Լրահոս
Օրվա լրահոսը

«Միակողմանի քաղաքականությունը մեզ կկանգնեցնի շատ լուրջ խնդիրների առջև». պատմաբան

Մայիս 28,2014 18:20

«Հայաստանի առաջին հանրապետության կործանման ամենամեծ պատճառներից մեկն այն էր, որ Հայաստանը վարում էր միակողմանի քաղաքականություն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի տեսակետ արտահայտեց ԵՊՀ դասախոս, պատմական գիտությունների թեկնածու Գևորգ Մելքոնյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Եվրասիական միության հետ Հայաստանի միավորումը մեզ ևս մեկ անգամ չի՞ կանգնեցնի հանրապետության կորստի առջև:

«Միակողմանի քաղաքականությունը մեզ կկանգնեցնի շատ լուրջ խնդիրների առջև,- շարունակեց բանախոսը,- եթե մենք կոշտ քայլերով դեմ գնանք Հյուսիսին կամ Եվրոպային, այդ քայլերն անպայմանորեն կանդրադառնան մեր այսօրվա դրության վրա: Հիմա, երբ մենք մեր երկու հարևանների՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ չլուծված շատ լուրջ խնդիրներ ունենք, ես կարծում եմ, որ նպատակահարմար կլինի, եթե մեր դաշնակցային հարաբերությունները շարունակենք ՌԴ-ի հետ, բայց և միաժամանակ շատ ակտիվ քաղաքականություն վարենք Եվրոպայի հետ: Չպետք է մոռանանք, որ մենք այսօր ունենք Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդիր, և եթե գնանք միակողմանի քաղաքականության, բնականաբար, միջազգային ասպարեզում դա կբերի Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի դադարեցման»:

Պատմաբանն անդրադարձավ նաև նախագահ Ս. Սարգսյանի այն հայտարարությանը, որ հաջորդ տարի՝ ցեղասպանության 100-ամյա տարելիցին, Հայաստան կհրավիրի Թուրքիայի Հանրապետության նախագահին:

«Թուրքիայի Հանրապետության նախագահին հրավիրելը շատ ճիշտ դիվանագիտական քայլ է,- կարծում է Գ. Մելքոնյանը:- Տեսեք, մենք ևս մեկ անգամ քայլ ենք անում և միջազգային հանրությանը ցույց ենք տալիս, որ պատրաստ ենք գնալու երկխոսության, պատրաստ ենք համագործակցելու, բայց այդ համագործակցության հիմքում միանշանակ դրված է Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը»:

Պատմաբանը, սակայն, համոզված է, որ Թուրքիայի ներկայիս իշխանություններն առաջիկայում որևէ քայլ չեն անի ցեղասպանության ճանաչման ուղղությամբ. «Չեմ կարծում, որ 100-ամյակին ընդառաջ՝ Թուրքիայի Հանրապետության նախագահը կամ վարչապետը կգա ու կխոնարհվի ցեղասպանության զոհերի հիշատակի առջև»,- ասաց Գ. Մելքոնյանը:

 

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Անահիտ (ԵՊՀ դասախոս) says:

    Եթե չես կարծում, որցկգան, ապա ինչպես ես հրավեքը ճիշտ քայլ համարում. Թե ինքնանպատակ օդում փուչիկ ես պայթեցնում…

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031