Քաղաքագետ Սերգեյ Մինասյանի համոզմամբ` այսօր Աստանայում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ընթացքում Հայաստանը որեւէ լուրջ փաստաթուղթ չի ստորագրի:
«Գուցե լինի մի փաստաթուղթ, որը ամրագրի Հայաստանի՝ հետագա եվրասիական ինտեգրումը»,- այսօր «Տեսակետ» ակումբում ասաց պարոն Մինասյանը:
Անդրադառնալով վերջին օրերին հայ-ադրբեջանական շփման գծում ստեղծված լարվածությանը՝ ասաց՝ Ադբեջանը փորձում է լարվածությունը սրելով երկու խնդիր լուծել. «Ադրբեջանը համաձայն չէ ստեղծված քաղաքական իրականության հետ, Ղարաբաղի ստատուս քվոն Ադրբեջանին ձեռք չի տալիս: Շփման գծում ստեղծված լարվածությամբ, տեղի ունեցող միջադեպերով Ադրբեջանը փորձում է լրջություն տալ իր ռազմական սպառնալիքներին»:
Նա Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններ սկսելու վտանգն այնքան էլ հավանական չի համարում. «Լայնամասշտաբ գործողություններ սկսելու համար, պետք է ռազմատեխնիկական առավելություն ունենալ, ինչը հիմա չեմ տեսնում, նաեւ աշխարհաքաղաքական նախադրյալներ չկան: Կունենանք նոր միջադեպեր, բայց լուրջ ռազմական գործողություններ դժվար թե լինեն»:
Կարդացեք նաև
Քաղաքագետի գնահատմամբ, ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Թուրքիայի նորընտիր (Թուրքիայում աշնանը նախագահական ընտրություններ են լինելու) նախագահին Հայաստան հրավիրելու ՀՀ նախագահի քայլը փորձ էր աջակցել Թուրիքայի ղեկավարությանը՝ ցեղասպանության 100-րդ տարելիցի ընթացքում Ցեղասպանությունը ճանաչելու համար:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ