Հունիսի 1-ին` երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը սիրված երգիչ Հայկոն Չայկովսկու անվան երաժշտական դպրոցին կից վոկալ-էստրադային ստուդիայի իր սաների, ինչպես նաև «Հայաստանի ձայնը» նախագծի իր թիմի մասնակիցների ու Գյումրու «էսկադա» պարի թատրոնի հետ միասին բարեգործական համերգ կտա Գյումրիում: Համերգից ստացած հասույթը նա կփոխանցի «Բարեկամ» հիմնադրամի «Նվիրիր ինձ մանկություն» ծրագրին:
Նշենք, որ երգչի հետ համատեղ այս ծրագիրը նախաձեռնել է Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի մենեջեր Տիգրան Վիրաբյանը, որը և այսօր Aravot.am-ի հետ զրույցում որոշակի մանրամասներ ներկայացրեց իրենց անելիքների շուրջ:
Կարդացեք նաև
«Անցած տարի Հայկոն Չայկովսկու անվան երաժշտական դպրոցին կից վոկալ-էստրադային ստուդիայի սաների հետ բարեգործական համերգ տվեց Գյումրիում, որին մասնակցեցին Գյումրու մանկատների երեխաները: Շատ ջերմ մթնոլորտում անցավ համերգը, ու Հայկոն խոստացավ այն դարձնել ամենամյա: Ես այս տարի առաջարկեցի համագործակցել «Բարեկամ» հիմնադրամի հետ: Այս հիմնադրամը ստեղծել են մի խումբ ջահել, շատ հետաքրքիր տղաներ, որոնք տեսնելով, որ Գյումրիում սոցիալապես անապահովների շերտը շատ մեծ է, գնում են նրանց տները, հանդիպում փոքրերի հետ, հարցնում են` ի՞նչ երազանքներ ունեն ու իրենց տարած հարցաթերթիկների վրա շարադրում են երեխաների երազանքները: Այդ երազանքները երբեմն հեշտ իրագործելի են, կապված չեն շատ մեծ ֆինանսական ծախսերի հետ, այլ ընդամենը ցանկության հարցն են:
Սովորական ապրող մարդկանց տներում, որտեղ շատ խաղալիքներ կան ու երբեմն թափում են տեղ չլինելու պատճառով, իրենց այդ նույն խաղալիքը երազանք է մեկ այլ ընտանիքի երեխայի համար: Երեխաների ցանկությունները շատ տարբեր են` մեկը խաղալիք է ուզում, մեկը նոթբուք, մյուսը` հեծանիվ, մեկ ուրիշը երազում է իր դասընկերների հետ հավասար օգտվել դպրոցի բուֆետից…Այս ծրագրի նպատակն այն է, որ ամենամինիմալ լուծումը գտնենք քաղաքի ծայրամասային թաղամասերում, տնակներում, աղքատության մեջ բնակվող երեխաների համար կամ ինչպես ես եմ ասում`երեխաների երազանքները պարունակող հարցաթերթիկները պատռվեն: Նրանք մեղք չունեն, որ տնակներում են ծնվել, վստահ եմ, որ հենց այստեղ են մեր ապագա նկարիչները, երաժիշտները…
«Բարեկամ» հիմնադրամի հարյուրավոր այցերից պարզվել է, որ շատ երեխաներ ուզում են գնալ նկարչական դպրոց, սակայն վարձավճար չունեն, նկարչական պարագաներ չունեն, մեկը երազում է դաշնամուր ունենալ, այսօր դա այնքան էլ թանկ չէ` 20-50 հազար դրամով կարելի է ձեռք բերել, բայց այդ երեխայի տարիների երազանքն է: Չպիտի թողնենք, որ արվեստի, գիտության մարդը մահանա տնակներում, ես վստահ եմ, որ մեր ազգի պետքական մարդիկ հենց էդ տնակներում են…
Նրանց աչքերը էնքան պայծառ են, իրենց անգլուխ տիկնիկով շատ ավելի ուրախ են, քան մյուս ընտանիքների հազարավոր տիկնիկ ունեցող երեխաները: Եվ վերջապես այս ծրագրի նպատակն այն է ,որ մարդիկ իրենց միայնակ չզգան: Քաղաքը պիտի իր ձեռքը վերցնի իր թասիբը, կարևորն այն է, որ բոլորս մասնակցենք այս ծրագրին մեր հնարավորություններով, մեր ծանոթություններով, հասկանանք, որ սա միայն իմ, քո, մյուսի խնդիրը չէ, այլ ամբողջ քաղաքի: Գյումրեցիները սկսել են օգնել մեզ, գյումրեցի գործարարներն են արդեն մասնակցում: էնքան հպարտ եմ, որ «Բարեկամ» հիմնադրամը ստեղծած երիտասարդները միայն իրենց երիտասարդական կյանքով չեն ապրում, նրանք ուրիշի խնդիրը դարձրել են իրենց խնդիրը: Հպարտ եմ, որ Հայկոյի պես արտիստ կա, որը մեծ ուշադրություն է դարձնում Գյումրիին, շատ է սիրում Գյումրին և որտեղ բարեգործություն, նա առաջինն է: Ցանկացած մեկս պիտի պարտավորված զգանք մեր հնարավորությունների սահմաններում օգնել դիմացինին, այլևս թաքցնելու ոչինչ չունենք,պիտի բարձրաձայնենք ու լուծում փնտրենք:
Գյումրու քաղաքապետն էլ իր փոքր օժանդակությունը ցուցաբերեց, նա թատրոնի վարձավճարը տվեց: Օգնում է «Ցայգ» հեռուստաընկերությունը ու նաև «Ռադիոհայ Գյումրի»-ն` ինֆորմացիոն հովանավոր դառնալով: Վստահ եմ, որ այս օգնությունը գլոբալ կդառնա, քաղաքի, մարզի ունեցած գումարները ավելի նպատակային կօգտագործվեն, հնարավորությունները ավելի ճիշտ կօգտագործվեն: Ամեն մարդ, մասնակցելով նման ակցիայի, իր երեխայի, իր խղճի հանդեպ մաքուր կլինի, մարդիկ պիտի ապրեն միմյանց մասին հոգ տանելով»:
Մեր զրուցակիցն ասաց, որ միայն այս համերգով չեն սահմանափակվի իրենց բարեգործությունը, թեև այս համերգի վաճառքի համար տպագրված տոմսերը սպառման փուլում են, կան նաև հրավիրատոմսեր մանկատների երեխաների համար:
Մանրամասները` տեսանյութում:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ