Այսօր Շիրակի մարզպետն ընդունեց Գյումրի ժամանած ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար, Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխդեսպան Վուդվորդ Քլարկ Փրայսին: Քանի որ ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը ճանաչողական այցով էր եկել, Շիրակի մարզպետից խնդրեց մի քանի բառով ներկայացնել մարզն ու մարզի առջև ծառացած մարտահրավերները: Շիրակի մարզպետը նախ ողջունեց հյուրերին, ապա խոսելով Շիրակի մասին նշեց, որ այն մինչ 1988-ի երկրաշարժը եղել է արդյունաբերական կենտրոն, ինչն այժմ միայն մարզի զարգացման հեռանկարների մեջ է միայն: «Ես պետք է ասեմ, որ Շիրակը 88-ի աղետից հետո շատ է տուժել, անցած տասնամյակներին մարզում մեծ ու ծավալուն վերականգնողական աշխատանքներ են իրականացվել, սակայն անելիքներ դեռ կան: Այժմ Շիրակի մարզն ավելի շատ գյուղատնտեսության առումով է աչքի ընկնում, այստեղ էլ, բնականաբար, անելիքներ կան», – ասաց Ֆելիքս Ցոլակյանը:
Քլարկ Փրայսն հետաքրքրվեց գյուղատնտեսության բնագավառում առկա հիմնախնդիրներով, ինչի առնչությամբ մարզպետն ասաց. «Մենք հիմա խնդիր ունենք գյուղատնտեսության զարգացման և արդիականացման առումով, խոսքս վերաբերում է ինչպես նոր տեխնիկասարքավորումներ ձեռք բերելուն, այնպես էլ սերմնաբուծության զարգացմանն ու անասնապահության բնագավառում տոհմական ցեղերի բազմացմանը»:
Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձան նաև տուրիզմի զարգացման հեռանկարներին, ՏՏ ոլորտին, մասնավորապես, տեխնոպարկի գործունեությանն, ապակենտրոնացման քաղաքականությանն, ինչպես նաև համայնքների հզորացմանն առնչվող հարցերի:
Ավարտին կողմերը փոխանակվեցին հուշանվերներով և հույս հայտնեցին, որ հանդիպումներն առավել հաճախակի կլինեն, ինչը կնպաստի փոխգործակցության ամրապնդմանը և նոր ծրագրերի մեկնարկին:
Շիրակի մարզպետի օգնական Արաքսյա Կիրակոսյան