Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է ներկայացել բժշկագիտական գիտությունների թեկնածու, դոցենտ, փորձագետ Գագիկ Հարությունյանը:
Լիա Միսակյանի մահվան գործով նա ներգրավվել է որպես հանձնաժողովի նախագահ:
«Վերլուծական աշխատանքներ են կատարվել, բժշկական փաստաթղթերի ուսումնասիրություն է արվել, այդ թվում ռենտգենյան ժապավենն է ուսումնասիրվել: Հետեւություններ բաժնում տվել եմ եզրակացությունը»,-ասաց փորձագետ Գ.Հարությունյանը:
Կարդացեք նաև
Մեղադրողը հարցրեց, որ ըստ հետեւության, ախտորոշումը կատարվե՞լ է թերի:
«Եթե ընդունման ժամանակ ճիշտ գնահատվեր հիվանդ երկու տարեկան երեխայի վիճակի գնահատումը, անհրաժեշտ միջոցառումներ կձեռնարկվեին: Դատաքննության ընթացքում, բուժսպասարկումը իրականացնող անձինք այլ պատասխան են տվել: Ինչ կոնկրետ հանգամանքներից ելնելով եք նշում, որ ախտորոշումը եղել է թերի»:
Փորձագետն ասաց, որ երեխան ընդունվել է դեկտեմբերի երեսունմեկին, հիմնական տվյալները ներկայացնում են ծնողները, երեխայի անմիջական խնամքն իրականացնող մարդիկ: «Հիվանդը մոտ տասնչորս օր ունեցել է հազ, երեք օր առաջ նկատվել է ջերմության բարձրացում, փսխել է, դիտվել է ցնցում: Հազը հենց այնպես չի լինում: Հազը դա շնչառական համակարգի «պահապան շունն է», որին պետք է ուշադրություն դարձվեր: Փսխումը միգուցե տարբեր ախտանիշ կարող էր լիներ, աղեստամոքսային խանգարումների ժամանակ, օրգանիզմի թունավորման ժամանակ:Երբ նա հրաժարվել է սննդից, դա խոսում է թունավորման մասին: Դարձել է թույլ, այսինքն՝ տկար»:
Փորձագետը ներկայացրեց բժիշկների զննման ժամանակ դիտված հակասությունները:
«Երեխայի վիճակը ծանր է, տնքում է շնչելիս: Դա խոսել է ծանր վիճակի մասին: Պետք էր հակաբակտերիալ բուժում, որը չի կատարվել»,-նշեց Գագիկ Հարությունյանը:
Դատախազ Կարապետյանն անդրադարձավ արյան անալիզին:
Նա հարցրեց. «Հիմնավո՞ր է արյան թանձրություն հիվանդության պատճառով, եւ հնարավոր չլինի նմուշ ստանալ»:
Փորձագետն ասաց, որ «կլինիկայում նման խնդիր չի եղել:Իմ համար զարմանալի է, որ արյուն չեն կարողացել վերցնել»:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ