Հայաստանը մինչև հուլիսի 1-ը ստորագրելու է Եվրասիական միությանը միանալու պայմանագիրը, եթե, իհարկե, համաձայնի Եվրասիական միության հիմնադիր անդամ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի առաջ քաշած պայմանին: Իսկ պայմանը հետևյալն է՝ միանալ Եվրասիական միությանը ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով, այսինքն՝ առանց Լեռնային Ղարաբաղի:
Ղազախստանի նախագահը այդ մասին հայտարարեց այսօր Աստանայում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ:
Ընդ որում, Նազարբաևը ասաց նաև, որ իրենք՝ հիմնադիր երկրների նախագահները, չեն ուզում նյարդայնացնել ադրբեջանցի իրենց գործընկերոջը:
Ադրբեջանը, ի դեպ, որևէ կապ չունի Եվրասիական միության հետ և երբեք չի ակնարկել, որ կուզենար անդամակցել այս միությանը:
Կարդացեք նաև
Հետաքրքիր է, որ Նազարբաևը փաստարկ ներկայացրեց Հայաստանի նախագահին՝ «դուք նման ձևով միացել եք Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, նախադեպ կա»:
Բացի այդ, նա հավելեց, որ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահները ստացել են Ադրբեջանի նախագահի նամակը, որտեղ շեշտված է, որ Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Հայաստանը անդամակցել է պայմանով, որ պայմանագրի դրույթները գործելու են միայն ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններում:
«Սա մենք դեռ քննարկելու ենք», – ասաց Նազարբաևը:
Հայկական կողմը որևէ ձևով չառարկեց և որևէ մեկնաբանություն չարեց:
Ճիշտ է, Ղազախստանի նախագահը նաև հավելեց, որ այսօր տվյալ հարցի շուրջ որոշում չեն կայացնում, պայմանավորում են, որ սա քննարկելու են հունիսին:
Այսօրվա նիստին Եվրասիական միության հիմնադիր երկրների ղեկավարները և Հայաստանի նախագահը պայմանավորվեցին, որ առաջիկա ամսին կհամաձայնեցնեն, ինչպես Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն է ասել՝ մնացած երկու-երեք հարցերը, և Հայաստանը կարող է մինչև հուլիսի 1-ը ստորագրել Եվրասիական միությանը միանալու մասին պայմանագիրը:
Ազա Բաբայան
Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում