Լրահոս
Օրվա լրահոսը

2015-ին այցելելով Ծիծեռնակաբերդ՝ Թուրքիայի նախագահը քաղաքական ինքնասպանություն կգործի. Թուրքագետ

Մայիս 29,2014 13:25

Ռուբեն Մելքոնյանը կարծում է, որ Թուրքիայի նախագահը չի ընդունի Սերժ Սարգսյանի հրավերը, քանի որ նա իր հասարակության գերին է:

«Արդեն տեւական ժամանակ է, որ Թուրքիան բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով զբաղվում է կեղծ հայտարարությունների մի շարք հրապարակելով, որոնց նպատակն է ե՛ւ միջազգային հանրությանը, ե՛ւ իր հասարակությանը, ե՛ւ հայ հասարակության դյուրահավատ հատվածին հայտարարել, որ Թուրքիայում լուրջ փոփոխություններ են լինում, եւ թուրքական քաղաքական մեքենան 1915-ի հետ կապված էական վերարժեւորումներ է արել»,- այսօր՝ մայիսի 29-ին, «Հենարան» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

Նրա խոսքերով՝ փաստերը ցույց են տալիս, որ այդ հայտարարությունները միայն հայտարարություններ են, եւ որ դրանցով քողարկվում է Թուրքիայի հստակ հակահայկական քաղաքականությունը: Անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը եւ Թուրքիայի նախագահի Հայաստան հրավերին` թուրքագետը նշեց, որ նա այդպիսով բաժանարար գիծ անցկացրեց կեղծիքի եւ իրականության միջեւ.«Այդ գիծը հետեւյալն է՝ Թուրքիան պետք է հրաժարվի կեղծ հայտարարությունների փորձից, եւ եթե անկեղծ են նրա մղումները, ապա Թուրքիայի ապագա նախագահը, որն ամենայն հավանականությամբ ներկայիս վարչապետն է, 2015-ին պետք է այցելի Երեւան եւ գլուխ խոնարհի անմեղ զոհերի հիշատակին»:

Պարոն Մելքոնյանը հայտարարության մեջ առանձնացրեց երկու կետ, առաջինը՝ Հայաստանն առաջին անգամ բարձր մակարդակով պատասխանեց Էրդողանի հայտարարությանը, եւ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից այն գնահատվեց իբրեւ թուրքական ապակառուցողական, կեղծ հայտարարությունների մի ամբողջություն, որը քողարկված է բարյացակամության շղարշով: Իսկ երկրորդը վերաբերում է պատմաբաններին եւ արխիվներին, որով Հայաստանը եւս մեկ անգամ հաստատեց, որ Հայաստանի եւ քաղաքակիրթ երկրների համար Հայոց ցեղասպանության քննարկման հարցը վաղուց փակված է. «Այս անգամ եւս մեկ այլ դաշտում, բայց համենայնդեպս գնդակը նետվեց Թուրքիայի կիսադաշտ, եւ Թուրքիայի քաղաքական մեքենան բավականին ծանր դրության մեջ հայտնվեց, քանի որ այս հայտարարությունը խորքային մշակված էր եւ համապատասխանում էր 21-րդ դարի տեղեկատվական պատերազմի ոգուն, եւ դա լուրջ խնդիրներ է առաջացրել թուրքական քաղաքական վերնախավի մոտ, դրա ապացույցներից է, որ որեւէ պաշտոնական հակադարձում կամ պատասխան չկա»:

Ռուբեն Մելքոնյանը նշեց, որ փաստորեն նախագահական ընտրություններից հետո Թուրքիայի նորանշանակ նախագահը մեխանիկորեն կդառնա Սերժ Սարգսյանի հրավերի հասցեատերը եւ նախագահ դառնալուց հետո պետք է պատասխանի այդ հրավերին եւ ցույց տա, թե ինչքանո՞վ է Թուրքիան պատրաստ առերեսվել իր պատմության հետ:
Թուրքագետը հավելեց, որ Թուրքիայի նախագահը չի գա Հայաստան, քանի որ նա իր հասարակության գերին է եւ այդպիսով կգործի քաղաքական ինքնասպանություն եւ վնաս կհասցնի թուրքական պետության գաղափարական հիմքերին:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031