10.05.2014թ., ժամը 08:50-ի սահմաններում, հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում հայտնաբերվել էր ժամկետային զինծառայող, շարքային Ներսես Ղազարի Կարապետյանը` գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումով: Իջևանի քաղաքային հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին Ներսես Ղազարի Կարապետյանը մահացել էր:
Դեպքի առթիվ 10.05.2014թ-ին ՀՀ ՊՆ քննչական ծառայության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 365 հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:
Նույն օրը զննվել է դեպքի վայրը, կատարվել են դեպքի վայրի տեսալուսանկարահանումներ:
10.05.2014 որոշում է կայացվել դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին: Նախաքննության համար կարևոր նշանակություն ունեցող բազմաթիվ հարցերի պարզաբանման նպատակով նշանակվել են մատնադրոշմային, դատաձգաբանական, դատահամակարգչատեխնիկական փորձաքննություններ:
Կարդացեք նաև
14.05.2014 թվականին Ներսես Կարապետյանի եղբայրը` Դավիթ Կարապետյանը, քրեական գործով ճանաչվել է տուժողի իրավահաջորդ և հարցաքննվել է: Վերջինիս բացատրվել են օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունները:
Քրեական գործի նախաքննության ընթացքում հարցաքննվել են ինչպես մարտական հենակետի բոլոր զինծառայողներն, այնպես էլ զորամասի մի շարք սպաներ և այլ զինծառայողներ, Ն.Կարապետյանի մայրը և դեպքին առնչվող տեղեկություններ ունեցող այլ անձինք:
Քրեական գործով նշանակված փորձաքննությունների եզրակացությունները ստանալուց հետո միայն հնարավոր կլինի գնահատել վկաների տրված ցուցմունքների և ձեռք բերված այլ ապացույցների արժանահավատությունը:
Նախաքննության մարմնի կողմից տուժողի իրավահաջորդին պարբերաբար տեղեկություններ են տրամադրվում նախաքննության ընթացքի մասին:
Քրեական գործինախաքննությունը շարունակվում է:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ