակցական, Գորիսի համայնքի ավագանու անդամ Հրայր Յոլյանը: Հիշեցնենք, որ ավելի վաղ ինքնաբացարկ էին հայտնել Ավետիք Բուդաղյանի եղբայր Արա Բուդաղյանն ու երիտասարդ գործարար Տիգրան Կարապետյանը:
Փորձեցինք ինքնաբացարկ հայտնած նախկին թեկնածուներից ճշտել, թե պատրաստվո՞ւմ են որեւէ ձեւով մասնակցություն ունենալ գորիսյան ընտրություններին, մտադի՞ր են սատարել թեկնածուներից որեւէ մեկին, թե՞ ոչ: Տիգրան Կարապետյանը մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում հրաժարվեց պատասխանել մեր հարցին` նշելով, որ չի ցանկանում խոսել նշված թեմայով: Իսկ Արա Բուդաղյանի թիմի անդամներից մեկը մեզ փոխանցեց, որ ամենայն հավանականությամբ Արա Բուդաղյանն ու իր թիմը ընտրական գործընթացներին մասնակցություն չեն ունենա:
Հունիսի 8-ին ՏԻՄ ընտրություններ են նշանակվել նաեւ Սյունիքի մարզի Իշխանասար եւ Թանահատ գյուղական համայնքներում: Թանահատում կանցկացվի համայնքի ղեկավարի ընտրություն, որտեղ գյուղապետի պաշտոնի համար առաջադրվել է երկու թեկնածու` ՀՀԿ-ից առաջադրված գործող գյուղապետ Արսեն Օհանյանը եւ ինքնաառաջադրված, անկուսակցական Արծրունի Ղուկասյանը: Իսկ Իշխանասարում անցկացվելիք համայնքի ավագանու ընտրության համար առաջադրվել է 6 թեկնածու:
Կարդացեք նաև
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ