2012-13 թվականների ընտրությունների ընթացքում ՄԻՊ գրասենյակի կարողությունների զարգացման համար ծախսվել է 74.801.60 դրամ: Այսօր խորհրդարանում, հանձնաժողովների համատեղ նիստում 2013 թվականի բյուջեի կատարողականի ժամանակ, ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտ Եսայանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանից հետաքրքրվեց`ինչի՞ վրա է ծախսվել այս գումարը, ընտրությունների ժամանակ ՄԻՊ գրասենյակի կարողությունները ինչպե՞ս են զարգացվել:
Կարեն Անդրեասյանը պարզաբանեց, որ այդ գումարը բյուջետային գումար չէ: Այն դրամաշնորհային ծրագիր է եղել, որով բացվել են ՄԻՊ-ի վեց մարզային գրասենյակները: «Ընտրությունների ծրագիրը մենք օգտագործել ենք, որ կարողանանք այդ գրասենյակները հիմնել եւ պահպանել: Հենց այդ ծախսերին էլ ուղղվել է այդ գումարը»,- պարզաբանեց Կարեն Անդրեասյանը`հավելելով, որ այժմ այդ գրասենյակները գոյատեւում են բյուջետային գումարներով:
Նա նաեւ հավելեց, որ այդ դրամաշնորհային ծրագրի գումարների մի մասն էլ ծախսվել է թեժ գծի եւ արագ արձագանքման ծառայությունների համար: Դրանք նույնպես ընտրությունների ժամանակ են ստեղծվել, բայց հիմա բյուջետային գումարներով են շարունակում գործել:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ