Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս դառնալ բիզնեսմեն

Մայիս 29,2014 16:44
gorcarar

Սաքոն թոշակառու էր, հիմա չէր աշխատում և մի տեսակ նեղված էր զգում, ստացած թոշակը չէր բավարարում ընտանիքի կարիքները հոգալու համար: Երեխաները, իհարկե, օգնում էին, բայց իր աշխատածն էր ուզում ծախսել: Օրերով մտածում էր աշխատանքի մասին: Մի քանի անգամ գրանցվել էր աշխատանքի տեղավորման գործակալություններում, բայց ամեն անգամ էլ ձգձգել էին, պայմանագրի ժամկետը լրացել էր, ու հարմար գործ չէին առաջարկել:

Հիմա էլ շատ էր մտածում ինքնուրույն մի գործ ձեռնարկել, աշխատել: Համակարգչային գրագիտությանը նվիրված իր գրած տասից ավելի ուսուցանող գրքերը, որ պարտքով հրատարակել էր, դժվար էին վաճառվում և հազիվ իրենց ծախսն էին հանում կամ չէին էլ հանում: Նույնիսկ ձեռնարկել էր երիտասարդ հասակում գրած բանաստեղծությունների, փոքրիկ վիպակի և պատմվածքների հրատարակումը, բայց…
«Էս գրքի բիզնեսը այնքան էլ լավ չի ստացվում, մտածում էր Սաքոն, ով իր համար, չգիտես ինչու, գրական անուն էր հնարել` Ջորդան Սագո: Երբ հարցնում էին` ինչու հատկապես Ջորդան, պատասխանում էր` հնչեղ է»:

Եվ ահա Սաքոն մտքում բիզնեսի նոր ծրագիր հղացավ և փորփրելով իր պատշգամբի ծակուծուկը` գտավ մի քանի լեհական արտադրության հին հեռախոսներ, որ սովետի ժամանակ հիմնարկից էր բերել, սափրելու էլեկտրական մեքենաներ, հին փոխանջատիչներ և էլի մի քանի ռադիոդետալներ, տեղավորեց պայուսակի մեջ և հաջորդ օրը առավոտյան ճանապարհ ընկավ դեպի հանրապետական մարզադաշտին հարակից «Վերնիսաժ» կոչվող թաղամասը, որտեղ զանազան հին ու մաշված անպետքություններ էին վաճառում:
«Վերնիսաժ» կոչվածի այս հատվածը մի տարածք է, որտեղ գետնի վրա, հողերի մեջ, բորբ արևի տակ կամ ձմռան սառնամանիքին մարդիկ շաբաթ և կիրակի օրերին բերում են իրենց տանը եղած զանազան անպետքությունները, որ գուցե վաճառեն, նույնիսկ չնչին գներով, ընտանիքի որոշ կարիքներ հոգան: Իհարկե, դրանց մեջ հաջողակներ էլ կան: Ամեն մեկը իր հետաքրքրությունն ունի, մեկը վաճառում է իր տան ունեցած պիտանի կամ անպետք ապրանքը, մեկ ուրիշը այն վերցնում է այդտեղ հայտնված մարդկանցից շատ էժան գնով և վաճառում երկու կամ ավելի անգամ թանկ գնով:

Սաքոն երթուղայինից իջավ համապատասխան կանգառում և ոտքերն ակամա ուղղեց դեպի մոտակա տեղամասը: Տեսարանը առավել խղճալի էր, քան պատկերացնում էր: Այստեղ մարդիկ այնպիսի խառնիճաղանջ վիճակում էին իրենց ապրանքները գետնին փռել, որ դժվար էր մեկանգամյա պտույտ գործելով տեսնել և ուսումնասիրել ամեն ինչ: Երկար դեգերելուց հետո, հուսահատ վիճակում Սաքոն ուզում էր լքել տարածքը, երբ նկատեց գետնի վրա փռված զանազան անպետքությունների մեջ հին հեռախոսներ և սափրելու էլեկտրական սարքեր:

«Վերջին անգամ բախտս փորձեմ»,-մտածեց Սաքոն և մոտեցավ վաճառողուհուն:
-Հին հեռախոսներ և սափրելու սարքեր ունեմ, չե՞ք վերցնի,-հարցրեց նա, կարմրելով:
-Հլա ցույց տուր տեսնեմ,-հետաքրքրվեց վաճառողուհին:
Սաքոն ուրախացավ, արագորեն բացեց պայուսակը և ցելոֆանե տոպրակների մեջ խնամքով փաթաթած իրերը մեկիկ-մեկիկ պարզեց գնորդ կնոջը: Կինը արագորեն բացեց տոպրակները և ասաց.
-Սրանք, ախպեր ջան, ախր չեն վաճառվում, բայց քեզ օգնելու համար կվերցնեմ ու էս բոլորին կտամ հազար երեք հարյուր դրամ,-ասաց կինը:
-Տիկին ջան,-հուզված սակարկել փորձեց Սաքոն,-ախր, էս սափրելու սարքը լրիվ նոր է, ոչ մի անգամ չեմ բանեցրել:

-Սրանք անպետք բաներ են, դե, դու գիտես, չես ուզում, մի տուր, քեզ օգնելու համար եմ ասում, տեսնում եմ թոշակառու մարդ ես, քեզ հաջողություն,-ավարտեց կինը:
-Դե, լավ,-ճարը կտրած համաձայնեց Սաքոն,-մեկ է տանելու էի աղբարկղ գցեի,-մտքում ասաց նա:

Գնորդ կինը նույնիսկ այդ հազար երեք հարյուրը չուներ, որ վճարեր Սաքոյին, բայց մոտեցավ հարևան վաճառողներից մեկին, պարտքով խնդրեց հազար դրամը, իսկ երեք հարյուրը իր գրպանից հանեց, հաշվեց և տվեց Սաքոյին:
Հազար երեք հարյուր դրամը ձեռքին` Սաքոն շտապելով անցնում էր մարդկանց հոծ շարանների միջով` ավտոբուսի կանգառ հասնելու համար և հանկարծ նրանցից մեկը դիմեց նրան:

-Ախպեր ջան, վերցրեք այս թերմոսը, բոլորը գնացին, էլ ու՞մ է պետք, երեկ մեկը այստեղ սրանից ավելի վատը հազար հինգ հարյուր դրամով վաճառեց, ես ձեզ հազարով կտամ.-ասաց անծանոթ տղամարդը` երևի տեսնելով Սաքոյի ձեռքում սեղմած հազար դրամանոցի ծայրը:

-Իսկ աշխատու՞մ է,-հանկարծակիի եկած, հարցրեց Սաքոն:
-Իհարկե, լավ էլ աշխատում է, բայց բոլորը գնացել են, էլ ու՞մ է պետք:
Սաքոն տղամարդուն չհարցրեց, թե ովքեր են գնացել, ուր են գնացել, ինչի համար են գնացել և ձեռքում սեղմած հազար դրամանոցը ինքնաբերաբար պարզեց նրան:
-Վերցնու՞մ եք,-ուրախացավ տղամարդը:
-Հա,-ասաց Սաքոն:
Տղամարդը գետնից վերցրեց ցելոֆանե տոպրակը, թերմոսը դրեց մեջը և ժպտալով պարզեց Սաքոյին` ասելով.
-Շնորհակալ եմ, դուք ինձ մեծ լավություն արեցիք, բարով բանեցնեք:
Սաքոն արագ վերցրեց թերմոսով տոպրակը և արագորեն լքեց տեղամասը` նույնպես շնորհակալություն հայտնելով թերմոսի տիրոջը:

Եվ ահա նստած միկրոավտոբուսի վերջին նստարանին` Սաքոն մտքում գրում էր այդ օրվա իր հետ պատահած պատմությունները և հաշվում իր բիզնեսի վերջնական արդյունքը:
Առևտրից ստացել էր հազար երեք հարյուր դրամ գումար, որից թերմոսին վճարել էր հազար դրամը, իսկ երկու հարյուր դրամն էլ` ծածկելու էին տրանսպորտի ծախսերը. արդյունքում ստացվում էր հարյուր դրամ մաքուր շահույթ:

Մտքում ծիծաղելով իր խղճուկ «բիզնեսային» վաստակի վրա, Սաքոն իրեն ոգևորեց այն մտքով, որ բոլոր հարուստներն էլ այդպիսի չնչին գումարներից են սկսել դիզել իրենց միլիոնների հարստությունը: Հո ինքը չի ասում, բոլոր գրքերում են գրում այդ մասին: Օրինակ, համակարգչային մաթեմատիկական ծրագրերի մագնատ ամերիկացի Բիլ Գեյթսը, սովորական գարաժում է սկսել իր բիզնեսը և հիմա աշխարհի ամենահարուստ մարդն է: Էհ, մեկ-մեկ էլ հարուստների ցուցակի երկրորդ հորիզոնականում է հայտնվում, ինչ կա որ:

Ոգևորված այդ մտքից Սաքոն որոշեց տուն հասնելուն պես պատմվածք գրել իր` նորելուկ բիզնեսմենի մասին և այն սկսեց շարադրել մտքում, քանի որ դեռ բավական երկար ճանապարհ ուներ տուն հասնելու համար: Որպեսզի պատմվածքն ավելի դրամատիկ վախճան ունենար, նա որոշեց իրական պատմության վերջում ավելացնել նաև սարքովի մի հատված, որտեղ իբրև թե պետք է տեղի ունենար հետևյալը:

«Բիզնեսմենը», որը այդ օրը շահել էր հարյուր դրամ, ճանապարհի վերջում իջնում է միկրոավտոբուսից, գնում է սուպերմարկետ` գնումներ կատարելու, դնում է այնտեղի պահարանի խցիկներից մեկում իր գնած թերմոսը, շուկայից գնած լոլիկը, վարունգը և պղպեղը, մտնում է վաճառասրահ` առևտուր անելու: Ավարտելով գնումները` նա մոտենում է իր փակած պահարանախցիկին` թերմոսն ու շուկայից գնած ապրանքը հանելու և սարսափով նկատում է, որ պահարանի խցիկը բացել են ու պայուսակը տարել…
«Լավ էլ պատմվածք կլինի և կուղարկեմ թերթերին, գուցե նաև հոնորար կտան և բիզնեսիս հարյուր դրամը ավելի կաճի»,-մտքում եզրափակեց Սաքոն:
Այսպիսի դրամատիկ երանգներով ավարտելով մտքում գրված պատմությունը` Սաքոն վճարեց ուղևորավարձը և համապատասխան կանգառում իջավ միկրոավտոբուսից:
Ինչպես և որոշել էր, սկզբում մտավ շուկա, գնումներ կատարեց, ապա շտապեց սուպերմարկետ` կաթնամթերք և հրուշակեղեն գնելու: Նոր ձեռք բերած թերմոսը և շուկայից գնած ապրանքները տեղադրեց թիվ 13 պահարանախցիկում, բանալիով փակեց այն, ձգեց պահարանի բռնակից` ստուգելով նրա փակված լինելը, վերցրեց ապրանքասայլակը և հրելով մտավ խանութի վաճառասրահ: Ապրանքները ընտրեց, դարսեց սայլակի մեջ, մի քիչ ոտքը կախ գցեց` զովանալու համար: Ախր, վերնիսաժի արևից ու փոշուց, միկրոավտոբուսի հեղձուկ օդից, շուկայի ձկան տհաճ հոտից հետո շատ հաճելի մաքրություն ու զովություն էր տիրում սուպերմարկետում: Դեռ երաժշտությունն էլ` գումարած:

Վերջապես սայլակով մոտեցավ դրամարկղին, վճարեց, դրամի մանրը և շահող կտրոնը (մեկ էլ տեսար ավտոմեքենա շահեց) վերցրեց, շնորհակալություն հայտնեց սիրունիկ գանձապահին, ապա մոտեցավ պահարանախցիկների տեղամասին: Նեղլիկ տարածքում մարդիկ սպասում էին, որ իրար վրա դարսված 60-ից ավելի պահարանախցիկներից մեկն ազատվի, իրենց ապրանքը դնեն այնտեղ, մտնեն գնումներ կատարելու: Սաքոն մոտեցավ իր զբաղեցրած պահարանախցիկին, գրպանից հանեց 13 համարի բանալին և սարսափով նկատեց, որ պահարանախցիկը բաց է, իսկ դռան վրա արդեն կախված է 5 համարանիշով բանալին…

Սաքոն ակամայից ցնցվեց ոչ թե նրա համար, որ իր տոպրակները տարել էին, այլ այն բանից, որ միկրոավտոբուսում իր մտքում գրված պատմության վերջում գուշակել էր գնած թերմոսի վախճանը:

Բայց Սաքոն ընկճվողներից չէր, նա մոտեցավ սուպերմարկետի հերթապահ երիտասարդ կառավարչին և նկարագրեց տեղի ունեցածը` ձեռքում բռնած ունենալով 13 համարանիշով բանալին:

Երիտասարդ կառավարիչը հորդորեց Սաքոյին չանհանգստանալ, սպասել մի քիչ, մինչև ինքը գնա և երկրորդ հարկի աշխատասենյակում դիտարկի վաճառասրահում տեղադրված տեսախցիկների տեսանկարահանումները:

Բավական երկար սպասեց Սաքոն կառավարիչ տղային, այդ ընթացքում նրան մոտեցան իր հին ու նոր ծանոթներից մի քանիսը, հարցնելով, թե ինչ է պատահել: Սաքոն համառոտակի պատմում էր եղելությունը, մինչև նրան վերջապես մոտեցավ կառավարիչ երիտասարդը:
– Հայրիկ ջան, մենք նայեցինք տեսագրությունը, պարզեցինք, որ դուք ձեր իրերը դրել եք այլ պահարանում,-ասաց երիտասարդը և իր ձեռքի բանալիով բացեց 31 թվանշանով պահարանախցիկը, որը գտնվում էր նույն ուղղահայացում, բայց մեկ աստիճան ներքև:
-Վա’յ, սրանք իմ իրերն են,-ուրախացավ Սաքոն և արագորեն պահարանախցիկից դուրս քաշեց շուկայից գնած բանջարեղենի և չարաբաստիկ թերմոսի տոպրակները, շնորհակալություն հայտնեց կառավարիչ երիտասարդին և զարմացավ, թե ինչպես եղավ, որ իր ձեռքում էր 13 համարանիշով բանալին, որի դռան վրա հայտնվել էր թիվ 5 բանալին, իսկ պայուսակը դուրս բերվեց 31 թվանշանով պահարանախցիկից:

-Դե, բանալիները որոշ ժամանակից հետո մաշվում են, սկսում են մեկը մյուսին բացել,-արդարացավ խանութի երիտասարդ կառավարիչը:

«Ես էի մեղավոր այս պատմության համար, սուպերմարկետում հո չգիտեին իմ հնարած պատմության ավարտի մասին-մտքում իրեն պախարակում էր Սաքոն,-ախր ինչու՞ միկրոավտոբուսում պատմվածքը թերմոսի կորստի սցենարով ավարտեցի, մյուս անգամ մտքումս պատմվածք գրելիս այդպիսի անհաշվենակատություն չեմ ցուցաբերի»:
Հետո այս պատմությունը դարձավ Սաքոյի համար զավեշտալի հիշողություն և ծանոթների ու բարեկամների հետ թե հեռախոսով խոսելիս և թե կենդանի հանդիպումների ժամանակ բոլորին պատմում էր իր անփառունակ բիզնեսի, միկրոավտոբուսում գրած հրաշալի պատմվածքի և սուպերմարկետում պատահածի մասին, որը այդպես էլ ոչ մի թերթ չտպագրեց: Պատմում էր, ժպտում, ապա` տխրում:

ՍԻՄԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031