Հայրենիքի պատմականն ենք սիրում։ Իբր։ Սիրո՞ւմ ենք, թե՞ չէ։ Մի ժամանակաշրջանում ենք ապրում, երբ հարցն իսկ թիթիզություն է, հայրենիքը՝ շատերի համար կեղծ կատեգորիա։ Որովհետեւ հայրենիքը այսքան արագ ու ատելությամբ չեն լքում։ Հայրենիք, պետություն, անկախություն, ազատություն, լոկ բառեր են դարձել։ Եվ սա է իրականությունը, սա է 1998 թվականից իշխանությունը զավթածների վաստակը, նաեւ մեր վաստակը։ Ու հիմա հանգիստ կարմիր գծերից, կուտակայինից ու եսիմ ինչից ենք խոսում՝ օր օրի հայրենիք կորցնելով։
Գրելուս առիթը Սերժ Սարգսյանի վերջին ելույթն է Ցեղասպանության հարյուրամյակին նախապատրաստվող հանձնաժողովի նիստում, իսկ պատճառը հենց այդ հարյուրամյակին նվիրված աղմուկն է, այսինքն՝ ազգային մեծ ողբերգության հերթական անամոթ շահարկումն ընդդեմ Հայաստանի Հանրապետության, ընդդեմ ոչ պատմական, այլ իրական հայրենիքի։ Շահարկում՝ հանուն սեփական աղետալի իշխանության…
«Զգայացունց» այդ ճառին կամ Թուրքիայի նախագահին Հայաստան հրավիրելու փաստին չեմ ուզում մանրամասն անդրադառնալ, որովհետեւ անիմաստ գործ է: Ասեմ միայն, որ հարեւան պետության նախագահը շատ հանգիստ կարող է գալ մեր երկիրը եւ շարունակել Էրդողանի՝ այս տարվա ապրիլի 23-ին սկսածը։ Կարող է արցունքախառն, բայց արդեն ՀՀ մայրաքաղաքից խոսել հայերի եւ թուրքերի, Օսմանյան կայսրությունում ապրող այլ ազգերի տառապանքներից ու կոտորածներից, սեղմել Սերժ Սարգսյանի ձեռքը եւ… Եվ մեզ հերթական հարվածը հասցնել՝ քաջ գիտակցելով, որ դիմացինը ոչնչով պատասխանել չի կարող, որ երկիրը դատարկվում է, որ հայերն ինքնակամ են այս անգամ տարագիր դառնում։
Եվ այսպես, մոտ մեկ տարի ազգային վերքը փորփրելու են ոչ թե Թուրքիայից ինչ-որ բան ստանալու, փակ սահմանը բացելու կամ Ցեղասպանության միջազգային ճանաչումն ապահովելու համար, այլ մեզ՝ հայաստանցիներիս, զբաղեցնելու։ Չէ՛, իհարկե, միայն սրանով երկրի կարեւորագույն խնդիրներն անուշադրության մատնել հնարավոր չէ, բայց սա էլ լավ թեմա է: Կարելի է մի երկու ամիս քննարկել՝ ճի՞շտ էր Սերժ Սարգսյանի հրավերը, թե՞ չէ, կգա՞ Թուրքիայի նախագահը, թե՞ չի գա։ Կարելի է աշխարհաքաղաքական թեմաներ ծամել այս առիթով, մի քիչ էլ «մեր ազգի դեմ կազմակերպված համաշխարհային դավադրությունը» հիշել, դրանով հուզել մեր առանց այդ էլ փխրուն սիրտը ու… հանգիստ պահել իշխանությունը։
Կարդացեք նաև
Զ. ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում