Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ավետիք Իշխանյան. «Թող քաղաքապետարանը Միկոյանի փոքր արձանիկներ պատրաստի եւ բաժանի ավագանու անդամներին» (Տեսանյութ) 

Մայիս 29,2014 13:39

«Միկոյանի արձանը պետք է անպայման դրվի, որովհետեւ մեծ  հայի արձան է, պատիվ է բերում յուրաքանչյուր հայի, նա մեր ազգի զարմանալի, վիթխարի քաղաքագետն էր, վաղուց պետք է  այդ արձանը դրվեր»,- այսօր «Հայելի» ակումբում հայտարարեց գրող, գրականագետ Արտեմ Հարությունյանը:

«Միկոյանը մեծություն էր… Միկոյանի մասին Եվրոպան ունի դիտարկում՝ ժամանակին արված: Երբ Միկոյանը մահացավ, եվրոպական թերթերը  գիտե՞ք ինչեր գրեցին՝ մահացավ մի մարդ, որը կարող էր էսկիմոսներին էսկիմո պաղպաղակ վաճառել: Նա մեծ տնտեսագետ էր»,- համոզված է Հարությունյանը: «Միկոյանի ուժն ու խելքն  էր, որ կարողացավ գոյատեւել ստալինյան համակենտրոնացման ճամբարում… Սովետը հո միայն վատ բա՞ն չէր, Սովետում Շագալ կար, Կանդինսկի, Միկոյան…»,- անդրդվելի էր գրականագետը:

 

Նրա ձեւակերպմամբ՝ ԽՍՀՄ-ի ժամանակ կային ազնիվ կոմունիստներ, որոնք աշխատել են ի փառս Հայաստանի, երբ հասարակ խոսքի համար  մարդը կարող էր հայտնվել Սիբիրում, Միկոյանըայդ  ազնիվ մարդկանցից մեկն էր:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը բազմաթիվ փաստեր բերեց՝ Միկոյանի, մեղմ ասած, ոչ բարենպաստ անցյալի ու գործողությունների մասին: «Մայիսի 9-ին մենք նշում էինք Ղարաբաղի հաղթանակը, այդ նույն մարդիկ ուզում են դնել Միկոյանի արձանը, երեկ Սարդարապատում Հանրապետության տոնն էր նշվում, ու մասնակցում էին նաեւ մարդիկ, որոնք կողմ են Միկոյանի արձանը դնելուն»,-տարակուսանք հայտնեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահը:

Իշխանյանի խոսքով, նույն մարդիկ մի կողմից խոսում են կացնահարված Ղորղանյանի, գնդակահարված Սիլիկյանի ու  ազգային արժեքների մասին, որոնց Միկոյանը դեմ էր, մյուս կողմից էլ՝  արձանը դնելու ջատագովներ են. «Ի վերջո Միկոյանը ստալինյան բռնապետության խորհրդանիշն է, Հայաստանում կազմակերպված ռեպրեսիաների գլխավոր դերակատարներից մեկը… Սա նշանակում է, որ չենք հարգում մեր ցեղասպանությունը, մեր անկախությունը, Սարդարապատի հերոսներին…Դե եկեք  Մուղդուսու արձանն էլ տեղադրենք… Անհարմար եմ զգում սրա համար: Միկոյանը, իմ համոզմամբ, անգամ Ռուսաստանում էլ մոռացված գործիչ է, այնպես որ Ռուսաստանին քծնանքի հարց չկա, ի վերջո մենք ունենք Բաղրամյանի արձան, որին ոչ ոք դեմ չէ… Ի դեպ, Միկոյանը նման է  այսօրվա քաղաքական գործիչներին, նա  բոլորին  դավաճանել է, գուցե սա սիմվոլիկ է ՀՀ քաղաքական գործիչների համար, որոնք ե՛ւ  ՀՀՇ էին, ե՛ւ կոմունիստ,  ե՛ւ ՀՀԿ…»:

 

Ավետիք Իշխանյանը ասուլիսի վերջում առաջարկեց, որ  արձանը դնելու փոխարեն, քաղաքապետարանը Միկոյանի փոքր արձանիկներ պատրաստի, «տարոսիկների» նման դրանք բաժանվեն ավագանու անդամներին եւ միկոյանասերներին:

 

 

Հավելենք, որ Միկոյանի թոռը՝ մոսկվաբնակ կոմպոզիտոր, նկարիչ եւ ռեժիսոր Ստաս Նամինը դեմ է արտահայտվել իր պապի արձանը դնելուն: Նա ասել է, որ հիշատակը պետք է ապրի մարդկանց սրտերում եւ մտքում, այլ ոչ՝ մարմարի, գրանիտի կամ բրոնզի մեջ:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031