Լրահոս
Օրվա լրահոսը

Ուսուցում, աշխատանք և սեփական բիզնես. ընտանեկան բռնության փակ շրջանից դուրս գալու լավագույն հնարավորություններն արդեն նաև Հայաստանում

Մայիս 29,2014 15:02

Երբ Մարինեն ամուսնու տարիներ շարունակ ծեծից ու նվաստացումներից հետո հայտնվեց հիվանդանոցում, իսկ հետո նաև կանանց ապաստարանում, երբևէ չէր մտածում, որ իր մեջ ուժ կգտնի ոչ միայն պայքարելու իր երեխաների, այլև սեփական բիզնես սկսելու համար: 9-ամյա ամուսնական կյանքի օրերը նրա մեջ սպանել էին սեփական ուժերին հավատալու ու ինքնուրույն գործելու ողջ ներուժը:

Սակայն շուտով նա կունենա խմորեղենի սեփական փոքրիկ արտադրամասը, որտեղ կպատրաստի Գավառի բաղադրատոմսով փախլավա, գաթա և կառաքի երևանյան տարբեր խանութներ:

Ընտանեկան բռնության ենթարկված կանանց տնտեսական անկախությունն ապահովելու և նոր կյանք սկսելու լավագույն հնարավորությունն ընձեռում է Հայաստանում առաջին անգամ անցկացվող «Ընտանեկան բռնության շղթայի կոտրում` կանանց տնտեսական հզորացման և շահերի պաշտպանության միջոցով» ծրագիրը, որն իրականացնում է Մերձավոր Արևելքի հիմնադրամը «Բիզնես պարետա» ՍՊԸ-ի և «Կանանց աջակցման կենտրոնի» հետ համատեղ՝ Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ֆինանսական աջակցությամբ:

Կանայք բիզնես գաղափարի հիմքում դնում են իրենց հմտություններն ու հետաքրքրությունները, ստանում են գիտելիքներ, բիզնես վարելու հմտություններ և փոքր դրամաշնորհներ իրենց բիզնեսը սկսելու համար:

«Ինձ մոտ լավ է ստացվում՝ յուրահատուկ համով, իմ սարքածից լավը չկա: Այս մտահղացումը իմն էր, բայց ամենակարևորը` ես սկսեցի տիրապետել գործարար հմտություններին, կարողանում եմ իմ շահույթն ու վնասը տարբերակել: Դասընթացը ինձ օգնեց հասկանալու, որ կարող եմ ինքնուրույն աշխատել»,- ասում է երկու երեխաների մայր Մարինեն, ով մասնակցելով ծրագրին` շահել է փոքր դրամաշնորհ և շուտով կյանքի կկոչի իր սեփական գործը:

Մերձավոր Արևելքի հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն և ծրագրի համակարգող Արփինե Բաղդոյանը նշում է, որ անցյալ տարվա սեպտեմբերից մեկնարկած ծրագիրը երկու բաղադրիչով է գործում:

«Առաջինը՝օգնել կանանց սեփական բիզնեսը պլանավորելու և վարելու հմտություններ ստանալու, աջակցել նրանց հիմնելու սեփական փոքրիկ բիզնեսը դրամաշնորհների միջոցով, և երկրորդ՝ աշխատում ենք կանանց աշխատանքի տեղավորել, մատուցելով նրանց թրեյնինգներ: Արդեն իսկ 42 կին ուսուցանվել են բիզնեսի և աշխատանքի տեղավորման ուղղությամբ, չորսն արդեն ունեն իրենց սեփական գործը, ինը կնոջ բիզնես ծրագրերն էլ արդեն արժանացել են հանձնաժողովի հավանությանը և շուտով կֆինանսավորվեն: Միկրոդրամաշնորհները տրամադրում ենք միջինը 1000 ԱՄՆ դոլարի սահմանում»,- ասում է Արփինե Բաղդոյանը:

Կանայք ներկայացնում են բիզնես ծրագրեր` հաշվի առնելով տվյալ ոլորտում իրենց հմտությունները: Բաղդոյանը նշում է, որ այս կանանց մեծ մասը գերադասում է սկսել սեփական գործը, իսկ իրենք օգնում են նրանց վերապատրաստվել և ձեռք բերել այն հիմնական պարագաները, որոնք անհրաժեշտ են գործը սկսելու համար: Սակայն այս ամենին հասնելու համար ընտանեկան կյանքում բռնության ենթարկված կնոջը ժամանակ է հարկավոր ` նորից վերածնվելու ու սեփական ուժերին հավատալու համար:

«Կանանց աջակցման կենտրոն» հ/կ տնօրեն Մարո Մաթոսյանը նշում է, որ ծրագրին մասնակցում են իրենց շահառուները, որոնց հետ նախապես երկարատև աշխատանք են կատարում:

«Մեր շահառուները չեն կարող միանգամից մտնել այս խմբի մեջ, նրանց հետ հոգեբանական աշխատանքներ ենք տանում, որպեսզի հասնեն այն մակարդակի, որ իրենց հզորացած զգան: Շատերն էլ դեպրեսիայի մեջ են լինում, համարում են, թե ոչ մի պիտանի բան չեն կարող անել: Մեր աշխատանքով աստիճանաբար նրանց դուրս ենք բերում այդ վիճակից, ինչը արդեն իսկ մեկ ամսից ակնհայտ է դառնում,- ասում է Մաթոսյանը:
– Երբ մեր շահառուներից մեկը իր աշխատանքով մի փոքրիկ մեքենա էր գնել տղայի համար, գիտե՞ք, թե դա ինչ էր իր համար, գուցե մեզ համար ոչինչ է, բայց այդ կնոջ համար մեծ հաղթանակ էր, քանի որ զոհի դերից ինքը հեղինակություն էր դարձել»:

«Կանանց աջակցման կենտրոնում» կանայք ձերբազատվում են վախի ու սարսափի կապանքներից, իսկ որոշ ժամանակ անց արդեն ի զորու են լինում որոշումներ կայացնելու սեփական կյանքի համար: Մերձավոր Արևելքի հիմնադրամն էլ օգնում է, որ կանայք տնտեսապես հզորանան:

Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի փորձագետ Հրայր Մկրտչյանն ասում է, որ կանայք սկզբում պասիվություն են դրսևորում, բայց հետո աստիճանաբար աշխուժանում են:

«Սովորեցնում ենք գործարար գիտելիքներ՝ ինչպես բիզնես պլան կազմել, ուսումնասիրել շուկան, ինչպես հետազոտություն անցկացնել: Տալիս ենք հնարավորություն, որ մեկ տարվա կանխատեսում անեն, կարողանան ստանալ իրենց ապրանքի ինքնարժեքը, ծախսերը և հստակ հասկանալ, թե մեկ տարվա կտրվածքով բիզնես ծրագիրը որքանով է շահութաբեր»,- ասում է Մկրտչյանը:

Գնահատող հանձնաժողովի կողմից գործարար ծրագրերը վերանայելուց և ֆինանսավորման ներկայացնելուց հետո կանայք ստանում են խորհրդատվություն բիզնեսը հիմնելու և կայացնելու ուղղությամբ, բիզնես խորհրդատուները օգնում են նաև ուժեղացնել նրանց գործարար կապերը:

kananc ajakcman cragir-1

Չորս կին արդեն հաջողությամբ սկսել է սեփական փոքր բիզնեսը՝ վարսահարդարում, դիմահարդարում, գործվածքեղենի արտադրություն և մատնահարդարում:.

42-ամյա Լենան շուտով հացաբուլկեղենի փոքր արտադրամաս կունենա: Ասում է, որ 19 տարի շարունակ աշխատել է հացի արտադրամասում և քաջածանոթ է աշխատանքին:
«Հիմա արդեն ափսոսում եմ, որ այդքան տարիներ ուրիշների մոտ եմ աշխատել: Բիզնեսից շատ բան չէի հասկանում, վախ կար մեջս, բայց հիմա արդեն հասկանում եմ, որ կարող եմ, ու սկսելու եմ»,- ասում է նա:

«Կանանց աջակցման կենտրոնից» Զարիկ Սարգսյանը ծրագրի հաջողակ շահառուներից է: Մասնակցելով Մերձավոր Արևելքի հիմնադրամի դասընթացներին և ստանալով շուկայի հետազոտման, գովազդային ռազմավարությունների մշակման և բիզնեսի հետ կապված հմտություններ ու գիտելիքներ` Զարիկը ներկայացնում է ծրագիր՝ հիմնել գործվածքից երեխաների և պատանիների հագուստի, աքսեսուարների արտադրություն, քանի որ շատ լավ գործում էր:

Նրա գործարար ծրագիրը ֆինանսավորվում է: Ծրագիրն օգնում է Զարիկին ձեռք բերելու գործելու մեքենա և անհրաժեշտ նյութեր ու պարագաներ:

«Երբևէ չէի կարող պատկերացնել, որ կկարողանամ աջակցել երեք երեխաներիս՝ իմ սեփական բիզնեսը վարելու միջոցով: Այս ծրագիրն ինձ վստահություն ներշնչեց»,- ասում է Զարիկը:

Արփինե Բաղդոյանը նշում է, որ ծրագիրը պիլոտային է` տասնութ ամիս ժամկետով, և նպատակ ունեն ծրագրի «Շահերի պաշտպանություն» բաղադրիչի շրջանակներում առաջարկներ ներկայացնել համապատասխան կառույցներին, որպեսզի ազգային մակարդակով ռազմավարություն մշակելիս հիշեն նաև այս կանանց մասին, որոնք նման ծրագրերի միջոցով ոչ թե լրացնելու են գործազուրկների ու նպաստառուների ցանկը, այլ դառնալու են հարկատու՝ նպաստելով նաև տնտեսության զարգացմանը:

«Փորձելու ենք մեր առաջարկություններով ցույց տալ, թե ինչպես այս ծրագրի արդյունքում տնտեսական անկախությունն ու ֆինանսական կայունությունը ազդում են բռնության շղթան կոտրելու վրա` նվազեցնելով նման ռիսկերը»,- ասում է նա:

Հոդվածում բռնության ենթարկված կանանց անունները փոխված են՝ անվտանգության նպատակով:

Գայանե ՄԿՐՏՉՅԱՆ

«Հանուն հավասար իրավունքների» նախաձեռնություն
Ծրագրի ղեկավար և խմբագիր՝ Գայանե Աբրահամյան
Հեռախոս: +37498 566 886
Էլ. հասցե: [email protected]
Ֆեյսբուք: https://www.facebook.com/profile.php?id=100007800990200 Թվիթեր:https://twitter.com/4equalrightsarm

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031