Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գագիկ Հարությունյան. «Ավելորդ է Ձեզ հետ հարց քննարկել, քանի որ չեմ կարող իջնել այդ հարթություն»

Մայիս 29,2014 12:36

«Մեր կարծիքները հաճախ բաժանվել են: Բայց հարցերը լուծվել ու լուծվելու են ոչ թե կոնսենսուսով, այլ քվեարկությամբ»,-այսօր «Հայաստանում սահմանադրական բարեփոխումների նախնական հայեցակարգի թեմայով հանրային քննարկման» եզրափակիչ օրը հայտարարեց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը:

Նա կոչ արեց բոլորին վեր կանգնել անձնական շահերից ու ներկայացնել մտահոգ քաղաքացու առաջարկություններ ու «ոչ միայն քննադատել, ինչին սովոր ենք բոլորս, այլ առաջարկել լուծումներ»:

Այսօր քննարկումները ծավալվեցին դատական իշխանությանն առնչվող հայեցակարգային մոտեցումների շուրջ: Գագիկ Ղազինյանը նշեց առնվազն երեք պատճառ՝ հասարակական հարաբերությունները, կիրառության փորձը, գործող սահմանադրության արդունավետությունն ու արտաքին գործոնները, որոնց հիման վրա պետք է կատարել սահմանադրական բարեփոխումներ:

ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ ՀՀ կառավարությունը, ՀՀ նախագահը, ՏԻՄ մարմիններն ընդհանրապես չեն դիմել Սահմանադրական դատարան՝ օրենքների հակասահմանադրականության վերաբերյալ: Այդ հարցով դիմել են միայն դատարաններն ու քաղաքացիները:

Գագիկ Ղազինյանը շեշտեց Վճռաբեկ դատարանի տեղն ու դերը, լիազորությունները հստակ սահմանելու կարևորությունը և նշեց. «Տարեկան մոտ քսան հազար քրեական գործերից ընդամենը երեք-չորս հազարն են, որ դատարանները քննում են: Ծայրահեղ հետ իրավիճակում ենք հայտնվել, դատավորը, որ կարող է հետագայում առնչվել այս գործին, չի կարող դատական վերահսկողություն իրականացնել: Ստեղծված դատական համակարգում հաճախ դատավորները քրեական գործերը քննում են իրենց քաղաքացիական գործերը քննելու ընդմիջումներին, կամ ազատ ժամանակ»:

Գագիկ Հարությունյանը նշեց, թե քաղաքացիական հասարակությունում այլ որակների ենք արդեն հանդիպում՝ «մինչև անգամ ընտանիքներում են հակասություններ առաջանում քաղաքական կողմնորոշումների հարցում»: Այնուհետև նշեց. «Մեր նպատակն է այն, որ դատական իշխանության համակարգը, նրա ֆունկցիան լինի ոչ թե իշխանության սպասարկելը, այլ պետաիշխանական գործառույթ իրականացնի, կարողանա հակակշռող դերակատարություն իրականացնել և դառնա արդարադատության երաշխավոր»:

Հարց հնչեց՝ ի՞նչն է խանգարում ՀՀ սահմանադրական դատարանին զսպելու իշխանության ընչաքաղցությունը, ինչո՞ւ չսաստեցին ՀՀ նախագահին և սպասարկում են Սերժ Սարգսյանին: Գագիկ Հարությունյանը պատասխանեց. «Իրավունքից խոսելու ժամանակ պետք է որոշակի պատկերացում ունենալ և առարկայի և բնույթի մասին: Առնվազն 2006-ից հետո 140-ից ավելի օրենքների դրույթներ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել»:

Գագիկ Հարությունյանը նշեց, որ առաջիկայում հայեցակարգը ներկայացնելու են նաև  կուսակցություններին:

Այնուհետև հանդես եկավ «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավար Անի Զախարյանը: Նա խոսեց պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի, պահումների, նվազագույն աշխատավարձի մասին, վերահսկիչ պալատի բացահայտումների մասին և հարցրեց՝ արդյոք դա բարոյակա՞ն է: Գագիկ Հարությունյանը պատասխանեց, թե ՍԴ նախագահին նվազագույն աշխատավարձի մասին հարց եք տալիս, դիմում ներկայացրեք, մենք քննեք: Անին, թե «Ամբողջ Հայաստա՞նը պիտի դիմում ներկայացնի»: Գագիկ Հարությունյանը վրդովվեց. «Ավելորդ է Ձեզ հետ հարց քննարկել, քանի որ չեմ կարող իջնել այդ հարթություն»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031