Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես բացառել պլագիատը

Մայիս 29,2014 13:45

Վերջերս «Առավոտում» ներկայացվեցին դիտարկումներ դոկտորանտուրայում առկա հիմնախնդիրների մասին, որտեղ, անշուշտ, որոշիչ դերակատարում ունի նաեւ պաշտպանության ներկայացվող ատենախոսությունների որակի գնահատումը: ԲՈՀ-ի կողմից գիտական աստիճանաշնորհման մերժման լուրջ պատճառաբանումներից մեկը հենց պլագիատն է: Գիտական հետազոտության յուրաքանչյուր ոլորտ պետք է ունենա պլագիատի եւ գրագողության որակումների սեփական չափորոշիչներն ու չափանիշները, որոնք դեռեւս չեն գործում մեր իրականությունում, եւ դրանով իսկ, ինչ-որ առումով վիճահարույց դարձնում ատենախոսությունների բեկանումը կամ կրկնակի պաշտպանության պահանջի ներկայացումը ՀՀ ԲՈՀ-ի կողմից:

«Պլագիատ» բառը (plagio) լատիներենից թարգմանչաբար նշանակում է գողություն: Հռոմեական իրավունքում այն ներկայացվում է որպես (plagium litterarium) գրագողություն, իսկ մեր օրերում` անձի կողմից ուրիշի մտավոր սեփականության իրավունքի անօրինական ինքնավերագրում, որը ենթարկվում է վարչական եւ անգամ քրեական պատասխանատվության: Անգամ եղել են դեպքեր, որ եվրոպական բարձրաստիճան պաշտոնյաներ հրաժարական են տվել՝ նախկինում պաշտպանած ատենախոսություններում իրենց կողմից կատարված պլագիատի պատճառով: Ատենախոսությունների էլեկտրոնային տարբերակների համացանց ներմուծումով՝ համակարգչային ծրագրերով հնարավորություն է ստեղծվում բացահայտելու պլագիատը եւ գրագողությունը: Սակայն մարդկային գործոնը՝ վերջիններս բնորոշելիս, պարտադիր է, քանի որ ցանկացած համակարգչային ծրագիր ընդամենը պլագիատ է համարում բնօրինակից զուտ արտատպումը՝ չկողմնորոշվելով պլագիատի ու գրագողության սահմանագծերում:

Բացի այդ, համակարգչային ծրագիրը պլագիատ է համարում նաեւ հայտնի եւ համընդհանուր բնորոշումներ եւ անգամ բառակապակցություններ, որոնք բազմիցս կրկնվում են հրատարակումներում: Եվ, վերջապես, համակարգչային ծրագրերով չի կարող բացահայտվել թարգմանչական պլագիատը, քանի որ թարգմանչական հնարքով շատ հեշտ է օտարալեզու աղբյուրի կրկնօրինակումը վերախմբագրված ներկայացումը: Ուստի այստեղ նույնպես բացառապես դերակատարում պետք է ունենա մարդկային գործոնը: Ավելին, կարելի է պլագիատի եւ գրագողության «համակարգչային բացահայտումներից» խուսափել՝ մայրենի լեզվով նյութը շարահյուսորեն վերամշակելով եւ վերախմբագրելով: Հետեւաբար, պլագիատի բացահայտումը չի կապվում տեքստի կրկնօրինակման աստիճանի կամ արտատպման հետ եւ չունի քանակական չափանիշ: Պլագիատի բացահայտման չափանիշը զուտ որակական է, քանի որ պլագիատը միայն առնչվում է այլ մտավոր աշխատանքի նորույթի բովանդակային վերարտադրության հետ, անկախ վերջինիս այլընտրանքային շարահյուսությունից կամ վերախմբագրված ներկայացումից, որին արդեն ի զորու է գնահատական տալ ոչ թե համակարգչային ծրագիրը, այլ հետազոտության ոլորտին քաջ ծանոթ գիտնականը:

Մեր իրականությունում մարդկային գործոնի դերկատարումն ատենախոսությունների որակի բացահայտման գործում, իմ կարծիքով, նույնպես կատարյալ չէ: Բերեմ ընդամենը մեկ օրինակ: «Հաշվապահական հաշվառում», «Վիճակագրություն» մասնագիտությունների ծածկագրերով հանրապետությունում մինչ այժմ պաշտպանվել է ընդամենը երկու դոկտորական ատենախոսություն, սակայն ներկայումս գործող մասնագիտական խորհուրդներում այդ երկու դոկտորներից եւ ոչ մեկը ներկայացված չէ: Այստեղից հարց է ծագում, որքանով արդյո՞ք որակյալ կհամարվեն այդ մասնագիտություններով պաշտպանվող ատենախոսությունները, առանց հիմնախնդրին առավել տեղեկացված մասնագետների կողմից տրվող գնահատականների:
Ընդհանրապես, ժամանակն է, որ գիտական աստիճանաշնորհման համակարգում ընդլայնվեն ակադեմիական ազատությունները, որը Բոլոնիայի գործընթացի պահանջն է: Արդյունքում կունենանք այն իրավիճակը, ինչը որ ձեւավորվել է արեւմտյան զարգացած երկրներում: Այնտեղ ատենախոսությունների գիտական աստիճանաշնորհման պատասխանատուն ոչ թե մասնագիտական խորհուրդն է, այլ դոկտորներով հագեցած մասնագիտական ամբիոնը:

ԱՐՄԵՆ ՃՈՒՂՈՒՐՅԱՆ
տնտեսագիտության դոկտոր,
պրոֆեսոր

«Առավոտ» օրաթերթ
28.05.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031