Այսօր Հանրապետության օրվա՝ մայիսի 28-ի առիթով «Հայազն» կուսակցությունն Ազատության հրապարակում հրավիրված մամուլի ասուլիսին ամփոփեց մայիսի 6-ից մեկնարկած ստորագրահավաքի արդյունքները: Այն վերաբերում էր ՀՀ ինքնիշխանությանը՝ Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու համատեքստում: Կուսակցության վարչության անդամ Արմեն Աղայանը նշեց, որ հարցմանը մասնակցած անձանց 2/3-ը կողմ էին մնալ ինքնիշխան և չանդամակցել որևէ վերպետական միության: Նրանց կեսն էլ իրենց կոորդինատներն են թողել, որպեսզի բողոքի ակցիա կազմակերպելու պարագայում իրենց ևս հրավիրեն մասնակցելու:
Պարոն Աղայանը նշեց նաև, որ իրենց առջև խնդիր են դրել փոխել օրակարգը, որը մինչ այժմ ձևակերպվում էր՝ որպես «ՀՀ-ն պիտի անդամակցի Եվրամիությա՞նը, թե՞ Եվրասիական միությանը»: Այնուհետև շեշտեց. «Օրակարգը պետք է ձևակերպել այնպես, թե ՀՀ-ն պիտի լինի ինքնիշխան պետությո՞ւն, թե՞ հրաժարվի ինքնիշխանությունից և տեղավորվի ինչ-որ գլոբալ համակարգի մեջ՝ ապահովելով կեղծ բարեկեցություն: Հարցադրման փոփոխության արդյունքում ՀՀ-ում օտարամոլների բանակը կտրուկ կնվազի»:
«Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Հովհաննիսյանը մտահոգություն հայտնեց, թե մայիսի 28-ը հաճախ կեղծ տոնակատարություններով են նշում ու հավելեց. «Պաշտոնապես գումարներ են ծախսում միջոցառումների համար՝ կապված անկախության հետ, բայց գնալ ստորագրել փորձել ԵվրաԶես մտնելը ցույց է տալիս, որ մեզանում կա երկփեղկվածություն՝ մեր էության և նպատակի միջև»: Այնուհետև շեշտեց, թե Մաքսային միությանն անդամակցելու հակափաստարկները պետք է ժողովրդի համար հասկանալի ձևակերպումներ ստանան ու մանրամասնեց. «Ոմանք ասում են, թե անվտանգության տեսանկյունից է ձեռնտու Մաքսային միության անդամակցումը, որ եթե ՌԴ-ի հետ հարաբերություններն այնքան վատանան, որ իրենք բազան տանեն, Ադրբեջանը կսկսի հարձակումները: Պետք է ժողովրդին բացատրել, որ կարելի է մեր ազգային անվտանգությունը կազմակերպել այնպես, որ որևէ բանակ չպետք է գա մեզ փրկի: Կամ ասում են՝ ոչ գազ ունենք, ոչ նավթ: Ծիծաղել է այդ փաստարկը. աշխարհի ամենակայացած պետությունները ոչ գազ ունեն, ոչ նավթ»:
Aravot.am-ի դիտարկմանը, թե հակառակ բոլոր այն հարցումների արդյունքների, որոնք բացահայտում են, որ հանրությունը դեմ է Մաքսային միության անդամակցությանը, ՀՀ իշխանությունները հայտարարում են Մաքսային միությանն անդամակցելու մասին, պարոն Հովհաննիսյանը պատասխանեց. «Այս իշխանությունը ոչ թե չի ուզում և չի կարող արտահայտել ժողովրդի կարծիքն ու ազգային շահը, այլ դա բխում է նրա կազմավորման ձևից, գաղափարախոսությունից, դասակարգային պատկանելությունից, պահվածքից: Նրանք չունեն հնարավորություն, որ դիմեն մեզ, իմանան մեր կարծիքն ու գործեն ըստ այդ կարծիքի: Նրանք պիտի մտածեն իրենց շահերը սպասարկելու և կաշին փրկելու մասին ոչ թե արտաքին վտանգներից, այլ ժողովրդից, որ բազմաթիվ հարցադրումներ ունի նրանց»:
Կարդացեք նաև
Արմեն Աղայանը այս առիթով հավելեց. «Վերջին շրջանում իրենք իրենց սեփական, անձնական շահից բխող կարծիքն էլ ի վիճակի չեն արտահայտել: Տեսանք, թե ինչ պատրաստություն էին տեսնում ԵՄ անդամակցելու հետ կապված, հետո կտրուկ փոփոխություն դեպի Մաքսային միություն, որին հաջորդեցին տարօրինակ քվեարկությունները»:Մեր հարցին՝ տարօրինակ չէ՞, որ Մաքսային միության անդամակցության գործընթացը ձգձգվում է, պարոն Աղայանն արձագանքեց. «Մաքսային միությունը և ապագա Եվրասիական միությունը դեռ չստեղծված ներքին հակասություններ կան: Երանի՝ ՀՀ-ի չանդամակցելը լիներ մեր որոշմամբ, բայց հիմա, եթե չանդամակցենք, կստացվի հանգամանքների բերումով չենք անդամակցել: Մեր ղեկավարությունը ադեկվատությունը կորցրել է, և ինտեգրացիոն լուծումները դրսից տղա բերելու և դրսից լեգիտիմություն ձեռք բերելու համար են նախաձեռնում, փոխանակ զբաղվեն ներքին խնդիրներով և ամրացնեն ներքին իշխանությունը»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ