Այսօր, մինչ կառավարության շենքում ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը վստահեցնում էր, որ բանակում խաղաղ պայմաններում զոհված զինվորների ծնողներին միշտ հնարավորություն է ընձեռնվում «ստորադասությունից մինչեւ վերադասություն» հանդիպելու եւ իրենց հուզող հարցերը քննարկելու, կառավարության շենքի դիմաց զինվորների ծնողները բողոքի ակցիա էին անում` ամոթանք տալով կառավարությանը:
Գեւորգ Կոստանյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Ցանկացած գործ, որով կա օբյեկտիվության պակասի պատկերացում, կարող է քննարկման առարկա դառնալ ստորադասությունից մինչեւ վերադասություն, եւ ես վստահ եմ, որ յուրաքանչյուր գործով ծնողները իրավասություն ունեցել են եւ ունեն, անարգել դժգոհություններ, առարկություններ հայտնել օրենքով սահմանված նրանց տրված լիազորությունների շրջանակներում: Ես վստահ եմ, որ զինվորական դատախազը խիստ հետեւողական է այդ հարցերում»:
Գեւորգ Կոստանյանն անդրադառնալով նախաքննության ընթացքում տվյալներ չհրապարակելու հետ կապված դատախազության` մայիսի 22-ի հայտարարությանը, որը բուռն քննարկումների տեղիք էր տվել, ասաց, որ նախաքննության գաղտնիքի հրապարակումը հանցագործություն է` քրեական օրենսգրքով նախատեսված, եւ հանցագործությունը կատարվելու դեպքում համապատասխան անձինք ենթարկվելու են պատասխանատվության:
Ըստ պարոն Կոստանյանի. «Ինչ վերաբերում է նրան, որ լրագրողների կողմից քննարկման առարկա է դարձել, որ իրենց աղբյուրները չբացահայտելու հանգամանքը, դա եւս օրենքի պահանջ է, եւ ԶԼՄ օրենքը սահմանում է, որ լրագրողը պարտավոր չէ հրապարակել իր տեղեկատվության աղբյուրը: Այսինքն` լրագրողը կօգտվի իր իրավունքից եւ չի հրապարակի դա, նրա իրավունքն է, կհրապարակի՞, դա եւս լրագրողի իրավունքն է, համենայն դեպս, քրեական պատասխանատվության սուբյեկտը ոչ թե լրատվության միջոցն է կամ լրագրողը, այլն այն սուբյեկտը, ում որ դատավարության մասնակից լինելու պայմաններում հասու է դարձել տեղեկատվությունը, եւ ինքը փորձում է հրապարակել: Իսկ եթե լրագրողը օգտվի իր իրավունքից եւ չհրապարակի աղբյուրը, այստեղ արդեն այլ ընթացակարգ է սահմանված. ծանր եւ առանձնակի ծանր հանցագործությունների հետ կապված հարցերում, դատական կարգով, լրագրողը կարող է պարտավորություն կրել տեղեկատվության աղբյուրը հրապարակելու համար»:
Կարդացեք նաև
Գլխավոր դատախազի` թեմայի շուրջ մեկնաբանություններն ու Իջեւանում զոհված զինվորի գործի մանրամասները` տեսանյութում
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ