Շարքային արարատցու կյանքում ոչինչ չի փոխվի,
նա նորից մնալու է իր վարկերի ու տոկոսների տակ կքած
Արարատը Հայաստանի այն մարզն է, որտեղ մշտապես տարածքի համար «պատերազմներ» են մղվում: Տարբեր ժամանակներում այդ պայքարի հակադիր բարիկադներում են եղել տարբեր տրամաչափի պաշտոնյաներ՝ մարզպետներ, պատգամավորներ, գործարարներ, ոստիկանապետ եւ այլն, շատերն են եկել- գնացել՝ պաշտոնավարություններով ու պաշտոնանկություններով պայմանավորված: Ժամանակին տարածքային իշխանությունը երբեմնի մարզպետ եւ երբեմնի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի ձեռքին էր: Այդ ժամանակ Սարգսյանն էր որոշում, թե մարզի ո՛ր համայնքում ով էր «ընտրվելու» ղեկավար: Անգամ նրա հայրենի Կանաչուտ գյուղում «Ալիկ Սարգսյան» անվամբ փողոց անվանակոչվեց: Սարգսյանը, սակայն, իր մարզային իշխանությունը կորցրեց մարզպետի, այնուհետեւ՝ ՀՀ ոստիկանապետի աշխատասենյակները լքելուց հետո, թեեւ մինչ օրս մարզում շատերն են նրան որպես իրենց «թագավոր» ընդունում: Որպես կանոն, մարզում իշխողների շարքում կայուն մնայուն է եղել Հովիկ Աբրահամյանի անունը: Արարատյան տարածքի այս երկու պաշտոնյաների՝ Սարգսյանի եւ Աբրահամյանի հարաբերությունները գրեթե միշտ եղել են լարված: Անգամ այն բանից հետո, երբ Ալիկ Սարգսյանը ազատվել էր ոստիկանապետի պաշտոնից, Աբրահամյանը՝ ԱԺ նախագահի, նրանցից յուրաքանչյուրն էլ փորձում էր տարածքի ազգաբնակչությանը հասկացնել, որ ոչինչ չի փոխվել, եւ իրենք չեն կորցրել իրենց մարզային իշխանությունը: Այն ժամանակ, երբ Արարատի մարզպետն Էդիկ Բարսեղյանն էր, մամուլում լուրեր էին շրջանառվում, թե Հովիկ Աբրահամյանը մարզպետից պահանջել էր, որ մարզային միջոցառումների ժամանակ կամ իրեն հրավիրի, կամ Ալիկ Սարգսյանին, քանի որ չի ցանկանում նրա հետ նույն տարածքում գտնվել:
Դրանով նա անհարմար դրության մեջ էր դնում անշառ ու հաշտարար Էդիկ Բարսեղյանին: Մարզպետ Բարսեղյանն առանձնապես հույս չէր փայփայում մարզում թագավոր կարգվելու համար: Նույնը չի կարելի ասել նրան հաջորդողի՝ ներկայիս բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի մասին, որը մարզպետի աշխատասենյակ մտնելուն պես՝ սկսեց «մկանների ցուցադրումը»՝ առաջինը Արարատի քաղաքապետի ընտրություններում: Արարատում Գրիգորյան ախպերներ ասելով նկատի ունեն նախկին մարզպետական ընտանիքի եղբայրներին: Նախկին մարզպետ Գրիգորյանը պատվի հարց էր համարում իր մարզում կոտայքցի Գագիկ Ծառուկյանին հաղթելը: Ուստի ամեն հնարավոր ու անհնար, թույլատրելի ու անթույլատրելի միջոց գործի դրեց, որ Արարատի քաղաքապետի ընտրություններում հաղթի ՀՀԿ թեկնածուն՝ Հայկ Հայկյանը: Բայց այդ ամբողջ ջանքերի արդյունքը եղավ այն, որ Հայկյանը ընտրվեց ընդամենը 330 ձայնի առավելությամբ: Նրա մրցակիցը՝ ԲՀԿ-ական Սամվել Բարսեղյանը, ստացել էր 4214 քվե, իսկ Հայկյանը՝ 4544: Այս ոչ այնքան փառունակ հաղթանակը Գրիգորյանին պետք է հուշեր, որ իր մարզում ինքը դեռեւս հեղինակության խնդիր ուներ: Թեեւ նա իր մարզպետության կարճ ժամանակահատվածում պահը բաց չթողեց եւ հասցրեց իր հայրենի Ավշար գյուղում արագ-արագ գյուղապետի փոփոխություն կատարել եւ գյուղապետ դարձնել իր հարազատ եղբորը:
Բայց դրանով Գրիգորյանը չբավարարվեց, այլ անցավ իր ազգուտակին ու մերձավորներին աշխատանքով ապահովելով՝ աշխատանքից ազատելով տարբեր պաշտոնյաների, վարչության պետերի, մարզպետարանի աշխատակիցների, որոնք հիմնականում Հովիկ Աբրահամյանի մարդիկ էին: Ի՞նչ կպատկերացներ երիտասարդ մարզպետը, որ շուտով Հովիկ Աբրահամյանը դառնալու է հանրապետության վարչապետ: Գրիգորյանն ազատվեց մարզպետի պաշտոնից, բայց ավելի բարձր պաշտոնի գնաց՝ բնապահպանության նախարար: Իհարկե, Հովիկ Աբրահամյանը մեծահոգությունից չէր, որ իր մարդկանց գործազուրկ դարձնող մարդու պաշտոնն ավելի բարձրացրեց. Գրիգորյանների ընտանիքը, մասնավորապես՝ ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանը շատ մտերիմ է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որի մի ոտքը, ինչպես հաճախ կատակում են պաշտոնյաները, ՀՅԴ-ում է, մի ոտքը՝ ՀՀԿ-ում, բայց պաշտոնապես անկուսակցական է ներկայանում: Նա էլ ընտրությունների ժամանակ մեծ «ներդրումներ» է ունենում ՀՀԿ-ի օգտին:
Կարդացեք նաև
Արարատի մարզում մարզպետ դարձավ Ռուբիկ Աբրահամյանը: Ազգանունը շփոթեցնող է, եւ թվում է, թե նա Հովիկ Աբրահամյանի բարեկամն է: Իրականում Ռուբիկ Աբրահամյանն ու Հովիկ Աբրահամյանը ազգակցական ոչ մի կապ չունեն, բայց բավականին մտերիմ են, ուստի այդ նշանակումը պատահական չէր: Իսկ սա նշանակում է, որ մարզպետ Գրիգորյանի օրոք սասանված ու թուլացած Աբրահամյանների մարզային իշխանությունը կրկին վերականգնվում է: Այնթապցի Ռուբիկ Աբրահամյանը քաղաքականության մեջ դեռեւս նոր մարդ է, ինչն էլ մարզի ազգաբնակչությունը դրական է գնահատում՝ ասելով, որ դեռ քաղաքականությունը նրան չի ապականել: Ճանաչողները ընդհանուր առմամբ դրական են արտահայտվում նորանշանակ մարզպետի մասին: Իսկ թե ինչպիսի մարզպետ կլինի նա, եւ դրանից Արարատի մարզում ինչ դրական կամ բացասական տեղաշարժեր կլինեն՝ դժվար է կանխատեսել: Մի բան պարզ է, որ Արարատում հերթական կլանային իշխանափոխությունն է, ինչից շարքային արարատցու եւ հողագործ գյուղացու կյանքում, հավանաբար, էլի ոչինչ չի փոխվի, նա էլի մնալու է իր վարկերի ու տոկոսների տակ կքած:
ՆԱԻՐԱ ՎԱՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
28.05.2014