Լրահոս
Օրվա լրահոսը

Փոքրիկ Առնոյին Արամ Խաչատրյանը նկատեց

Մայիս 29,2014 14:11

Իսկ երիտասարդ դաշնակահար
Մարտին Շահբազյանը դեռ «բարի քեռու» չի հանդիպել

Անցյալ տարի Երեւանում կայացած «Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում մեծ հետաքրքրություն առաջացրեց կինովավերագրող Նիկոլայ Դավթյանի «Ստեղծագործելու բանաձեւ» ֆիլմը: Ֆիլմում հանգամանքների բերումով մի «բարի քեռի» հայտնվում է բացառիկ երաժշտական ունակություններով օժտված 5 տարեկան երեխայի կյանքում եւ այդ պահից «ձեռքից բռնած» «բարձրացնում» վեր: Այդ տաղանդավոր երեխան Առնո Բաբաջանյանն է, իսկ «բարի քեռին»՝ Արամ Խաչատրյանը: Մեկ այլ տաղանդավոր երեխայի դեպքում «բարի քեռի» չի հայտնվում:

Ռեժիսորը երկար փնտրտուքներից հետո Երեւանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում գտել էր մերօրյա պատանի դաշնակահարի՝ Մարտին Շահբազյանին եւ զուգահեռներ անցկացրել նրա եւ Առնո Բաբաջանյանի մանկության միջեւ: Երկուսն էլ 5 տարեկանում դաշնամուր չեն ունեցել եւ պատուհանագոգն են օգտագործել իբրեւ ստեղնաշար, երկուսն էլ, ինչպես ասվում է ֆիլմում, անառարկելի տաղանդավոր են, շատ են սիրում ֆուտբոլ ու շախմատ խաղալ: Երկուսն էլ 12 տարեկանում լավագույն դաշնակահար են ճանաչվել եւ այլն: Միայն մեկ տարբերություն կա. Առնոյին Արամ Խաչատրյանը նկատում է Երեւանում, իսկ Մարտինը ապրում էր Մոսկվայում՝ աննկատ «բարի քեռիներից»:

Առնո Բաբաջանյանը Երեւանում սովորել է Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտական դպրոցում, կոնսերվատորիայում, ապա ուսումը շարունակել Մոսկվայի կոնսերվատորիայում, իսկ Մարտինը Մոսկվայում ընդամենը մեկ տարի է սովորում երաժշտական դպրոցում, հետո, երբ նրա ընտանիքը տեղափոխվում է Երեւան, երեխան ուսանում է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում, այնուհետեւ՝ Չայկովսկու անվան դպրոցում: Երկու դպրոցում էլ նրա ուսուցիչը ճանաչված դաշնակահար, պրոֆեսոր Սվետլանա Դադյանն է: Այսօր Մարտինը 11-րդ դասարանում է:

«Ստեղծագործելու բանաձեւ» ֆիլմում ներկայացվում են նաեւ երկու երիտասարդների ստեղծագործական հաջողությունները: Այստեղ էլ տարբերություններ կան. պատանի Առնոն մասնակցում է միայն Խորհրդային Միությունում անցկացվող մրցույթներին, իսկ Մարտինը՝ նաեւ միջազգային: Երկու տարի առաջ Մոսկվայում կայացած «Բաց Եվրոպա» պատանի երաժիշտների մրցույթում, որն անցյալ տարվանից վերանվանվել է «Բաց մոլորակ», տարբեր անվանակարգերում մրցող 3000 մասնակիցներից Մարտինը զբաղեցրել է 3-րդ տեղը: Վերջերս էլ Թբիլիսիում պատանի դաշնակահարների 6-րդ միջազգային մրցույթում 9 երկրից 100 մասնակիցների թվում դարձել է դափնեկիր՝ գրավելով 3-րդ հորիզոնականը: Հայաստանից այս մրցույթին մասնակցում էր եւս 9 դաշնակահար: Մարտինը, որ շատ չի սիրում խոսել իր հաջողությունների մասին, առավել եւս՝ երբ իրեն տաղանդավոր են անվանում, «Առավոտին» ընդամենն ասաց, որ ժյուրիի անդամ, ամերիկաբնակ ճանաչված վրացի դաշնակահար Թեմուրի Ակոբաձեն առաջին փուլից հետո մոտեցել է իրեն ու ասել. «Բախի նման մեկնաբանում դեռեւս չեմ լսել, բրավո: Ես նույնիսկ 20 տարեկանում այդպես չէի զգում Բախին»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարում` կադր՝ «Ստեղծագործելու բանաձեւ» ֆիլմից:

«Առավոտ» օրաթերթ
28.05.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031