Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ես այլեւս ֆինանսի կարիք չունեմ». Կարեն Անդրեասյանը լիազորություններ է ուզում

Մայիս 29,2014 11:21

ՄԻՊ գրասենյակը 2013 թվականին «փոքրիկ ու համեստ» խնայողություններ է արել:

Այսօր խորհրդարանում, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը`2013 թվականի բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ: «Առաջին անգամ, գոնե իմ պաշտոնավարման ընթացքում, վերջին ամիսների ընթացքում մենք արդյունավետ էինք ոչ միայն դիմումների արձագանքման, այլև համակարգային խնդիրների լուծման հարցում: Այս միտումը դրական է»,- հավելեց Կարեն Անդրեասյանը:

ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը, դիմելով ՄԻՊ Կարեն Անդրեասյանին հետաքրքրվեց` ունի՞ արդյոք պաշտպանի գրասենյակը ուսումնասիրություն՝ ձեռնարկատիրական իրավունքի խաթարման, խոչընդոտման վերաբերյալ. «2012-13 թթ. երեք հազարից ավելի մանրածախ օբյեկտներ են փակվել` կրպակներ, շուկաներ, խանութներ: Այս տարվա առաջին եռամսյակում արդեն փակվել են 1600-ից ավելի օբյեկտներ… այսինքն` վերջին տարիներին ունենք 4500-5000 փակված օբյեկտներ: Պատճառները ես գիտեմ… արդյոք ունե՞ք վերլուծություն այն մասին, որ փաստորեն զանգվածաբար խաթարվում է մարդկանց ձեռնարկատիրական գործունեությունը»,- հետաքրքրվեց պատգամավորը` ավելացնելով, որ այս ամենի ետևում, բնական է, հազարավոր փակված աշխատատեղեր են:

Պաշտպանը ասաց, որ այս խնդիրներով զբաղվող խորհրդական ունի և անցած տարվա զեկույցում բավականին համակարգային ու մանրամասն ներկայացված են ձեռնարկատիրական այն խնդիրները, որոնց մատնացույց արեց ԲՀԿ-ական պատգամավորը: «Մենք հետևում ենք ոչ միայն դիմումներով, այլև ընդհանուր ուսումնասիրություններ ենք անում, ինչի պատճառով արժանանում ենք քննադատության, թե ՄԻՊ-ը գործունեության ստանդարտ ոլորտից դուրս է գալիս: Կարող եմ ասել, որ շատ քիչ են այն ձեռնարկատիրություններն ու գործարարները, որ դիմում են մեզ, թեև որոշակի առաջընթաց այսօր կա, քանի որ մի քանի տարի առաջ տարեկան մեկ-երկուսն էին նման խնդիրներով մեզ դիմում»,- ասաց Կարեն Անդրեասյանը:

Նա նաեւ հավելեց, որ շատ խնդիրների է բախվում, որոնք նույնիսկ բացատրելի չեն: «Վերջերս ուզում էինք ուսումնասիրել լոլիկի ներկրման և արտադրության հետ կապված որոշ խնդիրներ, դաշտն ուսումնասիրելու համար հարցում արեցինք ՊԵԿ-ին, բայց մեր հարցմանն ի պատասխան ՊԵԿ-ից արձագանքեցին, թե դա առևտրային գաղտնիք է… մինչդեռ պաշտպանի իրավասությունները նաև պետական գաղտնիքի տիրապետում են ենթադրում: Ինչևէ, սա իրավական վեճ է, որ շուտով կունենանք, որովհետև ինձ հասու է պետական գաղտնիքը»,- օրինակ բերեց նա ու իրավիճակը փորձեց բացատրել նաև ձևավորված ավանդույթներով, որովհետև «նախկինում ՄԻՊ-ը չի մտել Պաշտպանի համար ոչ ավանդական ոլորտներ»:

Միքայել Մելքումյանը հետաքրքրվեց` ի՞նչ օգնություն է ակնկալում պատգամավորներից ՄԻՊ-ը այս խնդիրների լուծման համար: «Մեր տնտեսական մրցակցության ու ձեռնարկատիրության խնդիրները ոչ այնքան օրենսդրության դաշտում են, այլ կիրարկման, ըստ իս, անհրաժեշտ է, որ վերահսկողություն լինի, թե ինչպես են կիրարկվում ձեր կողմից ընդունված օրենքները»,- արձագանքեց Կարեն Անդրեասյանն ու հավելեց, որ այս հարցը առանձին քննարկման արժանի է, իսկ ձեռնարկատիրության ոլորտի խնդիրների վերաբերյալ հույս հայտնեց, որ դրանց կվերադառնան ԱԺ լիագումար նիստում ՄԻՊ տարեկան զեկույցի քննարկման կոնտեքստում:

«Ես այլեւս ֆինանսի կարիք չունեմ, այսքանը, ինչքանը մեզ տրամադրվում է, բավարար է»,- ավելի ուշ, արդեն ՕԵԿ-ական Մհեր Շահգելդյանի հարցերին պատասխանելով, հայտարարեց Կարեն Անդրեասյանը: Այնուհանդերձ, ասաց, որ դիմելու է լիազորությունների վերանայման համար: Կարեն Անդրեասյանն, իհարկե, չհստակեցրեց, թե ի՞նչ լիազորություններ է ուզում, բայց ասաց, որ խոսքը գերլիազորությունների մասին չէ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031