Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայկ Ալումյանը վախենում է դատավորի վրա ճնշումներից. «Շատ բարձր եմ գնահատում Նապոլեոն Օհանյանին»

Մայիս 29,2014 16:31

«Նապոլեոն Օհանյանն այն դատավորներից մեկն է, որին ես շատ բարձր եմ գնահատում, իր ե՛ւ մարդկային, ե՛ւ մասնագիտական հատկանիշները: Ուրիշ բան, թե այս գործով ինչ ճնշումներ կլինեն դատարանի վրա: Դա արդեն ուրիշ հարց է: Այն, որ տվյալ դատավորը լավագույններից մեկն է այսօր՝ ես այդ կարծիքին եմ»,- մայիսի 29-ին Aravot.am-ի հետ զրույցում Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանն այսպիսի կարծիք հայտնեց այն դատավորի մասին, որին է մակագրվել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած Գորիսի հայտնի միջադեպի քրգործը:

Նապոլեոն Օհանյանը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է: Հիշեցնենք, որ այդ գործով միակ մեղավոր էր ճանաչվել Արտակ Բուդաղյանը:  Նրան մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ ցանկացել է վախեցնել եւ ահաբեկել Սուրիկ Խաչատրյանին եւ նրա ընտանիքի անդամներին ու իր մեքենայով, իր անունով գրանցված որսորդական հրացանով զինված՝ գնացել է Սուրիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան մոտ, սպառնացել նրա հարազատներին:

Հայկ Ալումյանը վստահեցրեց, որ իրենք Արտակ Բուդաղյանին առաջադրված մեղադրանքը չեն ընդունում:

Հաշվի առնելով, որ Սուրիկ Խաչատրյանի, նրա հարազատների անունը վերջերս նորից շրջանառվեց՝ դանակահարության դեպքի հետ կապված, մենք հետաքրքրվեցինք, թե դա ինչքանո՞վ կարող է օգնել Արտակ Բուդաղյանի գործին՝ ցույց տալու, թե ինչ մարդկանց հետ գործ ունեք՝ Հայկ Ալումյանը պատասխանեց. «Այդ ուղղությունից ես օգնություն չեմ ակնկալում: Ես կարծում եմ, որ եթե նման իրավիճակում քննվեր գործ, որտեղ մյուս կողմը այդ աստիճան հովանավորչությունից չի օգտվում, այսինքն, սովորական, շարքային քաղաքացի է, ինչպես որ մյուս կողմը, ապա միանշանակ պետք է ամեն ինչ ավարտվեր Արտակ Բուդաղյանին արդարացնելով: Իսկ նախաքննության ընթացքում, իհարկե, մեղադրանքներ պիտի առաջադրվեին եւ գործը պիտի գնար դատարան Տիգրան Խաչատրյանի եւ Զարզանդ Նիկողոսյանի, եթե մյուս կողմն այդ աստիճան բարձր հովանավորչությունից օգտվող կողմ չլիներ: Բայց երբ որ խոսքը գնում է այդ ընտանիքի անդամների մասին, ես, ցավոք, այս գործի օրինակով այդ մարդկանց հետ կապված մյուս դեպքերն ուսումնասիրելով՝ հետզհետե համոզվում եմ, որ արդարադատությունն այստեղ բոլորի համար չէ, որ իրականացվում է»:

Մեր հարցին՝ հույսեր կա՞ն, որ արդար վճիռ կկայացվի՝ Հայկ Ալումյանը պատասխանեց. «Ես գնահատական տվեցի դատավորի պրոֆեսիոնալ եւ մարդկային հատկանիշներին: Բայց թե հետո ինչով կվերջանա այս դատավարությունը, ես ինչքան հասկացա, դա, ցավոք, մենակ իրենից չի կախված լինելու: Կան գործեր, որտեղ ճնշումները հսկայական են: Ես վախենում եմ, որ սա այդ դեպքերից է»:

Հայկ Ալումյանը վստահեցրեց, որ ամեն ինչ այնպես չի եղել, ինչպես Սուրիկ Խաչատրյանի կողմն է ներկայացնում. «Այդ նկարագրությունն իրականությանը չի համապատասխանում: Բայց մեր ասածներն էլ պետք չի հիմք ընդունել: Վերցրեք տեսանյութը, նայեք եւ ամեն ինչ կընկնի իր տեղը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031