Երբ ապրիլի 13-ին նախագահ Սերժ Սարգսյանը վարչապետ նշանակեց Հովիկ Աբրահամյանին, ՕԵԿ-ը հայտարարեց, որ չի պատրաստվում մասնակցել նրա կողմից նոր կառավարության ձևավորմանը, և իրեն հայտարարեց ընդդիմություն։
Հասկանալի է, որ ՕԵԿ-ը փորձելու էր իր այդ քայլով հետ բերել այն ընտրազանգվածը, որը նա կորցրել էր իշխանության հետ համագործակցելու արդյունքում։ Հենց այդ ժամանակվանից սկսվեցին քննարկումներն այն հարցի շուրջ, թե արդյո՞ք ՕԵԿ-ը կկարողանա վերադարձնել կորցրածը, ձեռք բերել հանրային վստահություն, թե՞ հասարակությունը վերջնականապես և անվերադարձ հիասթափվել է ՕԵԿ-ից և այլևս չի կարող վստահել այս կուսակցության տված խոստումներին։ ՕԵԿ-ի գործողությունները ցույց են տալիս, որ նա որոշել է չշեղվել իր կողմից նախկինում օգտագործված և բավական լավ արդյունքներ ապահոված մարտավարությունից, աշխատել հասարակության առանձին շերտերի վրա։ Հիշո՞ւմ եք՝ նախկինում ՕԵԿ-ի այցեքարտը խորհրդային բանկերում ավանդադրված գումարների վերադարձի խոստումն էր և աղետի գոտու բնակչության բնակարանային և սոցիալական խնդիրների շուտափույթ լուծումը։ Այս անգամ ՕԵԿ-ը թիրախավորել է հասարակության այլ շերտեր և խմբեր, որոնք իրենց թվաքանակով, կարող է, ավելի փոքր են, քան աղետի գոտու բնակիչները կամ ԽՍՀՄ բանկերի ավանդատուները, բայց հանրագումարում նրանք բավական մեծ թիվ են կազմում և կարող են այս կուսակցության համար լուրջ ընտրազանգված դառնալ։ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի և խմբակցության քարտուղար Հովհաննես Մարգարյանի համահեղինակությամբ խորհրդարանի քարտուղարություն է մուտք արվել միանգամից հինգ օրենքի նախագիծ, որոնք, անկախ նրանից՝ կընդունվե՞ն, թե՞ ոչ, քարոզչական հզոր զենք կարող են դառնալ այս կուսակցության ձեռքին։
ՕԵԿ խմբակցության կողմից ներկայացված օրենքներից մեկը վերաբերում է «Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի և այլ միջուկային աղետներից տուժած քաղաքացիների պաշտպանությանը»։ Այս օրենքի նախագծով նախատեսվում է որոշակի արտոնություններ և փոխհատուցումներ ճառագայթային հիվանդությամբ հիվանդացած և հաշմանդամ դարձած անձանց համար։ Մասնավորապես, օրենքի նախագծի հինգերորդ հոդվածով նախատեսվում է, որ նշված անձինք իրավունք ունեն «Անվճար ամենամյա բժշկական հետազոտման՝ համապատասխան մասնագետների ներգրավմամբ, ամեն տարի անվճար դեղորայքի ձեռքբերմամբ՝ բժշկի դեղատոմսով, անվճար ատամնապրոթեզավորման՝ բացառությամբ պրոթեզի թանկարժեք մետաղից, անվճար առողջարանային ուղեգրերի ապահովման՝ ՀՀ կառավարության սահմանված կարգով»։ Օրենքի նախագծով նշվում է, որ այդ արտոնություններից օգտվում են նաև այն անձինք, որոնց հիվանդությունները պայմանավորված են նրանց ծնողների ճառագայթված լինելով։ Չեռնոբիլի ատոմակայանի աղետից տուժած ՀՀ քաղաքացիների թիվն այնքան էլ փոքր չէ, և, եթե դրան գումարում ենք նաև նրանց երեխաներին, որոնք իրենց ցանկացած հիվանդություն կարող են պայմանավորել իրենց ծնողների ճառագայթված լինելով, ապա կարելի է ասել, որ այն մարդկանց թիվը, ովքեր շահագրգռված կլինեն նման օրենքի ընդունմամբ, կարող է անցնել 10 հազարի սահմանը։ Այս մարդիկ, անկասկած, շահագրգռված կլինեն նման օրենքի ընդունմամբ, քանի որ կցանկանան պետության հաշվին առողջարան գնալ և պրոթեզ ունենալ, թեկուզ այն ոսկուց կամ պլատինից չլինի։
Ավետիս ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում