Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանն ի վիճակի՞ է բոլորին հարկային դաշտ բերել

Մայիս 29,2014 16:12

«Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ չնայած բնակչության ութսուն տոկոսը դեմ է պարտադիր կուտակային օրենքին, բայց մենք միևնույն է պիտի իրականացնենք, քանի որ, ի՞նչ վատ է, որ ունենում ենք ցածր տոկոսադրույքով, բայց երկարաժամկետ վարկեր: Նա խոստովանեց այն, ինչում մենք կասկածում էինք»,-այսօր «Ելակետ» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը մտահոգություն հայտնեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:

Պատգամավորը նկատեց. «Հիմա փորձում են մինչև սեպտեմբեր 120 հազարանոց բանակը դարձնել 250 հազար, որ ասեն` այսքան մարդ կողմ է կուտակայինին և կփորձեն ներգրավել տարբեր կազմակերպությունների, որոնք իրենց ազդեցության տակ են, իսկ մեր երկրում 90 տոկոսը իրենց ազդեցության տակ են»:

Aravot.am-ի հարցին` ինչպե՞ս է մեկնաբանում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի` «ոչ թե պարտադիր, այլ պարտադրված» արտահայտությունը, տիկին Սարգսյանն այսպես պատասխանեց. «Չկա մեկը, որ կարող է դա բացատրել: Եթե արդեն հիմքում պարտադիր բառն է, ուրեմն ի՞նչ է նշանակում ոչ պարտադիր: Գուցե պարտադրված ասելով մտածում են, որ պետությունը պիտի այդ գումարը փոխանցի՞: Չեմ կարծում, որ մեր պետբյուջեն ունի այդ հնարավորությունները: Հետևաբար կան շատ անհասկանալի արտահայտություններ և քայլեր, որոնք ուղիղ հուշում են, որ կառավարության ներկայացրած ծրագիրն, ինչպես միշտ գեղեցիկ ու հնչեղ է, բայց առ ոչինչ քաղաքացու համար: Նույնիսկ որպես ընդդիմություն` չէի ցանկանա, որ կառավարությունը տապալեր, քանի որ դրա պատճառով ժողովրդի կենսամակարդակի անկում կգրանցվի: Ու թող մենք չուզենք, բայց այդ ծրագիրը իրականություն դառնա»:

Դառնալով ՀՀ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի անձին վերաբերող հարցին` տիկին Սարգսյանը նշեց. «Երբեք անձով պայմանավորված չէ մեր երկրում կառավարման արդյունավետությունը: Դա լինի Հովիկ Աբրահամյանը, թե վատ երազներում, բայց Գալուստ Սահակյանը, կամ մյուսները, ՀՀԿ-ի կարկառունները, ես չեմ կարծում` եթե նույնիսկ իրոք այդքան ազնիվ մղումներ ունենան և ցանկանան բարեփոխել, դա նրանք անելու ի վիճակի են, քանի որ կառավարման համակարգը վաղուց կարծրացած քրեաօլիգարխիկ համակարգի արդյունք է: Երբ հայտարարվում է, որ բոլոր գործարարները բերվելու են հարկային դաշտ, կուզեի հավատալ, չեմ բացառում, որ Հովիկ Աբրահամյանն էլ է դա ցանկանում: Բայց արդյոք Հովիկ Աբրահամյանն ի վիճակի՞ է բոլորին  հարկային դաշտ բերելու և վերահսկելի դարձնելու, եթե ոչ, ապա դա նախադեպ է ստեղծում, որը հուշելու է մյուս գործարարներին, որ կարող են խուսանավել թափանցիկությունից»:

ՕԵԿ-ի հետ հնգյակ կազմելու հարցին ի պատասխան՝ Լյուդմիլա Սարգսյանն ասաց. «Դեռ ժողովուրդը պիտի հավատա, որ ՕԵԿ-ը ընդդիմություն է, որից հետո կմտածենք: ՕԵԿ-ի համար դժվար շրջան է, այդպիսի կտրուկ անցումներ ՕԵԿ-ի մոտ արդեն որերորդ դեպքն է: ՕԵԿ-ը նախ պիտի կարողանա վստահություն ձեռք բերել ժողովրդի շրջանում: Եթե ժողովուրդը տեսնի, որ ՕԵԿ-ը քառյակի հետ է աշխատում, նույն խնդիրներն են բարձրացնում, ապա կմտածենք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031