Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ներդրումային ծրագրերն ստանում են կառավարության աջակցությունը

Մայիս 29,2014 12:32

            Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

            ՀՀ կառավարությունը թույլատրել է «Կալպատարու Փաուեր տրանզմիշն լիմիթեդ» ընկերության ՀՀ մասնաճյուղի կողմից ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի երկարաձգումը մինչև 2016թ. հունիսի 7-ը: Մասնաճյուղը իրականացնում է Նորադուզ-Լիճք-Վարդենիս-Վայք-Որոտան-1 220 կիլովոլտ օդային էլեկտրահաղորդման բարձրավոլտ գծի նախագծումը, մատակարարումն ու տեղակայումը: Գործադիրը հաշվի է առել ծրագրի կարևորությունը ՀՀ էներգետիկ անվտանգության տեսանկյունից և ակնկալում է, որ որոշման ընդունումը թույլ կտա բարեհաջող իրականացնել օդային գծի կառուցումը, ինչը հնարավորություն կստեղծի փոխանցել ավելի մեծ հզորություն, էապես բարելավել էներգահամակարգի հուսալիությունը և մատակարարվող էլեկտրաէներգիայի որակը:

Մեկ այլ որոշմամբ թույլատրվել է «Նիկոլա ինթերնեյշնլ, Արմենիա» ՍՊԸ կողմից Հայաստան ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում՝ վերամշակման համար» մաքսային ռեժիմի ժամկետը երկարացնել մինչև 2014թ. դեկտեմբերի 25-ը: Ընկերությունը վերամշակման նպատակով ներմուծել է ձիթապտուղ, որը, սակայն, չի կարողացել վերաարտահանել համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետևանքով: Թույլատրելով ժամկետի երկարաձգումը, կառավարության որոշումը կնպաստի ընկերության ֆինանսական վիճակի կայունացմանը, ստեղծված աշխատատեղերի պահպանմանը:

Նիստում «Արմյանսկի ուրոժայ» ՍՊԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով ներմուծվող 200 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգվել է մինչև 2017թ. մայիսի 26-ը: Ընկերությունը նախատեսում է Կոտայքի մարզում կառուցել 11 հա ջերմոցային տնտեսություն՝ այն հագեցնելով ժամանակակից սարքավորումներով և իրականացնելով 6.5 մլրդ դրամի ներդրում: Տարեկան թողարկվելու է շուրջ 2.7 մլրդ դրամի արտադրանք, որի գերակշիռ մասն արտահանվելու է Ռուսաստան, Վրաստան, Բելառուս, Ղազախստան: Ստեղծվելու է մոտ 90 աշխատատեղ:

Միջազգային համագործակցություն

             ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել ՀՀ կառավարության և Շվեյցարիայի դաշնային խորհրդի միջև գյուղատնտեսության բնագավառում համագործակցության համաձայնագրի կնքման առաջարկությանը: Համագործակցության ոլորտներն են հատկապես բուսաբուծությունն ու անասնաբուծությունը, ինչպես նաև օրգանական գյուղատնտեսության և կայուն գյուղատնտեսական զարգացմանն ուղղված համատեղ ծրագրերի իրականացումը, գիտատեխնիկական և տեղեկատվական կապերի զարգացումը:

Կառավարությունն իր որոշմամբ ՀՀ ազգային վիճծառայությանը թույլատրել է իրեն սպասարկող ստորաբաժանումում բացել արտաբյուջետային հաշիվ՝ ծառայությանը ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից գյուղատնտեսական համատարած հաշվառման անցկացման համար տրամադրվող ֆինանսական միջոցների տնօրինման համար: Հաշվառում անցկացնելու նպատակով տրամադրվելու է 200 հազար ԱՄՆ դոլար: Ծրագիրը կսկսվի ս.թ. հունիսի 15-ին և կավարտվի մինչև 2015թ. մարտը:

Վիճծառայությունը ս.թ. հունիսի 1-ից սկսելու է իրականացնել նաև «Դպրոցից դեպի աշխատանք» ընտրանքային միանվագ հետազոտության երկրորդ շրջափուլը, որի համար Աշխատանքի միջազգային կազմակերպությունը տրամադրելու է 100 հազար ԱՄՆ դոլար: Ծրագիրը, որը մեկնարկել է 2011թ. հունիսին և ավարտվելու է 2016թ. մայիսին, նպատակ ունի հզորացնել վիճծառայության կարողությունը՝ համակողմանի և արժանահավատ տեղեկություն հավաքելու աշխատանքի շուկայում երիտասարդների մասնակցության վերաբերյալ և դրանով իսկ նպաստելու  երիտասարդների զբաղվածությանն ուղղված երկրի քաղաքականության կատարելագործմանը, դրա արդյունավետության մշտադիտարկմանը: Այս ծրագրի ֆինանսական միջոցների տնօրինման համար ևս կառավարությունը թույլատրել է արտաբյուջետային հաշիվ բացել:

Դրամական օգնության փոխարեն կհատկացվի պարգևավճար

              ՀՀ կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ, որոնք միտված են զինծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին տրվող ամենամսյա դրամական օգնության տրամադրումը համապատասխանեցնել 2013թ. դեկտեմբերին ընդունված ՀՀ երկու օրենքի պահանջներին: Որոշման մեջ կիրառվող «դրամական օգնության» բառերը փոխարինվել են «ամենամսյա պարգևավճարի, ծերության նպաստի, հաշմանդամության նպաստի, կերակրողին կորցնելու դեպքում նպաստի» բառերով:

Նիստում որոշվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալությունը վերանվանել նախարարության աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության:

Կառավարությունը որոշել է ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության ավագ, միջին, կրտսեր սպայական և ենթասպայական անձնակազմին և ՀՀ ԿԱ ոստիկանության գլխավոր, ավագ և միջին սպայական անձնակազմին՝ կենցաղային տեխնիկայի ձեռքբերմանն աջակցելու նպատակով տրամադրվող սպառողական վարկի համար մշակված հատուկ վարկային ծրագրով տրամադրված վարկի տոկոսագումարները երկու կամ երեք տոկոսային կետով համաֆինանսավորելու նպատակով ՀՀ ֆինանսների նախարարությանը հատկացնել ավելի քան 10 մլն դրամ:

Նիստում ՀՀ ֆինանսների նախարարին հանձնարարվել է քաղաքացիական ծառայողներին բնակարաններով ապահովելու համար «Միկշին» ՍՊԸ կողմից կառուցապատման իրականացման նպատակով ընկերությանը ՀՀ 2014թ. պետբյուջեից 2014թ. առաջին կիսամյակում տրամադրել 800 մլն դրամ բյուջետային վարկ՝ մինչև 2014թ. դեկտեմբերի 1-ը մարման ժամկետով, տարեկան 7 տոկոս տոկոսադրույքով՝ որպես վարկի ապահովություն նախատեսելով ընկերության սեփականությունը հանդիսացող կառուցվող շենքի հողամասի և անավարտ շինարարության առաջնային գրավը:

Կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնք հնարավորություն կտան բուհերի դիմորդների փաստաթղթերն ընդունել նաև նույնականացման քարտով, մինչև օգոստոսի 1-ը զորացրման ենթակա զինծառայողներին լիազորված անձի միջոցով դիմում-հայտ ներկայացնել և մասնակցել ընդունելության մրցույթին:

Գործադիրը հավանություն է տվել Վարակիչ հիվանդություն փոխանցողների դեմ պայքարի ծրագրին և դրա 2014-2018թթ. միջոցառումների ժամանակացույցին: Փաստաթղթի ընդունումն իրականացվում է Հայաստանում միջազգային առողջապահական կանոնների ներդրման շրջանակում և նպատակ ունի կանոնակարգել տարափոխիկ հիվանդություն փոխանցողների դեմ պայքարը, այդ թվում՝ ՀՀ տարածք թափանցելու սահմանափակման միջոցով:

Կառավարության որոշմամբ Երևանի Իսահակյան 28 շենքի երրորդ շինության առաջին հարկից 45.7 քառ. մետր մակերեսով տարածքը անհատույց օգտագործման իրավունքով հինգ տարի ժամկետով հանձնվել է «Գրահրատարակիչների ազգային միություն» իրավաբանական անձանց միությանը:

«Պատանի երկրապահ» ակումբի մարտավարական, կրակային և շարային գործընթացը բնականոն կազմակերպելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարությանը հատկացվել է 60 մլն դրամ:

Կապահովվի քրեական և վարչական պատասխանատվության կապը

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագծին, որի ընդունումը թելադրված է վարչական և քրեական իրավախախտումների հարաբերակցությունը, դրանց միասնականությունն ապահովելու և հակասական իրավակիրառ պրակտիկայից խուսափելի անհրաժեշտությամբ:

Գործադրի հավանությունն է ստացել «Հանրային ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու օրինագիծը, որի ընդունմամբ ակնկալվում է վերացնել  օրենքի երրորդ հոդվածի երրորդ մասի կիրառման արդյունքում քաղաքացիների կողմից տեղական հարկ, տուրք և վճար կատարելու խոչընդոտները (անհնարինությունը), ինչպես նաև ապահովել համայնքների բյուջեների մուտքերը:

Կառավարությունը քննարկել է «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ ԱԺ մի խումբ պատգամավորներ: Նրանք առաջարկում են մայիսի 7-ը Հայաստանում նշել իբրև Երիտասարդության տոն: Գործադիրը նպատակահարմար չի համարել այդ փոփոխությունը, քանի որ արդեն իսկ խորհրդարան է ներկայացրել մի օրինագիծ, որով առաջարկվում է Ուսանողների և երիտասարդների օր սահմանել մայիսի 16-ը՝ Երևանի պետական համալսարանի հիմնադրման օրը:

Նիստում քննության է առնվել «Շրջանառության հարկի մասին օրենքում լրացում կատարելու օրինագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորներ:  Նախագծով առաջարկվում է շրջանառության հարկ վճարողներին գործունեության առաջին երեք տարիներին ազատել առևտրական (առք ու վաճառքի), ինչպես նաև արտադրական  գործունեությունից եկամտի շրջանառության հարկի վճարման պարտավորությունից: Կառավարությունն անընդունելի է համարել միայն շրջանառության հարկի դրույքաչափի նվազեցումը կամ այդ հարկի վճարումից ազատումը և օրինագծի վերաբերյալ բացասական եզրակացություն տվել:

Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով:

Այլ որոշումներ

             Կառավարության որոշմամբ Մոսկվայի ազգային հետազոտական միջուկային համալսարանի սան Դավիթ Ներսիսյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տրվել մինչև ուսումնառության ավարտը՝ 2019թ. ամառային զորակոչը:

Նիստում պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել է ՀՀ քաղաքացիություն ստացած չորս անձ. հաշվի է առնվել նրանց ծավալած հայանպաստ գործունեությունը սփյուռքի համայնքներում:

Կառավարությունը որոշել է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի, դրանց պրեկուրսորների ներմուծման, արտահանման և մեծածախ առևտրի գործունեության իրականացման արտոնագիր տալ (երեք տարի գործողության ժամկետով) Երևանի «Արֆարմացիա» ՓԲԸ-ին:

Գործադիրը Կարեն Թամազյանին ազատել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից:

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031