Լրահոս
Օրվա լրահոսը

Անաստաս Միկոյանը Հայաստանի հետ հոգեւոր կապ չի ունեցել. Վարդան Հարությունյան

Մայիս 29,2014 15:11

«Այս հարցը քննարկելու ժամանակ շատ խիստ խոսքեր են ասվում Անաստաս Միկոյանի մասին», այսօր՝ մայիսի 29-ին, «Մամուլի ազգային ակումբում» կազմակերպված քննարկման ընթացքում հայտարարեց ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանը:

Քննարկման թեման էր «Միկոյանի հուշարձանի տեղադրման մասին Երեւանի ավագանու որոշումը, դրա հասարակական-քաղաքական արձագանքները եւ հետեւանքները», որին մասնակցում էին իրավապաշտպան Վարդան Հարությունյանը, «Ա1+» հեռուստաընկերության տնօրեն Մեսրոպ Մովսիսյանը, ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանը, Երեւանի ավագանու Բարեւ Երեւան խմբակցության անդամներ Անահիտ Բախշյանը եւ Դավիթ Սանասարյանը:

Քննարկմանը հրավիրված են եղել նաեւ Երեւանի ավագանու անդամներ Թամար Պողոսյանը, Լեւոն Իգիթյանը, Արա Երնջակյանը, Միքայել Դովլաթյանը եւ Մարտին Վարդազարյանը, սակայն նրանք մերժել են հրավերը:

Vladimir BarkhudaryanՎլադիմիր Բարխուդարյանը նշեց, որ նա սխալ է համարում Անաստաս Միկոյանին 1937 թվականի սպանությունները վերագրելը, եւ այն կարծիքը, թե նա հայ իրականության, մշակույթի եւ ժողովրդի համար ոչինչ չի արել: Նա նշեց, որ Անաստաս Միկոյանը բռնությունները կատարել է, քանի որ Բերիան Երեւան էր եկել նրան հսկելու համար, եւ եթե մի բան իրեն թույլ տար, իրեն շարքից կհանեին.

«Որ նա այդ քաղաքականությանը, որպես մարդ, դեմ է եղել, դա ցույց տվեց այն հանգամանքը, որ Ստալինի մահվանից հետո, Խրուշչովի կողքին առաջինը կանգնեց նա եւ քննադատեց Ստալինին, առաջինը նա կանգնեց, որովհետեւ դրանից երեւում էր, որ այն, ինչ արել էր իր կամքին հակառակ է եղել եւ հարկադրված է եղել, եթե դա չաներ նրան շարքից շուտ կհանեին»:

Չնայած որ պարոն Բարխուդարյանը խիստ դեմ է հայ ժողովրդից Անաստաս Միկոյանին կտրելուն, նա դեռ չի կողմնորոշվել՝ ցանկանում է տեսնել նրա արձանը Երեւանում, թե՞ ոչ:

Ի տարբերություն նրա՝ իրավապաշտպան Վարդան Հարությունյանը կողմնորոշվել է եւ վստահ է, որ Միկոյանի արձանը չպետք է դրվի Երեւանում, քանի որ համարում է, որ չի կարող դրվել մի մարդու արձան, ով բռնություններ է կատարել.

«Աշխարհում շատ կան մարդիկ, ովքեր վատն են՝ մեկը սրիկա է, մեկը՝ մարդասպան, մեկը՝ հանցագործ, բայց դա դեռ չի նշանակում, որ եթե մարդը սրիկա է, նա սրիկա է մշտապես եւ բոլոր բնագավառներում: Աշխարհի ցանկացած սրիկա մեկ անգամ կամ տաս անգամ կարող է լավ բան անել, եւ հիմա այդ լավ բանը բերել եւ ասել, ենթադրենք նա փրկել է Դեմիրճյանի կյանքը, միայն դա բավարար պայման չէ, որ մոռանանք հասարակ մարդկանց, ովքեր գնդակահարվել են նրա ստորագրությամբ, նրա կամքով կամ նրա հանձնարարությամբ»:

Պարոն Հարությունյանը նկատեց, որ երբեւէ Անաստաս Միկոյանը հանդես չի եղել մեղայականով, այլ պատեհապաշտորեն կանգնել է Խրուշչովի կողքին, այնուհետեւ պատեհապաշտորեն կանգնել է Բրեժնեւի կողքին՝ ընդդեմ Խրուշչովի.
«Սա խոսում է այն մասին, որ ինքը միշտ առաջնորդվել է իր նեղ խիստ անձնական շահով եւ որեւէ այլ շահ, որեւէ այլ գաղափարներ, կարծում եմ, որ նույնիսկ կոմունիստական շահով չի առաջնորդվել»:

Անդրադառնալով այն կարծիքին, թե Անաստաս Միկոյանի արձանը ցանկանում են կանգնեցնել, քանի որ նա հայ է, Վարդան Հարությունյանը հայտարարեց, որ ազգանվան «յան» վերջավորությունը դեռեւս չի նշանակում, որ նա հայ է՝ «Այս մարդը Հայաստանի հետ հոգեւոր կապ չի ունեցել»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031