Լրահոս
Օրվա լրահոսը

Բաբկեն Պիպոյան. «Եթե մարդ երեկոյան չի թունավորվել եւ տեղափոխվել հիվանդանոց, դեռ չի նշանակում, որ այդ սնունդն անվտանգ էր» (Տեսանյութ) 

Մայիս 29,2014 15:20

«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հ/կ նախագահ Բաբկեն Պիպոյանն այսօր «Հայացք» մամուլի ակումբում առողջ սննդի համաշխարհային օրվա առթիվ, անդրադառնալով Հայաստանում սննդի անվտանգության խնդիրներին, կարծիք հայտնեց, որ Հայաստանում լավ սահմանված չէ, թե ինչ է սննդի անվտանգությունը:

«Այն, որ մեր երկրում սննդամթերքի անվտանգության վիճակը բավականին ծանր է, երկրորդ կարծիք լինել չի կարող» ,-հայտնեց Բաբկեն Պիպոյանը,- «Մենք առաջնորդվում ենք տեխնիկական կանոնակարգերի մեթոդաբանությամբ, իսկ տեխնիկական կանոնակարգերի մեթոդով շարժվելու պարագայում աշխարհում ոչ մի երկիր չունի սննդի անվտանգություն»:

Պրն Պիպոյանի պնդմամբ` Հայաստանում գործող համակարգը միջազգային ստանդարտների համապատասխան սննդի անվտանգություն ապահովել չի կարող:

Մանրամասն` տեսանյութում

 

 

Բաբկեն Պիպոյանի կարծիքով, Ազգային ժողովում քննարկվող սննդի անվտանգության վերաբերյալ նոր օրենքի նախագծի ընդունումից հետո էլ համակարգը չի կարողանա լուծել սննդի անվտանգության խնդիրները:

Պրն Պիպոյանի խոսքերով, եթե մարդ երեկոյան չի թունավորվել եւ տեղափոխվել հիվանդանոց, դեռ չի նշանակում, որ այդ սնունդն անվտանգ էր: Բ. Պիպոյանը սա բացատրում է այն հանգամանքով, որ երկրում ապատեղեկատվության մեծ հոսք է տարածվում: Նա նշեց, որ Հայաստանում չկան լաբորատորիաներ , որոնք փորձաքննության կենթարկեն սնունդը` պարզելու՝ արդյոք այն անվտանգ է օգտագործման համար: «Լաբորատորիան մասնավոր բիզնես է նաեւ: Մասնավոր լաբորատորիան, երբ ինչ-որ ցուցանիշ փորձաքննության չի ենթարկում, նշանակում է, որ պետությունը տվյալ ցուցանիշի նկատմամբ անտարբեր է»:

Պրն Պիպոյանը հայտնեց, որ սննդի փորձաքննության չենթարկվելու պատճառով է, որ արդեն այս տարի 4-5 հոգի ելակից թունավորումով տեղափոխվել են հիվանդանոց: Բաբկեն Պիպոյանի խոսքերով` պետք է մշակել այնպիսի համակարգ, որպեսզի վարչական պատասխանատվությունը գերազանցի փորձաքննությանը, պետք է ավելացնել տուգանքների չափը:

Ամռանն ընդառաջ, պրն Պիպոյանը տեղեկացրեց, որ հատկապես կենդանական ծագում ունեցող սննդամթերքը ամռանը դառնում է կրկնակի վտանգավոր, դրանք են՝ մսամթերքը եւ կաթնամթերքը:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031