Լրահոս
Օրվա լրահոսը

«Սոս Սարգսյանի հրավերի մեջ մի շատ կարևոր բան կար». Վիգեն Չալդրանյան

Մայիս 29,2014 18:50

Վաղը՝ մայիսի 30-ին՝ ժամը 20:00-ին, Համազգային թատրոնը հանդիսատեսի դատին կհանձնի Վ. Շեքսպիրի «Համլետ» ողբերգությունը:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Համազգային թատրոնի տնօրեն, Համլետի դերակատար Վարդան Մկրտչյանը, որն ուրախությամբ նկատեց, որ տևական պասսիվությունից հետո Համազգային թատրոնն այս ներկայացմամբ, կարծես թե, վերագտնում է իր նախկին աշխուժությունը. «Սոս Սարգսյանի մահից հետո մեր կյանքում մեծ վակուում էր առաջացել, և, կարծում եմ, որ մեր պասսիվությունը պայմանավորված էր դրանով: Սակայն իր կյանքի վերջին ստեղծագործական նախաձեռնությունը, որ ունեցավ վարպետը, կապված է հենց այս ներկայացման հետ, և մենք մեծ սիրով հրավիրեցինք մաեստրո Վիգեն Չալդրանյանին, որպեսզի մեր թատրոնում որևէ ներկայացում բեմադրի: Սա եղավ վարպետի հրավերով, բայց, ցավոք, մենք դա իրականություն ենք դարձնում առանց նրա ներկայության»,- ասաց Վ. Մկրտչյանը:

«Երկու տարի առաջ, երբ երջանկահիշատակ Սոս Սարգսյանն ինձ հրավիրեց բեմադրություն անելու, շատ ջերմ էր հրավերը,- ասում է բեմադրության ռեժիսոր Վիգեն Չալդրանյանը,- որովհետև հրավերի մեջ մի շատ կարևոր բան կար. վարպետն ասաց՝ ինչ ուզում ես արա, մեզ մեծ գործ է պետք: Ասացի՝ հավանաբար, Շեքսպիր: Շատ ափսոս, որ նա չապրեց մինչև առաջնախաղը, սակայն նրա հեռանալուց հետո ներկայացումը նվիրվեց նրա հիշատակին (երկրորդ կարծիք չէր կարող լինել)»:

Ինչ վերաբերում է «Համլետ» բեմադրելուն, Վ. Չալդրանյանն իր ստեղծագործական կյանքում սա շատ պատասխանատու քայլ է համարում. «Ընդհանրապես, արվեստագետի համար Շեքսպիրը մեծ քննություն է,- համոզված է բեմադրիչը:- Շեքսպիրի համար պիտի հասունանաս, կյանքի փորձ ունենաս, կարողանաս ներթափանցել այդ մեծ մտածողի, մեծ դրամատուրգի խորքերը, իսկ թե ինչպես է ստացվել մեր «Համլետը», ես իրավունք չունեմ գնահատական տալու: Գիտեք, արվեստը հենց նրանով է հետաքրքիր, որ միշտ տարբեր կարծիքներ են լինում, և դա շատ նորմալ է, որովհետև եթե Շեքսպիր անվիճելի երևույթը կարող է, ասենք, Տոլստոյի կողմից կասկածի տակ դրվել, ուրեմն՝ արվեստում կատարյալ ոչինչ չկա: Արվեստը հենց նրանով է առանձնանում, որ արվեստի ամեն մի գործ ունի իր հանդիսատեսը»:

Կանխելով լրագրողների հարցը, թե ինչպիսին է այս Համլետը, ինչով է տարբերվում մյուս Համլետներից, պարոն Չալդրանյանը միանգամից ասաց, որ չի պատրաստվում պատմել կամ բացատրել գործը. «Կարծում եմ, որ գործն ինքը հեղինակից ավելի լավ է խոսում: Երբ գործն անհասկանալի է, հեղինակն սկսում է բացատրել: Ես երբեք չեմ բացատրում, որովհետև դա, ի վերջո, նշանակում է հանդիսատեսին անարգել, չհարգել, բացատրելով վերապատմել պատմությունը, իսկ վերապատմելը մահախոսականի նման մի բան է,- ասաց բեմադրող ռեժիսորը և հավելեց, որ այն, ինչ կլինի բեմի վրա, և´ Շեքսպիրի գործն է, և´ իր մեկնաբանությունն է, և´ դերասանների մատուցումն է:

«Աշխարհում հիմա մի տենդենց կա. բոլորը որոշել են, որ Շեքսպիրը պիտի ժամանակակից լինի. մի Համլետը՝ կիթառը ձեռքին, մյուսը՝ ջինսով, երրորդը՝ փշալարերի վրա և այլն: Գիտեք, ես, առհասարակ, նորի, մոդեռնի կողմնակից եմ, բայց Շեքսպիրի հարցում շատ պահպանողական եմ, և «Համլետը» բեմադրելիս մեր հիմնական միտումը եղել է շեքսպիրյան ոգին, դարաշրջանը, սովորույթները, արքունի արիստոկրատիզմը պահպանելով՝ ասելիքը, բոլոր դեպքերում, համահունչ դարձնել այսօրվա մեր խնդիրներին ու ցավերին: Սա է եղել իմ խնդիրը»,- փակագծերը, այնուամենայնիվ, մի փոքր բացելով՝ ասաց պարոն Չալդրանյանը:

 

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031