Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԳՆ-ից խորհրդարան էր եկել ոչ կոմպետենտ պաշտոնյա

Մայիս 29,2014 17:11

«Ձեզ շատ վատ մի զգացեք, պարոն Արզումանյան: Պարոն Նալբանդյանը երեկ դեռ չգիտեր թե ի՞նչ է սպասվում Հայաստանին: Ասաց`կգնանք Աստանա`կերեւա»,- այսօր խորհրդարանում, նախորդ տարվա բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ Ալեքսանդր Արզումանյանին հորդորեց Նաիրա Զոհրաբյանը:

Քննարկվում էր Հայաստանի`եվրոինտեգրման անցյալ տարվա ընթացքը:
ԱԳՆ-ից քննարկմանը մասնակցում էր փոխնախարար Կարեն Նազարյանը: Դա պարոն Նազարյանի առաջին աշխատանքային օրն էր, մինչ այդ նա ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցիչն էր: Պատգամավորների վրդովմունքի պատճառն այն էր, որ ոլորտը ներկայացնելու եւ հարցերին պատասխանելու համար խորհրդարան էր եկել մի մարդ, որը, մեղմ ասած կոմպետենտ չէր: Իր խոսքի սկզբում դա խոստովանեց նաեւ Կարեն Նազարյանը, որն, ի վերջո, այդպես էլ որեւէ հարցի չպատասխանեց:

Նաիրա Զոհրաբյանն իր մտահոգությունը հայտնեց Աստանայում այսօր զարգացած իրադարձությունների մասով, ԼՂՀ-ի հետ կապված հնչած մի շարք հայտարարությունների ու հռետորական հարց տվեց. «Ո՞վ է պատգամավորներին`ժողովրդի հետ միասին, պատասխան տալու`ի վերջո ԼՂՀ-ն Հայաստանի հետ միասին լինելո՞ւ է մաքսային տարածքում. Ով է դա որոշում»: Նաիրա Զոհրաբյանը նաեւ հետաքրքրվել էր`ո՞վ և ե՞րբ է ներկայացնելու և պաշտպանելու Հայաստանի շահերը` հղում անելով Աստանայում Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաևի արած հայտարարությանը: «Նազարբաևի այսօրվա հայտարարության մեջ հստակ ասվում է` Եվրասիական տնտեսական միությունը սպասարկում է մեր երեք պետությունների` Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի շահերը: Որտե՞ղ է Հայաստանի շահը, ընդհանրապես մենք շահեր ունե՞նք, դրանք ինչ-որ մեկը ներկայացնելու և պաշտպանելո՞ւ է: Սա շատ ամբիցիոզ հայտարարություն է, թե այս տարածքը հետապնդում է միայն այդ երեք պետությունների շահերը»:

Այս հայտարարությունը Նաիրա Զոհրաբյանն առավել մտահոգիչ է համարում այն առումով, որ մինչև հունիսի 15-ը Հայաստանը միանալու է այդ պայմանագրին:
Արամ Մանուկյանն էլ ռեպլիկ նետեց, որ Նալբանդյանը գա էլ չի իմանալու`ոչ վաղը, ոչ մյուս օրը, քանի որ ցավոք, Հայաստանը վաղուց ինքը չի որոշում իր ճակատագիրը:
Հայաստանի եւ ԵՄ-ի հետագա համագործակցության մասին միայն փոխնախարարն ասաց, որ այս պահին Հայաստան-ԵՄ հարաբերությունների բախում չկա, բայց առաջիկա ամսվա ընթացքում նախատեսված են մի շարք հանդիպումներ, որտեղ նոր իրավապայմանագրային հենքը կհստակեցվի:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031