Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Արսեն Առաքելյանը, մեկ է, մի օր կնոջը կսպաներ»

Մայիս 28,2014 18:33

2 անչափահաս երեխաներին մորից զրկելու համար մեղադրյալ Արսեն Առաքելյանի դատավարությունն էր երեկ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Անցյալ տարի օգոստոսին մեղադրյալն իր եղբոր բնակարանում դանակի բազմաթիվ հարվածներով սպանել է կնոջը` Լուսինե Դավթյանին, դեպքին ականատես է եղել նրանց դուստրը, սպանության վայրում են եղել նաեւ Արսենի հարազատները:

Դատարանում տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Արսեն Առաքելյանի փաստաբանը երեկ դատական նիստին փորձել է ինչ-որ հանգամանքներ ներկայացնել, որ իբր թե կնոջը սպանելու շարժառիթը խանդն ու կնոջ պահվածքն է եղել: Դատարանում պաշտպանվող կողմի ներկայացրած տվյալներով, ինչպես պատմեց Սեդա Սաֆարյանը, սպանությանը նախորդող օրը ամուսինների միջեւ զրույց է եղել, իբրեւ թե Լուսինե Դավթյանը մեկ ամիս ժամանակ է խնդել, որպեսզի մտածի` ընտանիքը վերականգնելու հեռանկար ունի՞ թե` ոչ. «Այդ ընթացքում իբր թե Արսեն Առաքելյանը հարցրել է Լուսինե Դավթյանին` ի՞նչ իմանամ էս մեկ ամսում ի՞նչ կանես, նա էլ ասել է` եթե դու այսպես շարունակես, ինչ կուզեմ կանեմ, իբր թե կդավաճանի, սա է նկատի ունեցել մեղադրյալը»: Ըստ տիկին Սաֆարյանի, այս հանգամանքները չապացուցվեցին եւ չհիմնավորվեցին դատարանում:

Լուսինե Դավթյանի մայրը, նման արհեստածին փաստեր ներկայացնելու համար իր վրդովմունքն է արտահայտել դատարանում, տիկին Սաֆարյանի պատմելով` «Մայրը շատ բորբոքվեց, որ հերիք չէ աղջկա կյանքը խլել է, երեխաներին անմայր թողել, հիմա էլ աղջկան փորձում է վարկաբեկել: Դատավորը Լուսինեի մորը դուրս հրավիրեց նիստերի դահլիճից»:

Նախորդ դատական նիստին էլ Լուսինե Դավթյանի ազգականները, տեսնելով մեղադրյալի եղբորն ու մորը, աղմուկ էին բարձրացրել դատարանում ու անեծքներ էին տալիս Արսեն Առաքելյանին:

Aravot.am-ի հարցին, թե դեպքի օրն ինչ հոգեվիճակում է եղել մեղադրյալը, գուցե խանդից դրդված անկառավարելի է եղել, տիկին Սաֆարյանն ասաց. «Պաշտպանվող կողմը փորձում է ներկայացնել, որ խանդի հողի վրա է եղել սպանությունը, իբր Արսեն Առաքելյանը կնոջ տարօրինակ վարքը պայմանավորել է, թե կինը հավատա, որ ինչ-որ մեկին ունեցել է, սա չի ապացուցվել, այո, պատասխանատվությունից խուսափելու համար մեղմացուցիչ հանգամանքներ են փորձում ներկայացնել: Արսեն Առաքելյանի մոտ իրականում անկառավարելի հոգեկան վիճակ լիներ, դա ուրիշ բան, բայց նա նախապես դանակը իրենց տնակից վերցրել ու տարել է եղբոր բնակարան: Նա ի սկզբանե վնասելու դիտավորություն է ունեցել: Պարզապես այսպես է դրած եղել` ինձ կմիանաս` կմիանաս, չմիանաս` հաստատ կյանքիդ կսպառնամ: Ուսումնասիրելով մեղադրյալի` այդ օրվա վարքագիծը, ապա պարզ է դառնում, ու ես պնդում եմ` եթե այդ օրն էլ չսպաներ, միեւնույն է մի օր սպանելու էր»:

Անչափահաս երեխաներն այժմ մայրական տատիկ-պապիկի խնամքին են, հոր անունը չեն ուզում լսել, հայրական կողմի ազգականներին էլ չեն ուզում տեսնել: Տիկին Սաֆարյանի խոսքերով` Արսեն Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել «Քրեական օրենսգրքի» 104 հոդվածով, նրան սպառնում է 8-15 տարի ազատազրկում. մեղադրական կողմը միջնորդել է դատապարտել 11 տարվա ազատազրկմամբ:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031