«Ես որևէ խնդիր չունեմ պարոն Նազարյանի հետ: Բայց եթե այստեղ ներկա լիներ Էդվարդ Նալբանդյանը, ապա նա ևս այդ հարցերին չէր կարողանալու պատասխանել, որովհետև երեկ ինքը դեռևս չգիտեր Աստանայում Հայաստանին ի՞նչ է սպասվում»,- խորհրդարանում, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն` անդրադառնալով այն հարցին, որ նախորդ տարվա բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ արտգործնախարարության ներկայացուցիչն այդպես էլ չկարողացավ հստակ որևէ հարցի պատասխանել Հայաստանի`Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության ու այդ համատեքստում՝ Լեռնային Ղարաբաղի հետագա ճակատագրի մասով:
Լրագրողների խնդրանքին`մեկնաբանել Աստանայում արած Սերժ Սարգսյանի հայտարարությունը , Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ այս պահին դժվար թե մեկը կարողանա ասել, թե Հայաստանի համար ի՞նչ է ենթադրում հունիսի 15-ի ժամկետը: Նա գտնում է, որ առաջիկա նիստի ժամանակ խորհրդարանը պետք է պահանջի, որպեսզի ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը ինչ-որ մի ձեւաչափով գա խորհրդարան եւ պատգամավորներին պարզաբանումներ տա եւ այս հարցերի վերաբերյալ: «Ես այսօր հենց գրավոր կդիմեմ պարոն Նալբանդյանին` հրավիրելով առնվազն սկզբի համար մեր հանձնաժողով, պարզաբանումներ ստանալու համար: Բայց կարծում եմ, որ սա մեկ հանձնաժողովի խնդիր չէ, պետք է ողջ խորհրդարանը իրազեկվի»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
«Ես չեմ կարծում, որ Հայաստանում կգտնվի քաղաքական որևէ ուժ, որ այս հարցի վերաբերյալ այլ դիրքորոշում կդրսևորի»,- ընդգծեց բանախոսը` հավելելով, որ Հայաստանը չի կարող Ղարաբաղից առանձին լինել:
Բայց, քանի որ երկու փոխարտգործնախարարներն այսօր խորհրդարանում այդպես էլ հստակ բան չասացին, նա եւս կարծում է, որ ինչ-որ խնդիր կա:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ